Երբ չես զբաղվում քաղաքականությամբ

Երբ չես զբաղվում քաղաքականությամբ

Նախաբանի կարգով ասեմ, որ ԱԺ-ում Փաշինյանի այս վերջին «փայլուն» ելույթից հետո բոլոր թերթերն ու կայքերը շատ արագ խմբագրեցին նրա խոսքում տեղ գտած մի բառ, որը, ես կասեի, ամենալավ բնութագրիչն էր ՀՀ վարչապետի այդ օրվա հոգեվիճակի: Խոսքը «պառկացնել» բառի մասին է: Փաշինյանը «պառկացնել» չասաց, այլ՝ «պառկցնել», «կպառկցնենք»… Էակա՞ն է տարբերությունը, թե՞ ոչ: Կարծում եմ՝ էական է, մանավանդ որ այդ պահին վարչապետը, եթե չեմ սխալվում, խոսում էր ինչ-որ արժեհամակարգի մասին, որը պետք է արմատախիլ արվի Հայաստանից: Նրա ելույթից, առհասարակ, այն տպավորությունն ստացա, որ եկել էր ԱԺ ամբիոնից ասելու՝ ըստե օրենքով գողը ես եմ, ապե, ու թող ոչ մեկը չփորձի ինձ ու իմ կռիշի տակ մտած մարդկանց բան ասել: Մի խոսքով՝ տգեղ էր: Ավելի ստույգ՝ վարչապետ մարդու համար էր շատ տգեղ:

Իսկ հիմա անցնենք բուն նյութին: Երկրի ղեկավարը՝ նախագահ լինի, գլխավոր քարտուղար, թե վարչապետ, պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ: Այլ կերպ չի էլ կարող լինել: Փաշինյանը, սակայն, բացառություն է կազմում: Շուտով կլրանա երկու տարին, բայց ես նրա բերանից որեւէ քաղաքական հայտարարություն չեմ լսել՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության ասպարեզում: Մեկ անգամ միայն նա ինձ հաճելիորեն զարմացրեց, երբ հայտարարեց, որ քաղաքական կյանքը վերադարձնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի թողած սահմանագծին՝ 1998-ին: Այս հայտարարության մեջ քաղաքական բովանդակություն կա, իհարկե, բայց հասկանալի չէ այն իր նպատակին հասցնելու քայլերի հաջորդականության իմաստով: Վերցնենք թեկուզ հետեւյալ դժվարությունը՝ ի՞նչ է անելու Փաշինյանը ԲՀԿ-ի, ՔՊ-ի եւ ԼՀԿ-ի հետ, որոնք 98-ին պարզապես գոյություն չեն ունեցել: Թերեւս միայն այսքանը կարողացա հիշել վարչապետ Փաշինյանի «քաղաքական» գործունեությունից: Մնացածը գործընթացներ են, որոնք տեղի են ունենում կա՛մ իր կամքից անկախ, կա՛մ, եթե բախտը բերի, իր մասնակցությամբ:

Այն, որ Փաշինյանն անձամբ է հայտարարում ներդրումների մասին, դա դեռ չի նշանակում, որ նա ներդրումային քաղաքականություն է վարում: Երբ մի բան անում ես, դրանից մի ուրիշ բան, այնուամենայնիվ, առաջանում է: Կասե՞ք, թե ինչ է առաջացել Փաշինյանի ներդրումային քաղաքականությունից, բացի այն, որ ներդրումներ չկան: Փարիզում հայտարարեց, որ արտագաղթը 80-90 տոկոսով կասեցվել է: Նույնիսկ կողքին նստած Աննա Հակոբյանը վեր թռավ այդ «նորությունից»: Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին աշխատատեղեր չեն ստեղծվել, տասնյակ հազարավոր մարդիկ են զրկվել աշխատանքից, օտարերկրյա դեսպանատների դռների մոտ հերթերը չեն պակասել, ՊԵԿ-ը շարունակում է կլպել փոքր ու միջին բիզնեսին, թանկացումներ են, աշխատավարձերի բարձրացումը, բացառությամբ նախարարների եւ փոխնախարարների, գրված է սառույցին… ահա այն քայլերի ոչ լրիվ ցանկը, որոնց արդյունքում էլ, երեւի, արտագաղթի տեմպերը նվազել են: 
Ամենաուժեղը Փաշինյանի տնտեսական քաղաքականությունն է: Նրան չէր կարելի թողնել այս դաշտ, բայց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդ նրբությունը հաշվի չառավ, երբ առաջին անգամ շրջանառության մեջ դրեց «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը` ասելով, որ թավշյա հեղափոխությունն ավարտվեց, սկսվում է տնտեսականը: Փաշինյանին էլ այդպիսի մի բան էր պետք: Լսելով «հեղափոխություն» բառը՝ իր ձեռքն առավ նախաձեռնությունն ու… սկսեց տնտեսական քաղաքականություն վարել: Արդյունքը հայտնի է բոլորիս՝ Հայաստանում տնտեսությունը մեռնում է տնտեսական հեղափոխությունից, իսկ գյուղատնտեսությունը գոյություն ունի միայն մեր հիշողության մեջ: Մնում է հարցնել՝ այս ի՞նչ հեղափոխություն է, որի ժամանակ «գըմփ, գըմփ… հու» չեք անում, պարոնայք:

Ծանո՞թ է, արդյոք, վարչապետ Փաշինյանը հակակոռուպցիոն պայքարի այբուբենին: Հո դու էլ չասի՜ր, ո՞նց կարող է ծանոթ չլինել, նույնիսկ այսպիսի հասկացություն կա՝ «Փաշինյանի հակակոռուպցիոն քաղաքականություն»: Շատ լավ: Բա հակակոռուպցիոն պայքարի մեր ռահվիրան, ինչպե՞ս իրեն թույլ տվեց ելույթ ունենալ մի մարդու ներկայությամբ, որը, ըստ իրեն, «լափել» է հանրապետության երկրորդ քաղաքի կեսը եւ մի բան էլ սպառնացել «իմքայլեցուն», թե դեռ կտեսնես… Հստակ թիվ է հնչեցրել վարչապետը՝ այդ մարդը «լափել» է հանրապետության երկրորդ քաղաքի կեսը: Եվ ի՞նչ… Կպառկցնե՛ե՛ե՛մ… Քանի՞ հոգու ես «պառկցրել», փող առել ու բաց թողել, ինչո՞ւ չես համարձակվում մատով դիպչել կամ գոնե հիշատակել հեղափոխության համակիր դարձած լափողներին: Սա արդեն ծիծաղելի է դառնում:

Մինչեւ Փաշինյանի արտաքին քաղաքականությանն անցնելն արժե, թերեւս, երկու հպանցիկ խոսք ասել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում տարվող «քաղաքականության» մասին: Կարծում եմ՝ ավելորդ է ասելը, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ ինքնատիպ դրսեւորում չի ունեցել նշված բնագավառներում: Ո՛չ մանկավարժ է, ո՛չ գիտնական, ո՛չ մշակույթի գործիչ, ո՛չ էլ, մանավանդ՝ սպորտսմեն: Ու, թերեւս, դա է պատճառը, որ նա այս բնագավառները վստահել է Արայիկ Հարությունյանին եւ մարշ ածելով՝ քայլում է նրա հետեւից: Արայիկ Հարությունյանն ինչ անում է, գնահատում է որպես վերին ճշմարտություն եւ իր անելիքը համարում ավարտված: Կարող եք ասել՝ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը նույն կերպ են մտածում, նույն թիմից են, վերջապես՝ Արայիկ Հարությունյանն է շարժվում Փաշինյանի հրահանգով: Այդ դեպքում՝ ավելի վատ Փաշինյանի համար, որ չի կարողանում իր նախարարին տալ այնպիսի հրահանգներ, որ մարդիկ այդ նախարարի հրաժարականը չպահանջեն: Մանրամասների մեջ չեմ մտնի: Կբավարարվեմ միայն Նիկոլ Փաշինյանի (իսկ գուցե, ամեն դեպքում՝ Արայիկ Հարությունյանի՞)՝ հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում ու բուհերում սահմանափակող եւ այդկերպ ազգը դեգրադացնող ծրագրի հիշատակումով:

Հասանք Փաշինյանի «արտաքին քաղաքականությանը»: Առանձնապես շատ բան չկա ասելու այս մասին, լուրջ բան՝ առավել եւս: «Քայլում եմ Նյու Յորքով ու ճամփին տեսնում եմ ալեհեր Թրամփին…», «Պուտինին տարա Արագած, հետ բերի կարգին բարկացած…», «Մերկել տոտա, դեսն արի, մեզ տուր կորեկ ու գարի…»: Ի՞նչ անել ժողովրդական բանահյուսության այս գոհարների հետ՝ չգիտեմ, բայց շուտով այսպիսի գոհարներ կծնվեն նաեւ արցախյան ուղղությամբ Փաշինյանի քաղաքականության շուրջ, որն արդեն իսկ հայտնի է «վերելակային դիվանագիտություն» անվամբ: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի եւ նրա կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ չի միջամտելու Արցախի ընտրություններին, բայց շատ է ուզում, որ հաղթի այն ուժը, որն ընդունում է Հայաստանում կատարված փոփոխությունները եւ պատրաստ է նույնն անել նաեւ Արցախում: Մեկնաբանությունները թողնում եմ քեզ, սիրելի ընթերցող:

ՀԳ. Ասում է՝ երբ չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Ես էլ դա էի ասում՝ ժամանակն է, որ քաղաքականությունը զբաղվի Փաշինյանով, այլապես նա ձեռից գնում է՝ սկսել է սատանաներից խոսել, կապ տեսնել սատանայի ու բեղավոր մարդկանց միջեւ: Ընկերներս ասում են՝ հաստատ քեզ նկատի ունի: Չէ-հա՝ երեւի վատ երազ է տեսել…