Գնացել էի աղբը մուծելու

Գնացել էի աղբը մուծելու

Երեկ գնացել էի թաղապետարան՝ թանկացումից հետո  ճշտելու աղբի ու գույքահարկի չափերը։ Աղբինը չկար, ասում էին՝ փետրվարի վերջում, գույքահարկինը կար։ Մի ահավոր վիճակ էր։ Ինձ նման շատերն էլ էին եկել ճշտելու։ Ասում էին՝ չենք կարող միանգամից մուծել, մաս- մաս պիտի մուծենք։ Անեծքներն ու հայհոյանքները լսեիք։ Երբևէ որևէ իշխանության օրոք նման անեծքներ ու հայհոյանքներ չեմ լսել ղեկավարի հասցեին։ Աշխատակիցը, որից ճշտում էին, փակել էր ականջները և համարյա գոռում էր՝ չգիտեմ, չգիտեմ, ես չեմ թանկացրել։ Մեկը գոռում էր, որ 75 տոկոս են ասել, բայց իր գույքահարկը երեք անգամ են թանկացրել։ Աշխատակիցն ասում էր, որ երևի շփոթմունք է եղել, մյուսը՝ մեր տարածքները հանձնելուց էր խոսում․․․ Ամենահետաքրքիրը աղբի պահն էր, որը դեռ  չկար։

Ասում էին բարդ աշխատանք է, ճշտում են բնակելի մակերեսի քառակուսիները։ Մարդիկ ամենայն լրջությամբ տարակուսում էին՝ երևի դա էլ են հանձնելու համար ճշտում։ Ինչևէ։ Հանկարծ հիշեցի Թրամփին, որ Վիսկոնսինում նախընտրական հանրահավաքից առաջ շրջել էր աղբատար մեքենայով։ Հիշեցի նրա խոսքերը՝ ուղղված Բայդենին․  «Դուք չեք կարող առաջնորդել Ամերիկան, եթե չեք սիրում ամերիկացիներին... Եվ չեք կարող նախագահ լինել, եթե ատում եք ամերիկացիներին»։ Մարդկանց գերդժգոհությունը, վրդովմունքը խմբավորել, մտածում եմ, որ մեզ մի Թրամփ է պետք, որ աղբատար մեքենայով Հայաստանում շրջի ու ասի՝ Դուք չեք կարող առաջնորդել Հայաստանը, եթե չեք սիրում հայերին։ Եվ չեք կարող վարչապետ լինել, եթե ատում եք հայերին։