Չի կարելի երկրի ղեկավարին փողոցում հավաքված մարդկանց վանկարկումների ազդեցության տակ որոշումներ ընդունել

Չի կարելի երկրի ղեկավարին փողոցում հավաքված մարդկանց վանկարկումների ազդեցության տակ որոշումներ ընդունել

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ զրուցեցինք անմիջապես Փաշինյանի ցուցադրական երթից հետո: 

- Փաշինյանն ասում  է, ժողովուրդը իմ հրաժարականը չի պահանջում, իսկ 19-ը կուսակցությունները ասում են՝ ժողովուրդը պահանջում է հրաժարական: Սա ո՞նց է լուծվելու: Մեծամասնությունն ի հայտ չի գալիս: 

- Այս պահի հակադրության երկու կողմերին էլ՝ գործող իշխանությանն էլ, հարթակի ընդդիմությանն էլ մեծամասնությունը չի վստահում: Դրա համար նույնիսկ սոցիոլոգիական հարցումներ անցկացնել պետք չի: Պետք է ընդամենը հետևել երկուսի այսօրվա հանրահավաքներին: Համարյա նույնքան ժողովուրդ էր հավաքված և Փաշինյանի, և նրա ընդդիմախոսների հանրահավաքին: Մոտավորապես 10-15 հազար ժողովուրդ երկու կողմերից էլ: Սա իսկապես շատ փոքր, սակավամարդ հավաքներ են երկուսն էլ, եթե հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչպիսի ցնցող իրադարձություն է այսօր տեղի ունեցել Հայաստանում: Գործ ունենք իրողության հետ, որ փաստացի ռազմական ղեկավարությունը հակադրվել է քաղաքական ղեկավարությանը:

- Մենք ունեցել ենք նման իրավիճակ նաև Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ, երբ Վազգեն Սարգսյանը դա պահանջեց: 

- Այո, նման իրավիճակներում քաղաքական ճգնաժամը չի վերանում, ընդհակառակը՝ ավելի է խորանում, որովհետև շատ ավելի հեշտ է քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել, երբ կա քաղաքական դաշտում ֆավորիտ, որի շուրջ տեղի է ունենում հասարակության կոնսոլիդացիա և հասարակության գործուն մասնակցությամբ իրադարձությունները համապատասխան ընթացք են ստանում: Հիմա մենք չունենք այդ վիճակը, այլ ունենք պատային իրավիճակ, և միակ տարբերակը դա այն է, որ քաղաքական ուժերը նստեն երկխոսության, առանց նախապայմանների: Խոսքը և իշխանության, և հայրենիքի փրկության շարժման, և թե մնացած կուսակցությունների մասին է, որոնք երկու ֆորմատներում չկան: Նրանք պետք է նստեն կլոր սեղանի շուրջ և կոնսենսուսի գան արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզի շուրջ: Դրանից դուրս որևէ լուծում չի լինելու կայուն և վտանգելու է երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգությանը: 

- Փաշինյանը մեկ խոսում է ընտրությունների մասին, մեկ չեղարկում է իր իսկ ծրագիրը, իսկ այսօր էլ ժողովրդին անվստահ հարցրեց, գուցե, վերադառնանք ընտրություններ անցկացնելու ծրագրին: Հարցերը լուծելու ի՞նչ ձև է սա, Հրապարակը Ակրոպոլի՞ս է դարձել: 

- Նախ, Փաշինյանը պետք է բացատրի, թե ի սկզբանե ինչու հրաժարվեց այդ օրակարգից: Ես կարծում եմ, որ եթե նա իսկապես ցանկանում էր ճգնաժամը հաղթահարել ու հետևողականություն ցուցաբերել, նա դեկտեմբերի վերջին իր հռչակած օրակարգից չէր հրաժարվի և այսօր  մենք այլևս չէինք ունենա քաղաքական այս նոր էսկալացիան, քանի որ մոտավորապես հայտնի կլիներ արտահերթ ընտությունների ժամկետը: Քաղաքական ուժերն ու հասարակությունն էլ իրենց հայացքը ուղղած կլինեին դրանց: Չի կարելի երկրի ղեկավարին պահի թելադրանքի, կամ փողոցում հավաքված մարդկանց վանկարկումների ազդեցության տակ որոշումներ ընդունել ու փոխել: Եթե նույնիսկ այս փուլն էլ Փաշինյանը հաղթահարի, դրանից քաղաքական ճգնաժամը չի վերանալու: Այն շատ խորքային արմատներ ունի: