Երկու դրական երեւույթ

Երկու դրական երեւույթ

Արցախի դեմ ադրբեջանական հերթական ոտնձգության այս օրերին երկու դրական երևույթ արձանագրվեց: Մեկը զուտ քաղաքական էր. Արցախի նախագահ Հարությունյան Արայիկը՝ ի տարբերություն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, հասկացավ, որ Արցախի իշխանությունը երբեք չպետք է լինի «Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք»: Եվ այդ ընկալումը հրապարակայնացվեց: Որովհետև հակառակ դեպքում շահում է ոչ թե հայությունը, այլ մեր թշնամին: Ինչին, դժբախտաբար, այդպես էլ հասու չի լինում այն անձը, որ կոչվում է ՀՀ վարչապետ: 

Երկրորդ երևույթը կառավարչական բնույթի էր: ԱՀ նախագահի հրամանագրով հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում հրապարակվեց իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Ստեղծվեց օպերատիվ շտաբ և դրա ղեկավար նշանակվեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Վերջինիս գրագետ հակաճգնաժամային կառավարման շնորհիվ Արցախում այս անգամ շատ ավելի կազմակերպված են դիմագրավում կյանքի ճանապարհը փակելու ու գազամատակարարման կասեցման (վերջինս արդեն կրկին գործարկված է) առաջացրած խնդիրներին: Սակայն արցախահայությունը զերծ չմնաց նաև բացասական երևույթից. խոսքը «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի կողմից վաճառվող դեղերի գների բարձրացման մասին է: Այն արձանագրվեց և համապատասխան պետական մարմնի կողմից դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ անմիջապես վարչական վարույթ հարուցվեց վերը նշված ԱՁ-ի նկատմամբ: 

Օպերատիվ շտաբի դեկտեմբերի 17-ի ընդլայնված խորհրդակցությանն էլ, ըստ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ի, Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ «այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները շտկելու համար»: Քննարկվել է պարենային ապրանքների և դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։ Պետնախարարը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի դիտարկումները և արձագանքել անհիմն գնաճի դրսևորումներին։

Խորհրդակցությանը քննարկված այլ հարցերի վերաբերյալ կարելի է ծանոթանալ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ի համապատասխան հաղորդագրությունից: Ընդամենը ավելացնեմ, որ ադրբեջանական հերթական ոտնձգությունը վկայեց, որ արցախցիները պետք է պատրաստ լինեն ռազմական դրության պայմաններում ապրելուն: Եթե Հայաստանի իշխանությունն ավելի ադեկվատ անձանց ձեռքերում գտնվեր, ապա այստեղ էլ արագացված տեմպերով կձևավորվեր ազգ-բանակ համակարգը: Որովհետև կյանքը հերթական անգամ ցույց տվեց, որ ադրբեջանական խաղաղությունն ընդամենը թակարդ է, որում հայտնվելու ենք այնքան ժամանակ, որքան վարչապետի պաշտոնին կմնա Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով, «խաղաղասեր» անձը: Իսկ որպեսզի զերբազատվենք այդ սպառնալիքներից՝ անհրաժեշտ է պաշտոնից հեռացնել նրան՝ հնարավոր բոլոր միջոցներով: