Արման Բաբաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը Վանեցյանի դեմ են աշխատում

Արման Բաբաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը Վանեցյանի դեմ են աշխատում

ԱԺ անկախ պատգամավոր ներկայացող Արման Բաբաջանյանը, որն իրականում Նիկոլ Փաշինյանի կուսակիցներից ավելի «նիկոլական» է, 2019թ. սեպտեմբերի 23-ին «Ազատության» եթերում հայտարարել էր, թե, իբր, «Վանեցյանի հեռացմամբ երկրում իսկապես հեղաշրջում է կանխվել, եւ դրա կարեւոր, առանցքային դերակատարը պիտի լիներ Վանեցյանը»։

Ամիսներ անց նման հայտարարություն արեց նաեւ Նիկոլ Փաշինյանի աներորդին, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Factor.am-ի հետ զրույցում կրկնելով Բաբաջանյանի հայտարարությունը: «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել»,- ասել էր աներորդին: Ավելի ուշ, տեսնելով, որ մամուլը հետամուտ է լինում կեղծիքի բացահայտմանը, նա խմբագրեց իր ասածը՝ նշելով, թե դա իր պնդումը չէ, այլ ինքը նման տպավորություն է ստացել Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքի հրապարակումից:

Իսկ այն, որ նշված հրապարակումը սուտ է, Արթուր Վանեցյանն ասել էր դեռ մեկ շաբաթ առաջ՝ իր հայտնի գրառման մեջ: «Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով՝ փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար»,- գրել էր ԱԱԾ նախկին տնօրենը եւ հավելել, որ այս կեղծիքն անպատասխան չի մնալու, եւ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները:
Իսկ երեկ ԱԱԾ-ից Politik.am-ին հայտնել էին, որ Վանեցյանի կողմից հեղաշրջում նախապատրաստելու մասին հայտարարությունները կեղծ են, իսկ Փաշինյանի աներորդու հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում չի համարվի, եւ քննություն չի իրականացվի:

Փաստացի, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները՝ նրա աներորդու, ընտանեկան ԶԼՄ-ի, անգամ դստեր ու «հավատարիմ» պատգամավորի մասնակցությամբ, ամիսներ շարունակ բացահայտ սուտ ու վարկաբեկիչ տեղեկություններ են տարածում  ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին, ով այս ողջ ընթացքում աչքի է ընկել իր կոռեկտությամբ, ինչը չես ասի փաշինյանական թիմի մասին: Ավելին՝ իշխանությունների զրպարտությունը, որը նաեւ լայն տարածում է գտնում մամուլում, անգամ քննության չի ենթարկվում:

Եվ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում է մամուլի ու «քարոզչական պատերազմի» մասին, երբ ինքը՝ ընտանյոք հանդերձ, քարոզչական պատերազմ է հայտարարել Վանեցյանին: Իսկ պատճառն ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը լուրջ տագնապ է զգում Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու հայտից: Եվ հենց սրանով էլ բացատրվում են նրան զրպարտելու` օրեցօր ավելի հիվանդագին դրսեւորումներ ստացող ջանքերը: