Թող Փաշինյանն էլ զանգի Պուտինին, ասի՝ մեզ մոտ իրավիճակն ահավոր է, օգնեք

Թող Փաշինյանն էլ զանգի Պուտինին, ասի՝ մեզ մոտ իրավիճակն ահավոր է, օգնեք

Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունների կապակցությամբ երեկ հայտարարել էր, որ ռուսական մամուլն առանձնապես ուշադրության չի արժանացրել այդ բացահայտումները՝ չի անդրադարձել։ «Ռեգնումի» սյունակագիր, իր պրոհայկական հայացքներով բավականին հայտնի Ստանիսլավ Տարասովի հետ զրուցեցինք ռուսաստանյան մատակարարումների, զենքի սկանդալի վերաբերյալ ռուսաստանյան քաղաքական ու քաղաքագիտական  արձագանքների շուրջ։

- Ի՞նչ արձագանք կա Ռուսաստանում, պարոն Տարասով։

- Ոչ մի, մենք չունենք նման տեղեկատվություն, որ Փաշինյանը վաճառել է ռուսական զենք։ Գիտեք, ես կարծում եմ՝ այստեղ զուտ ներհայկական խնդիրներ են, հայաստանյան ներքաղաքական պայքար։

- Ինչո՞ւ են ներհայկական․ Մինասյանը մերկապարանոց հայտարարություններ չի արել։ Փաստաթղթեր է ներկայացրել, որ հայտնի Պատրոն Դավիթին մինչեւ 2029 թ․ չի թույլատրվում մուտք գործել Ռուսաստան։ Արշակ Կարապետյանն էլ՝ վարչապետի խորհրդականը, օրերս Ռուսաստանում էր։ Նաեւ ծխախոտի պատմությունը կա։

- Մեզ ամենաշատը ի՞նչն է ապշեցնում։ Երբ Մինասյանն ու Սարգսյանն իշխանության ղեկին էին, նրանք ունեին, չէ՞, այդ ամենը վերահսկելու հնարավորություն․․․ սա հո հանկարծ չհայտնվե՞ց․․․ ենթադրենք, դա այդպես է, հո Փաշինյանի իշխանության գալուց հետո չհայտնվե՞ց։ Ոչ։ Սա կարող էր շարունակվել։ Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ էիք առաջ լռում։ Եվ ասեմ, որ հասկանալի է, թե ինչու է Մինասյանը խոսում։ Երկրորդ․ եթե խոսում եք ռուսական կողմի մասին, ոչ՝ ուղիղ, իհարկե, մենք ունենք կոռուպցիոներներ, բայց այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեք գալիս ռուսաստանյան տեղեկատվական տարածք, որպեսզի մեղադրեք ՌԴ-ին կոռուպցիոն գործունեության մեջ եւ Ռուսաստանին հնարավորություն տաք դիմել համապատասխան քայլերի։ Որովհետեւ պաշտոնական մակարդակում Մոսկվան երբեւէ նման կոմբինացիաների հավանություն չի տվել։ Բայց հայերը՝ Փաշինյանի ընդդիմախոսները, համառորեն նման տեղեկություններ նետում են հայկական տեղեկատվական միջավայր եւ Փաշինյանին հարկադրում են արձագանքել, գործել։ Երկրորդ․ բոլորն էլ հասկանում են, որ Մոսկվայում այնքան էլ գոհ չեն Փաշինյանի հայտարարություններից եւ ոչ հրապարակային մակարդակում, բայց կան որոշ խնդիրներ։ Եվ հիմա Մինասյանի կատարմամբ՝ պարզվում է, որ Փաշինյանը համարյա թե պրոդուկտն է Հայաստանի ու Մոսկվայի անդրկուլիսային ինչ-որ գործունեության։ Դա արդեն չափազանց է, սա արդեն սոլիդ չէ, չնայած նրան, որ Մինասյանը փորձառու դիվանագետ է, ստրատեգ ու տեխնոլոգ։ Եվ մենք ամենը հենց այս մակարդակում ենք ընկալում։

- Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վատ իրավիճակ է։ Ռուսաստանն իր օգնությունն առաջարկեց Իտալիային, որի սցենարին, հենց Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շուտով կհասնենք։ Ռուսաստանն ինչո՞ւ օգնություն չի տրամադրում իր ռազմավարական դաշնակցին։

- Ռուսաստանը, այո, ռազմավարական գործընկերն է, ԵԱՏՄ անդամ։ Ինչ վերաբերում է Իտալիային, ապա Իտալիայի վարչապետը զանգահարեց Պուտինին՝ իրենց օգնելու խնդրանքով։ Եվ Պուտինն արեց։ Թող Փաշինյանն էլ զանգի։ Վերցնի խոսափողն ու ասի՝ մեզ մոտ իրավիճակն ահավոր է, օգնեք։ Եվ այստեղ ոչ մի ամոթ բան չկա։ Ու մենք ռուսաստանյան քիմիկոսներին ու վիրուսոլոգներին կուղարկենք, մենք ձեզ մոտ բազա էլ ունենք, կգան տեսչական այցով եւ ձեզ էլ կօգնեն։ Բայց նաեւ այնպես չէ, որ մեզ համար էլ հեշտ իրավիճակ է։ Ու, բացի այդ, հայտնի իրավիճակներ կան Հայաստանի ու Վաշինգտոնի, Մոսկվայի եւ․․․ այլն։

- Մեզ ԱՄՆ-ն գումար տվեց, ԵՄ-ն, իսկ Դուք ասում եք՝ թող Փաշինյանը բարի լինի, վերցնի հեռախոսը․․․

- Կներեք, սրանք տարբեր իրավիճակներ են․ մի բան է փող տալը, մեկ այլ բան՝ սարքավորումներ ուղարկելը եւ այլն։ Եվ հետո՝ եթե մենք նախաձեռնողականություն ցուցաբերենք, մեր օգնությունն առաջարկենք, կլինի ինչպես Իտալիայի պարագայում, որ մենք օկուպացրել ենք Իտալիան։ Ես գիտեմ, որ կլինեն հայաստանյան որոշակի շրջանակներ, որոնք կսկսեն՝ վայ, վայ․․․ դե, մեր ինչի՞ն է սա պետք։