Շնորհավոր Սուրբ Ծնունդը

Շնորհավոր Սուրբ Ծնունդը

Արցախյան յոթ հասարակական կազմակերպություններ «ՍՕՍ» (SOS - Save Our Souls (կամ Spirits) (փրկեք մեր հոգիները)) ազդանշանն են ուղարկել ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Կարմիր Խաչի և այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մի շարք արևմտյան և Հնդկաստանի ու Չինաստանի խորհրդարաններին: Պահանջներն են՝ ՄԱԿ խաղաղապահ ուժերի և դիտորդական առաքելությունների տեղակայում, օգնության տրամադրում, լրագրողների մուտքի ապահովում: Իհարկե, օգնության կոչն անհրաժեշտ է՝ հատկապես նշված կազմակերպությունների կողմից: Չէ որ դրանք արևմտյան պետությունների կողմից աջակցություն վայելող՝ քաղաքացիական հասարակության միավորներ են: Եվ, բնականաբար, դրանց ձայնն առավել լսելի է Արևմուտքում: Սակայն առկա է առանցքային մի գործոն, որն ի չիք է դարձնում գրագետ այդ քայլը: Դա այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը «սեփականաշնորհել» է երկրի բոլոր ինստիտուտները: Եվ այդ թվում քաղաքացիական հասարակության ձայնը: Ի դեպ, երկիր ասելով նկատի ունեմ նաև Արցախը: Եվ այդ պատճառով էլ Արևմուտքում լսելի է դարձել միայն վերջինիս ձայնը: Եթե, իհարկե, արևմտյան գործիչները ցանկանում են լսել այն, ինչն, իմ կարծիքով, խիստ կասկածելի է, եթե այն չի համադրվում նրանց աշխարհաքաղաքական շահերին: 

Առկա է նաև մեկ այլ խնդիր: Ինչպես նկատեցինք, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, և հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում արևմտյան պետությունների համար Ադրբեջանի նախագահը դարձել է վստահելի գործընկեր: Եվ, բնականաբար, իրենց գործընկեր և մեզ թշնամի երկրի համար խնդիրներ ստեղծելու ցանկություն նրանք չունեն: Դա՝ մեկ, և երկրորդ՝ նրանք միշտ էլ կողմ են եղել Ադրբեջանի կազմում Արցախի ներառվելուն: Իսկ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո նրանց այլևս պետք չէ հայության ներկայությունն Արցախում: Դա անհրաժեշտ է միայն Հայաստանին, Իրանին և Ռուսաստանին: Լաչինի միջանցքի փակումն էլ ձեռ է տալիս հենց արևմտյան պետություններին: Եվ այդ պատճառներով էլ ոչինչ չեն ձեռնարկում միջանցքից ադրբեջանցի կեղծ բնապահպանների հեռացման նպատակով: Իսկ առանձին գործիչների կամ թեկուզ ինստիտուտների դատապարտող կոչերն այդ առումով արժեք չունեն: 

Բայց կա նաև հարցի լուծումը՝ դա Արցախում ՄԱԿ խաղաղապահ ուժերի տեղակայումն է՝ ինչպես պահանջել են արցախյան  յոթ հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ): Կամ էլ  ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին ՄԱԿ-ի միջազգային մանդատ շնորհելը: Վերջինիս առումով, ըստ արցախյան պաշտոնյաների, արդեն փորձեր են կատարվում: Իսկ յոթ ՀԿ-ների պահանջիների այդ կետի առումով չեմ կարող չասել, որ այն բավարար մտածված չէ: Ինչպե՞ս են այսօրվա պայմաններում արևմտյան խաղաղապահները համագործակցելու ռուսականների հետ: Դա նույնքան իրատեսական է, որքան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության վերակենդանացումը: Ինչ մնում է ռուսական խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ շնորհելուն, ապա դա ավելի իրատեսական քայլ կլիներ: Եթե արևմտյան պետություններն իսկապես շահագրգռված լինեին միջանցքը բացելու հարցում: Բայց քանի որ այդ հարցում դեռևս չկա հստակություն, ապա կարող ենք վստահաբար պնդել, որ Արևմուտքը ցանկություն չունի բացելու միջանցքը: Եվ եթե դա լիներ, ապա միջանցքը վաղուց բաց կլիներ:
Մնում է վերջին, բայց ժամանակին «ժողովրդի փրկիչ» հորջորջված Փաշինյան Նիկոլի վարչապետության պայմաններում ֆանտաստիկ տարբերակը: Դա արցախահայության ուժով, սակայն խաղաղ ձևով ադբեջանցիներին ճանապարհից դուրս վռնդելն է: Հասկանալի է, որ դա կուղեկցվի ադրբեջանական սադրանքներով, բայց այլ տարբերակ չեմ տեսնում: Ի դեպ, նույնիսկ եթե այն հաջողությամբ պսակվի, ապա մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն սադրանքներին, այլ գուցե և պատերազմին: Բայց դա կլիներ այն արժանապատիվ քայլը, որ աշխարհում կվերականգներ մեր հեղինակությունը: Եվ թույլ կտար մոտ ապագայում ինքնուրույն լուծելու մեր խնդիրները: Ինչ մնում է միջազգային «ՍՕՍ» (SOS) հնչեցնելուն, ապա այն միշտ չէ, որ տեղ է հասնում:

Հ.Գ. Այսօր Սուրբ Ծննդյան տոնական օրն է, սակայն պաշտոնին կառչած անձի պատճառով մարդ ոչ թե մտածում է քրիստոնեական առաջին տաղավար տոնի առումով մարդկանց շնորհավորելու, այլ Արցախյան խնդրի շուրջ: