Երևանինը՝ Երևանին, Գյումրիինը՝ Գյումրուն, բայց սիրուն քայլ չէ

Երևանինը՝ Երևանին, Գյումրիինը՝ Գյումրուն, բայց սիրուն քայլ չէ

Այսօր դեկտեմբերի 7-ի կապակցությամբ աղետի գոտի գնացած Արմեն Սարգսյանը այցելել էր «Շիրակ կենտրոն», այնտեղ ծայրահեղ չքավորության ու անմարդկային պայմաններում գտնվող երեխաներին նվերներ տարել ու հրավիրել նախագական նստավայր՝ տոնածառի։ Կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանն ասում է, որ Արմեն Սարգսյանը ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ մինչ այս այցելել է իրենց կենտրոն։

Անցյալ տարի՝ մայրաքաղաքի տոնածառը, այս տարի էլ ամանորյա Երևանի շքեղ ծախսերը վերջին երկու օրերին ամենաքննարկվող թեմաներն են։ Ինչպես հայտնի է՝ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացրեց։ Մինչ այդ համայնքային բյուջեից հատկացրել էր 54 մլն, կառավարությունն էլ իր կողմից ևս 271 միլիոն 797 հազար դրամ ավելացրեց: Ընդհանուրը 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար կազմեց, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 միլիոն դրամ էին ծախսում։

Թեհմինա Վարդանյանն այսօր առաջարկել էր, որ այդ գումարներն ուղղվեն Գյումրու տնակային ավանների բնակիչներին։ Քանի որ տնակային ավանի բնակիչների հոգսերից հուսահատվող Վահան Թումասյանը  մի անգամ գրել էր՝«Մի օր հավես ունենամ, թեկուզև մեկ օրվա ստացածս հեռախոսազանգերը կամ գրասենյակ այցելողներին ձայնագրեմ ու տեղադրեմ էջիս... հատկապես հիմա, երբ տնակների հարյուրավոր բնակիչներ խնդրում են իրենց Վահան Թումասյանն ասում է՝ Երևանինը՝ Երևանին, Գյումրունը՝ Գյումրուն։ Բայց մի քիչ սիրուն չէ։

«Տնակային ավանից օրական 100 մարդ գալիս է կենտրոն՝ փայտ է խնդրում, 100 մարդ՝ զանգում է, լացում․․․ որբ երեխաներ, 1-2 խորանարդ վառելափայտի խնդիր ունեն և այդ ֆոնի վրա անիմաստ, հսկայական ծախսեր չգիտեմ ինչի համար, մի գիշերվա համար, գիտեք՝ սիրուն բան չէ, նորմալ բան չէ։ Չի կարելի անել։ Ես չեմ ասում՝ մի՛ արեք, էդ գումարը տվեք մեզ, բայց երբ կան ընտանիքներ, որոնք աղբանոցն են քրքրում, որ վառելիք հայթայթեն, մենք էլ լացուկոծով գումարներ ենք մուրում, մեկ էլ ինֆորմացիան գնում է, որ, չգիտեմ, 700 հազար․․․ լավ քայլ չէ, հեղափոխական, ժողովրդավարական իշխանությանը վայել քայլ չէ»,-ասաց Թումասյանը։

Նրան հարցրեցինք, թե ինչ են մտածում այդ մասին իրենք՝ տնակային ավանների բնակիչները։ Պարզվեց՝ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը։

«Բնակիչները, որովհետև նախորդներից կուշտ են, դժգոհություն չեն արտահայտում։ Եթե նույնիսկ ասում ես, ասում են՝ դե նոր են։ Արդարացնում են։ Բայց ինձ չեն արդարացնում, եթե հանկարծ մեկին մերժեմ»։