Վանեցյանը ճիշտ էր, ես սխալվեցի

Վանեցյանը ճիշտ էր, ես սխալվեցի

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, խոստովանեց, որ իր քաղաքական թիմը, ինչու ոչ՝ նաեւ ինքը, մինչ այս սխալ են ներկայացրել ԱԱԾ-ի դերը, նշանակությունը, գործունեության շրջանակները, տարածաշրջանային խնդիրներով պայմանավորված՝ այդ ծառայության ցուցաբերած զգոնությունը, տոկունությունն ու ճկունությունը: Նա երեկ հասկացրել է, որ «եկել եմ ասեմ, որ լավ եք աշխատել անցած 1.5 տարում»՝ շնորհավորելով անվտանգության մարմինների ծառայողներին, ասել է վարչապետը: Փաշինյանը չմոռացավ նաեւ նշել, որ ԱԱԾ-ի մասին ինքն այդպես է մտածել թե՛ ընդդիմադիր օրերին եւ թե՛ անազատության մեջ:

Չեմ կարող զսպել ինձ ու չասել, որ Փաշինյանը, ըստ էության, եկել էր ներողություն խնդրելու այն ամենի համար, որ այս 1.5 տարում իր գլխավորած կառավարությունն ու անձամբ ինքը բերել էին ծառայության գլխին՝ վերջինիս ներգրավելով հակակոռուպցիոն պայքարի անհեթեթությունների մեջ: Հենց այս համատեքստում էլ ակամա մտաբերում ես ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Փաշինյանի ու իր թիմակիցների սանձազերծած այն պատերազմը, որի արդյունքում ի հայտ եկան մեր իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը: Այսօր Փաշինյանը խոստովանում է, որ այն կարմիր գծերը, որոնք միշտ պահպանել է ԱԱԾ-ն, ըստ էության, խախտել է իշխանությունը՝ իր անհավասարակշիռ քայլերով: Եթե անհավասարակշիռ չէին այդ քայլերը, ապա ուրիշ ինչո՞վ բացատրես Արթուր Վանեցյանի ուսադիրների մասին, ընդ որում, արտասահմանում արված Փաշինյանի հայտարարությունները, ինչո՞վ բացատրել Արթուր Վանեցյանի սթափեցնող կոչը՝ «սթափվիր» կամ «կանգ առ»: Եվ եթե ընդամենը հունիսին դու Արթուր Վանեցյանին գեներալի ուսադիրներ ես շնորհում, դեկտեմբերին՝ գովերգում նրա ղեկավարած կառույցի աշխատանքը, ինչո՞ւ էիր փորձում սեպտեմբեր-հոկտեմբերին նրան սեւացնել։

«Բազմիցս եմ ասել, որ ներքին, արտաքին անվտանգությունը համարում եմ առաջնահերթությունների առաջնահերթությունը: Այդ գործում կարեւոր կառույցներից մեկն ԱԱԾ-ն է: Կարող եմ արձանագրել, որ նախորդ մեկուկես տարվա ընթացքում ԱԱԾ-ն կատարել է իր առջեւ դրված խնդիրը»,- ահա Փաշինյանի գնահատականը՝ տրված Արթուր Վանեցյանի վերջին մեկուկես տարվա աշխատանքին: Եվ, ուրեմն, ինչի՞ համար էր այն ողջ բոլոլան, ինչո՞ւ էին իշխանական ֆեյքերով գրոհել այդ մարդու վրա եւ հայտարարում, որ նրան ազատել է Նիկոլ Փաշինյանը՝ «որովհետեւ դժգոհ էր նրա աշխատանքից», ինչի՞ համար էր օրենսդրական այն կեղծ շոուն, որով պատրաստվում էին ԱԱԾ ղեկավար նշանակել դպրոցը մի կերպ ավարտած, ՀՀ-ում բնակության 4-ամյա ցենզ ունեցող թրաշամանուկներին: Մենք չենք բացառում նաեւ, որ Փաշինյանի այս ելույթը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի իր խորքում: Բանն այն է, որ առաջիկայում Փաշինյանը պատրաստվում է մեկնել Սանկտ Պետերբուրգ եւ շփվել մի «հասարակության» հետ, որտեղ անվտանգության ծառայությունների մասին բավականին հստակ պատկերացումներ կան՝ ՀՀ իշխանությունների ունեցած պատկերացումներից տրամագծորեն տարբերվող: Եվ վարչապետ Փաշինյանը որոշել էր ներկայանալ այդ «հասարակությանը»՝ մեր երկրում ԱԱԾ-ի շուրջ խաղարկված վերջին բոլոլաներից մաքրված ու ԱԱԾ դերը գիտակցողի կերպարում:

Կհավատա՞ն Փաշինյանին ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում, կհավատա՞ նրան ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Առաջ չընկնենք իրադարձություններից, մանավանդ որ վարչապետ Փաշինյանի դիրքերն այնքան էլ ամուր չեն այդ հանդիպումից առաջ: Մեկ էլ տեսար՝ մեկնումեկի խելքին փչեց հարցնել մեր վարչապետին՝ զի՞նչ կցուցանե ԱԱԾ-ի ոխերիմ հակառակորդ Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու առակս: Սաֆարյանը բացահայտ սորոսական է, իսկ ՀՀ ԱԱԾ-ն հստակ է ասել, որ սորոսականները մարտահրավեր են Հայաստանի անվտանգությանը:

ՀԳ․ Հիմա Արթուր Վանեցյանը կարող է հանգիստ խղճով մտնել քաղաքականություն եւ ֆեյքերի գրոհներին ի պատասխան՝ նրանց ճակատներին մեխել իրենց կուռքի տված գնահատականները։