Մտածում ենք մոտ 1000 քառակուսի կմ օկուպացված տարածքը հետ բերելու մասին

Մտածում ենք մոտ 1000 քառակուսի կմ օկուպացված տարածքը հետ բերելու մասին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի արցախյան վերջին այցը, որոշ տեղեկություններով, ծանր տպավորություն է թողել Արցախում։ Ճիշտ է՝ Զոհրապ Մնացականյանը շատ խոսելու եւ ոչինչ չասելու մասնագետ է ու անգամ Արցախի հանրայինին տված հարցազրույցում հաջողեցրել է ոչ մի հստակ բան չասել, բայց մարդիկ տողատակերից եզրակացրել են, որ նախարարը դիվանագիտորեն հասկացրել է, որ Հայաստանի համար դժվար է լինելու մերժել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պլանը։ Իսկ նա դեռեւս այս տարվա ապրիլին գաղտնազերծեց Մոսկվայի կողմից առաջարկվող տարբերակը, որը ենթադրում է «հիմնահարցի կարգավորման փուլային տարբերակ, որի առաջին փուլում կլուծվեն առավել ակտուալ խնդիրները՝ Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջանների հանձնում եւ տրանսպորտային, տնտեսական եւ կապի այլ միջոցների ապաշրջափակում»։ Ասել է թե՝ սկզբում կապահովեն անվտանգությունը, ապա կմտածեն ինքնորոշման հարցի մասին։

Իհարկե, այս մասին պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ չի նշվում, բայց արցախցի քաղաքական գործիչները հմտացել են տողատակերը կարդալու գործում եւ կարծում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի տրամադրությունից, Մնացականյանից առաջ Արցախ այցելած Արման Բաբաջանյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, թե դեպի ուր են փչում քամիները։

Ի դեպ, արցախյան հանդիպումների պաշտոնական տեղեկատվությունն այն մասին էր, որ Մնացականյանը գնացել է պատմելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած տեսաժողովի արդյունքները, մի բան, որին, կարծում ենք, առցանց հետեւել էին բոլորը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեր տեղեկության առթիվ ասաց․ «Ես մասնավոր զրույցներ չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ ներկա չեմ եղել մասնավոր զրույցների։ Ես մասնակցել եմ նախագահի հետ հանդիպմանը եւ կարող եմ վստահեցնել, որ նման հարց չի քննարկվել։ Ամեն ինչ քննարկվել է այն տիրույթում, որը մենք բոլորս կարող ենք պատկերացնել, այսինքն՝ մեր ազգային շահերի տիրույթում։ Զիջելու հարց չի քննարկվել եւ չի կարող քննարկվել, որովհետեւ Արցախի իշխանությունները ու նաեւ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված»։

Այսինքն, լուծումը տեսնում եք կարգավիճակ, ապա անվտան- գությո՞ւն։ «Ինչպես ուզում եք, մեկնաբանեք, ես կրկնում եմ՝ զիջելու հարց չի քննարկվել։ Մեր ամբողջ ջանքերը ներդրված են Արցախի՝ սահմանադրորեն ամրագրված տարածքների համաչափ զարգացմանը, եւ պարոն Հարությունյանի նախընտրական ծրագիրն էլ այդ 11.5 հազար տարածքների վերաբերյալ է կազմվել, մենք զիջելու հայրենիք չունենք։ Ասեմ ավելին․ պարոն Հարությունյանը վերջերս խոսել է մոտ 1000 քառակուսի կմ օկուպացված տարածքի վերադարձնելու մասին»։