ԱԱԾ-ի կողմից տանիք բարձրանալու գաղտնիքը

 ԱԱԾ-ի կողմից տանիք բարձրանալու գաղտնիքը
 ԱԱԾ-ի կողմից տանիք բարձրանալու գաղտնիքը
 ԱԱԾ-ի կողմից տանիք բարձրանալու գաղտնիքը

 

ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի Դարակերտում գտնվող առանձնատուն: Լրագրողների հետ զրույցում Վարդան Թովմասյանն ասել է․ «Հարցրեցին՝ ո՞ր թվին եք կառուցել: Ասացի՝ 12-13 տարի առաջ է կռիշը վերանորոգել, բարեկամ մարդ է նորոգել: Իսկ բնակարանն էլ ես պետական աշխատանքի ժամանակ եմ ստացել: Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ»։ Այնուհետև ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության: Թովմասյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Սարգսյանը լրագրողներին նշել է, որ մասնավորապես ավագ Թովմասյանից հետաքրքրվել են թե ինչ միջոցներով է նորոգել տանիքը, ու՞մ օգնությամբ։ Թովմասյանի հայրն էլ պարզաբանել է, որ վերանորոգել են հարևանները, ընկերները։

Ինչևէ, ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մասնագետներ էին  տարել Հրայր Թովմասյանի հոր տուն, որպեսզի տանիքը ստուգեն։ Բարձրացել էին տանիք։

Երևի բոլորիդ մոտ էլ հարց է առաջացել՝ լավ, ինչու՞ հենց տանիք։ Ինձ մոտ էլ նույն հարցը առաջացել ու գտել եմ պատասխանը՝ հիշելով, որ  2017 թվականին Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ավագանու ընտրություններին տանիքների վրա  էր քարոզարշավն անցկացնում։ Այն ժամանակ «Ելք» դաշինքով էր հանդես գալիս։

Փաշինյանը տանիքներ էր բարձրանում նաեւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ եւ այդ առիթով նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր․ «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»։

«Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր  ՀՀԿ նախագահի ելույթին: «Ասում է, թե իրեն դուր չի գալիս, որ մենք տանիք ենք բարձրանում: ՀՀԿ-ն էսօր որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է մարդկանց, ովքեր 10 տարի ոչ միայն տանիք, այլև ԱԺ ամբիոն չեն բարձրացել: Նա ասում է՝ մարդիկ ցատկոտում են տանիքներով․․․»

Ինչևէ, «տանիք բարձրանալը, տանիքների վրա տիտիկ անելն ու մտիկ անելը, ցատկոտելը» խորը, պատմական  հիմք ունի։ Նիկոլ Փաշինյանի պարագայում հասկացանք։  ԱԱԾ-ի պարագայում  «տանիք բարձրանալը» Նիկոլ Փաշինյանի գործելակերպն է հիշեցնում։ «Խի՞ իրենք նույն թիմի՞ց են․․․»

Սլայդում՝ տանիք բարձրանալու կադրեր