Թրա՞մփ, թե՞ Բայդեն՝ ոչ մի տարբերություն, կամ հայերը՝ մուրճի ու մեխի արանքում

Թրա՞մփ, թե՞ Բայդեն՝ ոչ մի տարբերություն, կամ հայերը՝ մուրճի ու մեխի արանքում

Հարցազրույց ռեժիսոր, սցենարիստ, ամերիկյան գրող եւ ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ Համլետ Սարգսյանի հետ (անցած տարի լույս տեսավ նրա  «Lovers in the fog»՝  «Սիրահարները՝ մշուշում» գիրքը)։

- Ինչ կտա՞, Ձեր կարծիքով, ԱՄՆ նախագահի այս կամ այն թեկնածուի ընտրությունը Հայաստանին ու Արցախին։ Ջո Բայդենը, օրինակ, հայտարարեց, որ Թուրքիան եւ մյուս երկրները չպետք է միջամտեն արցախյան հակամարտությանը։ Ի՞նչ եք կարծում՝ դեմոկրատ Բայդենի թեկնածությունն ի՞նչ կտա Հայաստանին, Արցախին ու արցախյան հարցի կարգավորմանը։

- Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ եւ այդ իսկ պատճառով շուրջ 30 տարի ոչ մի հարաբերություն չի կնքել ԱՄՆ-ի հետ։ Կապեր չկան՝ ո՛չ մշակութային, ո՛չ դիպլոմատիկ։ Ամերիկացիները միայն հումանիտար ձեւով են Հայաստանին օգնություններ տրամադրում, չնայած որ կառավարող շրջանակներում ատում են Էրդողանին, իսկ Թուրքիայի ամերիկյան բազան ամերիկյան զինվորականների համար ոչ ապահով վայր է, իրենք բազայից դուրս ման գալ վախենում են։ Կա նման հրաման՝ դուրս չգալ։ Բայց քանի որ մենք դաշնակցային հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, եւ մեր նախկին դավաճան ղեկավարներից որեւէ մեկը չի փորձել հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, ամերիկացիները համարում են, որ իրենց ձեռքերը կապված են։ Նույնը համարում է Թրամփը՝ համարելով, որ Հայաստանը ռուսական տերիտորիայում է, ու պարզ երեւում է նաեւ, որ ուղղակի հետաքրքրված չէ այդ հարցով՝ սա չկա իր արտաքին քաղաքականության մեջ։ Նաեւ Թրամփը ցանկանում է Պուտինի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Ինչ վերաբերում է Բայդենին, որն անընդհատ ասում է, որ ԱՄՆ ռազմավարական թշնամիները ռուսներն ու չինացիներն են, ապա իր գալու դեպքում ամերիկյան արտաքին քաղաքականությունը լինելու է էլ ավելի հակառուսական։ Իսկ եթե եղավ ավելի հակառուսական, մեզ նայելու են որպես ռուսական դաշինքի անդամի եւ խառնվելու պատճառ չեն տեսնելու։ Մենք, ինչպես հայերն են ասում, մեխի ու մուրճի արանքում ենք՝ մեր նախկին ղեկավարների հիմար ու տգետ քաղաքականության պատճառով։

- Ասում եք՝ նախկինները, բայց տարիներ առաջ Հայաստան էին այցելում պետքարտուղարներ, իսկ 2018 թվականից հետո ամերիկյան բարձրաստիճան որեւէ պաշտոնյա չի այցելել Հայաստան, բացառությամբ Թրամփի՝ արտաքին հարցերով այն ժամանակվա խորհրդական Բոլթոնի, որը դասական իմաստով կաբինետի անդամ չէ։ Ինչո՞ւ իշխանությունների փոփոխությունը չտպավորեց ամերիկացիներին, հիշո՞ւմ եք՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է։

- Համաձայն եմ, որ դա բացթողում էր, եւ կարծում եմ՝ շատ ավելի լուրջ վերաբերմունք էր պետք ցույց տալ՝ ամերիկյան կառավարության հետ կապեր հաստատելու համար։ Իսկ դրա համար պետք էր ունենալ ծրագիր․ Հայաստանում ամերիկյան մշակույթի օրեր անցկացնել, կոնգրեսմեններ ու սենատորներ հրավիրվեին Հայաստան, Հայաստանում սեմինարներ անցկացվեին, ներգրավել ավետարանական՝ բողոքական քրիստոնյաներին, որոնք ԱՄՆ-ում մի հզոր ուժ են եւ 80 միլիոն են։ Ի դեպ, Իսրայելը, լինելով ոչ քրիստոնյա երկիր, նրանց բոլորին տանում էր իր երկիրը՝ իր տաճարները, Քրիստոսի վայրերը ցույց տալու հրավերներով, եւ կապեց իրեն եւ found raising-ներ արեց՝ հսկայական փողեր հավաքելով․․․ Տարբեր ծրագրեր, որովհետեւ առայսօր ամերիկյան ժողովրդի գիտակցության մեջ Հայաստանը գոյություն չունի։ Իրենք միայն գիտեն անձնապես հայերի, որոնց հետ դպրոց են գնացել։ Դա պետք է արվեր պետականորեն մշակված՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն իրար կապելու ծրագրով։ Պետք էր ունենալ այդ ծրագիրը։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թե՛ ժամանակը չունեցավ, թե՛ նաեւ կիսատ թողեց՝ չգնաց մինչեւ վերջ, որ արդարադատական համակարգը փոխեր, Եվրոպայի ու Միացյալ Նահագների հետ կապերը խորացներ։ Չստացվեց․․․ որովհետեւ ինքն ընկավ էդ գոյատեւման պայքարի մեջ՝ էդ 5-րդ շարասյան հետ, որը հետ եկավ ռուսական ԿԳԲ-ի հետ։ Եվ, ինչպես տեսաք Խոդորկովսկու «Դոսյե»-ից, այդ համակարգն ամբողջությամբ աշխատում է։ Հետո՝ մի սխալ բան եղավ․ մեզ պետք էր, որ Հայաստան-Սփյուռք կապերն ավելի խորանային։ Այսինքն՝ մեզ պետք էր ոչ թե Սփյուռքի մի կոմիտե, մեզ պետք էր 10 հատ․ մեկը՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, այստեղ, այնտեղ․․․ պետք էր Սփյուռքի ներուժը հասկանալ, բայց մենք պառակտված մնացինք։ Հիմա, այս պատերազմի հողի վրա, մենք, ինչպես գիտեք, 350 հազար հայերովս, ցույց արեցինք Լոս Անջելեսում։ Նման բան չէր եղել Լոս Անջելեսում։ Եվ էդ կապը, որ հայերի մեջ հաստատվեց պատերազմից հետո, էդ կապի վրա պետք էր աշխատել։ 

- Բայց, մյուս կողմից, տեսնում ենք, որ հետխորհրդային Հայաստանում ամերիկյան դեսպանատունն ամենամեծն է դեսպանատներից։ 

- Ինչո՞ւ են ամերիկացիները կառուցել Հայաստանում ամենամեծ դեսպանատունը․ որովհետեւ իրենք Հայաստանն ավելի ստաբիլ երկիր են համարում, քան Վրաստանը։ Զարմանալի է դա հնչում այն Հայաստանի համար, որը միշտ կիսապատերազմական վիճակում է, բայց ամերիկացիներն այդպես են կարծում, որովհետեւ Վրաստանը մեզ նման մոնոէթնիկ չէ ու ամեն րոպե կարող է պայթել։ Ես կարդացել եմ Պենտագոնի «ռեփորթները»՝ ռուս-վրացական պատերազմի մասին, որում նրանք արձանագրում են, որ վրացիները լքել էին իրենց սպանվածների մարմինները եւ գնացել։ Եվ ամերիկյան ջոկատայիններն են, որ գնացել ու բերել էին վրացիների դիակները։ Հենց այդ նույն պատճառով էլ չինացիներն են իրենց դեսպանատունը կառուցում՝ ապահովությունից ելնելով։ Ասեմ, որ առաջին նախագահը, որ ԽՍՀՄ տարածքից հրավիրվել է ԱՄՆ, եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Եթե գանք ամերիկյան պլաններին, մի օրինակ էլ կարող եմ բերել, որն ինձ պատմել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ ու Բուշ հոր մոտ ընկեր Ջորջ Դոքմեջյանի օգնականներից մեկը, եւ կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն ուներ պլան։ Իրենց պլանն էր՝ Հայաստանն էդ ռեգիոնում դարձնել ամերիկյան ազդեցության խարիսխ։ Որոշել էին Հայաստանի տնտեսության ու ենթակառուցվածքների մեջ միլիարդավոր փողեր դնել, օտարերկրյա բանկեր եւ այլն բերել Հայաստան, նաեւ մտածում էին, որ ամերիկահայությունը կսերտացնի Հայաստանի հետ կապերը, եւ այն կվերածվի դեմոկրատիայի կղզյակի ու ամերիկացիների կենտրոնի։ Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստան վերադառնալուց հետո անմիջապես աշխատանքում վերականգնեց ԿԳԲ-ի նախկին աշխատողներին ու Հայաստանը տեղափոխեց դեպի ռուսական ատմոսֆերա։ Ինքն ու Վազգեն Մանուկյանը։ Կարծում եմ՝ դա ամենահրեշավոր բանն էր, որ արվեց, եւ մենք նման հրաշալի հնարավորությունը կորցրինք։ Եվ կարծում եմ՝ էդ կարգի վարվելակերպի պատճառն է, որ մենք էսօր պատերազմի մեջ ենք։

- Ամեն դեպքում, հայ համայնքի նախապատվության մասին ի՞նչ կարող եք ասել՝ Թրա՞մփ, թե՞ Բայդեն։

- Գիտեք, Թրամփ պաշտպանողների մոտ վերջին շրջանում հիասթափություն կա, եւ Թրամփը կորցրեց շատ հայկական ձայներ։ Շատ հայեր չեն կարողանա, իրենց խղճի դեմ գնալով, մանավանդ էս պատերազմական վիճակում, իրենց քվեն տալ մի մարդու, որն անտարբեր է իրենց հայրենիքի նկատմամբ։ Կարծում եմ՝ հայերի մեծ մասը կքվեարկի Բայդենի օգտին, բայց կարծում եմ՝ նրա հետ էլ պետք չէ մեծ հույսեր կապել։ Մենք հիմա մի անելիք ունենք՝ մի բռունցք դառնալ եւ հաղթել էս պատերազմը։ Դրանից հետո նոր պետք է անցնել այդ հայ-ամերիկյան կապի ստեղծմանը, որովհետեւ պոտենցիալը մեծ է։ ԱՄՆ 450 կոնգրեսմեններից մոտ 100-ը հայերին սիրում են, հայ մարդկանց գիտեն, հայ ընկերներ են ունեցել։

- Հիմա Հայաստանն ու Արցախը շատ են կարեւորում Արցախի ճանաչումը։ Հնարավոր համարո՞ւմ եք դա։

- Չեմ կարծում։ Եթե ճանաչեն, նշանակում է՝ մտնում են պատերազմական իրավիճակի մեջ Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանի պատճառով՝ Թուրքիայի հետ։ Դա լինելու է մի պատերազմական ակտի նման բան։ Չեն ուզենալու անել, իրենք չեն ուզում Էրդողանի հետ գնալ կոնֆրոնտացիայի։ Իրենք ուզում են այս հարցը բանակցությունների, կոմպրոմիսների միջոցով լուծել։ Եթե հայկական բանակը մարտի դաշտում ջարդ տվեց ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական բանակին, որ նրանք ուշքի չգան, էն ժամանակ տեսնում եմ մեծ ստրատեգիական փոփոխություն։ Բայց քանի դեռ մեր բանակը պաշտպանվողի կարգավիճակում է, մենք միայն պաշտպանվում ենք, դա չի լինելու, բոլորը միայն հումանիտար եւ զգացմունքային տոնով են խոսելու։ 
Սա ամերիկյան մտածողություն է, իրենք այդպես են վարվել Իրաքում, Աֆղանստանում, եւ մեր հաղթելու դեպքում դաշնակիցների պակաս չենք ունենալու։ Բայց հիմա նաեւ շատ կարեւոր է երկրորդ սցենարին նախապատրաստվելը, որովհետեւ եթե սկսեցինք հաղթել, կասկած չունեմ, որ այդ պարագայում Ադրբեջանի կառավարությունը, արդեն օֆիցիալ, օգնության է կանչելու Թուրքիային։ Նրանք դա են հիմա նախապատրաստում։ Թուրքական բոլոր ԶԼՄ-ներով այդ շովինիստական վայնասունն է։

- Նիկոլ Փաշինյանի այն մեսիջը, որ եթե հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած թուրքերին չկանգնեցնեք, նրանց սպասեք Վիեննայի մատույցներում, տեղ հասա՞վ։ Նույն ԱՄՆ-ում։

- Այո։ Երբեք հանրային կարծիքն  մեր կողմում չի եղել այնքան, որքան հիմա։ Ողջ Արեւմտյան Եվրոպա եւ ԱՄՆ, Կանադա` հանրային կարծիքը մեր կողմում է։ Եվ բոլորն ատելություն ու զզվանք ունեն Էրդողանի հանդեպ, որովհետեւ նույն Եվրոպան, որն այսօր ոնց որ եռացող կաթսայի վրա է նստած, սա շատ լավ տեսնում է ու հասկանում։ Իրենք տեսնում են, բայց որքա՞ն կգնան։ Դա էր պատճառը, որ Էմանուել Մակրոնն այդքան կտրուկ ու անվերապահ խոսեց Էրդողանի մասին։ Թեեւ սա, այո, դեռ բարոյական մակարդակում է։