Ամենավատ իշխանությունը թույլ իշխանությունն է

Ամենավատ իշխանությունը թույլ իշխանությունն է

Պետք չէ ընկնել խառը մտքերի մեջ: Յուրաքանչյուր պետություն կամ իշխանություն ունի թե՛ իր աջակիցները, թե՛ ընդդիմախոսները, որոնք՝ ամեն մեկն իր հերթին, խոսում են ժողովրդի անունից՝ հավակնելով, որ «ժողովուրդ» կոչվածը հենց իրենք են, որ կան։ Մյուսները, եթե կան, հակաժողովրդական տարրեր են: Հայաստանում, թերեւս, սովետական շրջանի նստվածք է, որ ամեն մարդ իր սրտի ցանկությունը համարում է օրինական, իսկ մյուսներինը՝ ապօրինի, հատկապես նրանցը, որոնց գործունեությունը երկրի գործող օրենքների շրջանակում է։
Արդեն 25 տարի է՝ աշխատում եմ Հայաստանում:

Քաղաքապետարանի, քաղաքաշինական խորհրդի եւ գլխավոր ճարտարապետի հետ իմ բոլոր նախագծերի վավերականությունն ու համաձայնեցումները համարվել են ապօրինի թե՛ հարեւանների, թե՛ հատկապես լրագրողների կողմից, որոնց փնտրածի նպատակը, մեծ հաշվով, ամբոխին հաճոյանալն է: Չկարծեք, թե սա վերաբերում է միայն անցյալի իշխանավորներին. ոչ, այսօր էլ նույնն է: Վեց ամիս շարունակ հազար ու մի փաստաթուղթ ներկայացնելուց հետո վերջապես ստացել եմ իմ սեփականության մեջ առայժմ նկուղային հարկ կառուցելու իրավունք՝ առանց որեւէ վերգետնյա կառույցի մասին նույնիսկ ակնարկի:
Բայց արի ու տես, որ հարեւան շենքի բնակիչները, որոնց շենքի արտաքին տեսքից հստակ երեւում է, թե քանի-քանի անգամ ակնհայտ ու տգեղ խախտումներով իրենց շենքի հարավային պատշգամբները վերածել են սենյակի, այնուհետեւ բոլոր հարեւաններով 4-5 մետրով ընդարձակել իրենց բնակարանները՝ օգտագործելով բակային տարածքը, իսկ իրենց ընտրած տարատեսակ արտաքին երեսպատման քարերով աղավաղել են շենքը: Սակայն առաջին հարկի բնակիչն այդքանով չի բավարարվել. մյուսներից կրկնակի անգամ առաջ անցնելով՝ ավելի է ընդարձակել բնակարանը՝ բակային տարածքի հաշվին: Իսկ բակ մտնող ճանապարհը 1-1.5 մետրի չափով նեղացնելով՝ դրսից առանձին մուտք է ստեղծել իր նկուղային հարկի համար, որը եւ վարձակալության է տվել ինչ-որ գիշերային ակումբի: Հիմա էլ այս հարգելի հարեւանները այսօրվա նոր իշխանավորների օրոք, սեւով սպիտակի վրա քաղաքապետարանի որոշման վերաբերյալ բողոք են ներկայացրել ԱԻՆ, թե ինչու է քաղաքապետարանն «ապօրինաբար» նկուղային հարկի իրավունք տվել կողքի հարեւանին, որի սեփականությունն իրենց բակ մտնող ճանապարհի մյուս կողմում է գտնվում եւ 7 մետրով հեռու է իրենց շենքից: Շեշտում եմ․ սա այն դեպքում, երբ կառույցի իրավունքները սահմանափակվում են ընդամենը ստորգետնյա հարկերով: Նամակ-բողոքում շեշտել են՝ իրենք ուզում են, որ մնա այնպես, ինչպես որ կա։

Իսկ քաղաքապետարանի պատասխանատուներն էլ վախենում են նրանցից եւ բացեիբաց ինձ առաջարկեցին հարեւաններին մի բան հատուցելով՝ ստանալ նրանց համաձայնությունը։
Չինական մի ասույթ ասում է, թե դժբախտ են այն սերունդները, որոնք ապրում են անցումային շրջաններում: Բայց անցյալի այդ անցումային շրջանների արանքում մի քանի սերնդի կյանքեր էին տեղավորվում այնպես, որ անցումային շրջաններից հեռու գտնվող երջանիկ սերունդներ կային: Իսկ հիմա այդ անցումային շրջանների հաճախականության ժամանակագրությունը խիստ կրճատվել եւ հավասարվել է ընդամենը մեկ սերնդի կյանքի: Այնպես, որ այլեւս ամեն մի սերունդ պարտադիր ապրում է անցումային ժամանակաշրջանում:
Հիմա ինչպե՞ս անվանենք մեր այս անցումային շրջանը. թույլ իշխանության շրջա՞ն, ամբոխից վախեցող պետությո՞ւն, թե՞ պարզապես գործից անտեղյակ կառավարություն… Մի՞թե կարելի է քաղաքաշինությունը պայմանավորել հարեւանների քմահաճույքով: Չէի ցանկանա որեւէ մեկին նսեմացնել, բայց չեմ էլ կարող չասել, որ այդ հարգելի հարեւանը, որը տաքսու վարորդ է, գուցե հենց այն օրինախախտների խմբին է պատկանում, որոնց 14 միլիարդի տուգանքը հենց այնպես ներվեց։ Եթե ոչ, ապա որտեղի՞ց նրան այդքան հանդգնություն, որ գրավոր ձեւով շինարարական նորմեր ճշտեր քաղաքապետարանի համար։

Եթե Իջեւանի անտառահատներն այդպիսի ծայրահեղ քայլի չդիմեին եւ Հայաստանը հյուսիսին միացնող միակ մայրուղին չփակեին, դրա փոխարեն փակեին մեկ այլ ճանապարհ, գուցեեւ իշխանավորները խուսափեին նրանց կարգի հրավիրելուց։ Այս պարագայում պետք է ասել՝ բարեբախտաբար, անտառահատները թույլ տվեցին կոպիտ սխալ եւ դիմեցին այնպիսի մի քայլի, որ իշխանավորները ճարահատյալ մի կողմ դրեցին ամբոխին տուրք տալու իրենց երկչոտ քաղաքականությունը եւ, կարելի է ասել, ցուցաբերեցին մի քիչ իրենց դիրքին վայել վարվելակերպ: Նույնիսկ աշխարհի ամենադեմոկրատական երկրներում, երբ իշխանություններն ընտրարշավի ծախսերը հոգալու համար՝ թեկուզեւ օրենքով սահմանված, ընդունում են իրենց աջակիցներից գումարային օժանդակություններ, այնուհետ ինչ-որ չափով, ասել է թե՝ «երախտապարտ» են մնում նրանց: Նույնը չէ՞ այսօր մեր պարագայում, երբ մեր իշխանավորները մի տեսակ գերի են ընկել երեկվա ճանապարհ փակողների ձեռքը: Ինչ ցանկանում են, այն էլ անում են՝ փակելով մարդկանց ճանապարհը։

Ավելի լավ չէ՞ մի քանի մեծահարուստ մարդու պարտական լինել, քան թե անգրագետ ամբոխին։ Այստեղ է, որ հայկական ասացվածքն ասում է. «Լավ է գիտունին գերի, քան տգետին սիրելի»։
Համենայնդեպս, մի բան հստակ է. ամենավատ իշխանությունը թույլ իշխանությունն է։ Թույլ իշխանությունը չարիք է թե՛ իր ընդդիմախոսների եւ թե՛ իր աջակիցների համար։ Իսկ վերջում էլ՝ հենց իր համար։ Ժողովուրդը երբեք չի ներելու այն իշխանավորին, որ իր լիազորություններին տեր կանգնել չի կարողանում: Նա պետք է անհապաղ իր տեղը զիջի հաջորդին: Լիազորությունը չկատարողը նույնն է, ինչ լիազորությունը չարաշահողը կամ գերազանցողը։


Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ
կառուցապատող