Կենսական ճանապարհը փակել են ու դրա շուրջ մենք պետք է բանակցենք, սա ահավոր է

Կենսական ճանապարհը փակել են ու դրա շուրջ մենք պետք է բանակցենք, սա ահավոր է

Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս պահին անհնար է Արցախից Հայաստան գալ, կամ ՝ Հայաստանից Արցախ գնալ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց, որ Արցախի ներկայացուցիչները և ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են ճանապարհը փակած ադրբեջանցիների հետ:

«Կենսական ճանապարհը փակել են ու դրա շուրջ մենք պետք է բանակցենք, սա ահավոր է: Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ են, բայց սա շոու է՝ իբր քաղաքացիական անձինք են: Ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններ են բերում՝ իբրև բնապահպանական խնդիրներից ելնելով են փակել ճանապարհը, բայց դե հիմքը խորն է, ադրբեջանցիների պահանջն էլ ավելի հեռուն է գնալու՝ մինչև Սյունիքի միջանցք: Երբ ՀՀ իշխանություններն ինչ-որ բան պահելու համար զիջում էին ինչ-որ բան, հիմա էլ հերթը հասել է արդեն Սյունիքին»,-ասաց Հակոբյանը:

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։