Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արսեն Թորոսյանին և Անահիտ Ավանեսյանին 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արսեն Թորոսյանին և Անահիտ Ավանեսյանին 

Այսօր մինչև կեսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար, դեռ երեկ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, և ԱՆ-ում էլ՝ Անահիտ Ավանեսյանին, որը նոր մարդ չէ նախարարությունում՝ լինելով Արսեն Թորոսյանի տեղակալը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ և կառավարության հասարակայնության հետ կապերի բաժիններից։

Հիշեցնենք, որ երեկ Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց՝ նշելով, որ հունվարի 18-ից դադարեցնում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Ալինա Նիկողոսյանն ինքը մեր հեռախոսազանգին չպատասխանեց։ Ցանկանում էինք տեղեկանալ՝ արդյոք նախկին ղեկավարի հետ գնալու է կառավարություն։  

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցն էլ բացասական պատասխան տվեց հարցին, թե արդյո՞ք կառավարության աշխատակազմի ղեկավարի մամուլի քարտուղարի հաստիք ունեն։