Բժիշկների սխալ բուժման հետեւանքով շունը սատկել է․ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել

Բժիշկների սխալ բուժման հետեւանքով շունը սատկել է․ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել

Արդեն մի քանի ամիս է անցել, ինչ Լիլիթի շունը՝ Ալֆան, սատկել է, սակայն տերը չի կարողանում հաղթահարել ամենահավատարիմ ընկերոջ կորուստը։ Ալֆան զտարյուն գերմանական հովվաշուն էր, ապրել է ընդամենը մեկուկես տարի։ Մահից ընդամենը ժամեր առաջ է տերն իմացել, որ շունը քաղցկեղ ունի` որովայնում երկու մեծ ուռուցք կա։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Լիլիթը պատմում է, որ շունն ունեցել է իր անձնական բժիշկները, պարբերաբար պլանային ստուգումների է տարել շանը, պատվաստել։ Մահից մոտ մեկ ամիս առաջ են դրսեւորվել քաղցկեղի նշանները, սակայն բժիշկները հավատացրել են, թե շոգ է, եւ դա է պատճառը, որ չի ուտում, փսխում է, որովհետեւ աղիքային խնդիրներ ունի: Թաքնվում է մութ անկյուններում, քանի որ չի կարողանում հաղթահարել շոգը։ Ալֆայի հիվանդության պատճառը լիարժեք չիմանալով՝ դեղորայքային բուժում են նշանակել, ինչը, փաստորեն, ապարդյուն է եղել։ Այս բժիշկները, որ մեծ գումարներ են աշխատել իրենց չմատուցած «ծառայությունների», սխալ բուժում նշանակելու համար, չեն ենթարկվել պատասխանատվության, քանի որ Հայաստանում չկա մի պետական մարմին, որ համակարգի կենդանիների ոլորտը, պաշտպանի նրանց իրավունքները։ Հայաստանում մեկը մյուսի հետեւից շների ու կատուների մասնավոր կլինիկաներ են բացվում, որոնք առհասարակ չեն վերահսկվում որեւէ կառույցի կողմից, ու եթե կենդանիդ սատկի, այդ կլինիկաներից որեւէ մեկում՝ սխալ բուժում ստանալու պատճառով, որեւէ մեկը չի պատժվի, չես կարող հետ ստանալ նաեւ այն գումարը, որ վճարել ես շանը կամ կատվին վիրահատելու համար։ 

Մարի Տեր-Անտոնյանն արդեն 3 տարի է՝ շների կացարան ունի, որտեղ մոտ 40 չորքոտանի է ապրում։ Մարին զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ, շեշտում է՝ անասնաբուժական խնդիրներից բացի, բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան։ 

«Վերջերս սկսել է քննարկվել այն հարցը, որ ԱԺ է բերվելու կենդանիների բարեկեցության օրենքը, բայց մեզ մոտ բազմաթիվ հարցեր կան` կապված այդ օրենքի վերահսկողության հետ։ Մենք չենք ուզում, որ այն դառնա մի օրենք, որը գրված կլինի միայն թղթի վրա։ Հայաստանի ամբողջ տարածքում չի գործում ստաբիլ ստերջացման ծրագիր, իսկ առանց դրա հնարավոր չէ վերահսկել։ Մարզերում տենդեր է հայտարարվում, օրինակ, 120 շան վերաբերյալ, բայց տվյալ մարզում այդքան չեն շները։ Անպատասխանատու տերեր կան, որ, առանց լիցենզիայի եւ պարտավորությունների, բուծում են շներին, մի մասը՝ վաճառում, մյուս մասն էլ փողոց են նետում»,- ասաց նա։ 

Կենդանիների պաշտպանը գտնում է, որ Հայաստանը պիտի ունենա պետական անասնաբուժական կենտրոն, որը կհամակարգի այդ ոլորտը։ «Մենք ունենք մի իրավիճակ, երբ Երեւանից դուրս առհասարակ չունենք անասնաբուժական կլինիկաներ։ 21-րդ դարում Հայաստանում Երեւանից դուրս չկա ոչ մի անասնաբուժական կլինիկա։ Մեկական կլինիկա կա Վանաձորում եւ Գյումրիում, սակայն այդ կենտրոններում որոշ բուժումներ չեն անում, կենդանուն դժվար է լինում բերել Երեւան»,- ընդգծեց նա։
Կլինիկաների համար սահմանված չէ նաեւ դեղորայքի գնացուցակ, ով ինչ գին ուզում՝ դնում է։ Մոտ 30 հազար դրամ կարժենա, եթե, օրինակ, շանը մեկ ժամով «սիստեմա» միացնեն եւ էնտերիսի անալիզ վերցնեն։ Ստացվում է, որ մարդու հետազոտությունն ավելի մատչելի է, քան կենդանիներինը։ «Մարդու դեպքում պետական մակարդակով հսկողություն կա, կարող եք դիմել՝ օրենքով փորձել տվյալ բժշկին ենթարկել պատասխանատվության, սակայն կենդանիների դեպքում չկա նման հսկողություն։ Մենք պետք է ունենանք միասնական անասնաբուժական պետական կենտրոն, դրան կից դեղատուն, հստակ գնացուցակ պիտի լինի անհրաժեշտ դեղորայքների վրա, որը չկա»,- նշեց կենդանիների պաշտպանը։