Քաղաքական պատվեր տվող ուժը չի թողնի, որ արդար քննություն ընթանա

Քաղաքական պատվեր տվող ուժը չի թողնի, որ արդար քննություն ընթանա

Դատարանի դահլիճում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հուլիսի 18-ին հաղորդել էր Գլխավոր Դատախազությունը։ Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։ Այսինքն, ոչ թե ապօրինի կալանքի, խոշտանգման, ՔԿՀ-ի պարտականությունների թերացման, այլ ընդամենը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15-ին, դատարանի դահլիճում՝ իր գործով դատական առաջին նիստի ժամանակ, որին ներկայացրել էր շատ առույգ՝ ժպիտը դեմքին: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից հրավիրված առաջին նիստի ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ քիչ անց նրա մահն էր արձանագրվել ու այդ բոլորն ուղիղ եթերում տեսել էին դատավարությանը հետեւող մարդիկ:

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից սկսած, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ եւ չնայած նրան, որ անհեթեթ քրեական մեղադրանք էր հարուցվել՝ իր մի արտահայտություններից մեկի համար, որի համար մարդուն կալանավորելն առավել եւս աբսուրդ էր: 

Թե ինչ ընթացքի մեջ է մահվան առիթով հարուցված քրեական գործը, փորձեցինք պարզել Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանից: Մելիքյանի խոսքով` դեռևս քննվում է այն հանգամանքը, թե արդյոք քրեակատարողական հիմնարկում խախտումներ են արձանագրվել, թե ոչ: 

«Մեր մոտեցումը շատ հստակ է: Անկախ նրանից, թե քրեակատարողական հիմնարկում ինչ խախտումներ են եղել, մենք միանշանակ կարծում ենք, որ տեղի ունեցածի պատճառն ապօրինի քրեական հետապնդումն է: Մարդուն այնպիսի ծանր տառապանքների ենթարկեցին, որ հայտնվեց նման իրավիճակում»- նշում է Մելիքյանը:

Ըստ նրա` Արմեն Գրիգորյանը մշտապես դեմ է եղել իր հիվանդությունների մասին խոսելուն: «Նա չէր սիրում խոսել իր հիվանդությունների մասին, մեզ էլ ասում էր, որ ոչ մի դեպքում չխոսենք»- պատմում է մեր զրուցակիցը: Իրավապաշտպանը նշում է, որ այս իշխանությունների հետ անաչառ քննությունն անհնար է: «Քննության ուղղությունը լրիվ այլ է: Քաղաքական պատվեր տվող ուժը չի թողնի, որպեսզի արդար քննություն ընթանա» - կարծում է Մելիքյանը: 

Ռուբեն Մելիքյանը նաև նշեց, որ բուն քրեական գործը, որով Արմեն Գրիգորյանին կալանավորել էին, նույնպես ունենալու է շարունակություն: «Գրիոգորյանի ընտանիքը փաստաբաններին տեղեկացրել է, որ մտադիր է շարունակել գործը: Քրեական դատավարությունը տալիս է նման հնարավորություն: Սեպտեմբերի 12-ին նշանակված է դատական նիստ» - իր խոսքը եզրափակեց իրավապաշտպանը: