Ժամանակի հետհաշվարկ` նոյեմբերի 9-ի՞ց, թե՞ մայիսի 9-ից 

Ժամանակի հետհաշվարկ` նոյեմբերի 9-ի՞ց, թե՞ մայիսի 9-ից 

Իջեւանցի տղամարդը ավանակ էր բերել կառավարության շենքի առաջ, որպեսզի Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրված Նիկոլ Փաշինյանին թարս նստեցնի խելոք չորքոտանուն եւ տանի: Որովհետեւ կա հին սովորույթ. դավաճանին թարս նստեցնում են էշին եւ ման տալիս փողոցներում: Տղամարդը վիրավորված էր, որովհետեւ, երբ ուրիշ քաղաքներում իմանում են, որ իջեւանցի է, խուսափում են իրենից. պատճառը վարչապետն է՝ Իջեւանից: Իր այդ արարքով ուզում էր ցույց տալ, որ Իջեւանը եւ իջեւանցին կապ չունեն խայտառակ պարտության, Արցախի հանձնման եւ կապիտուլյացիայի հետ: Որ դրա պատասխանատուն մեկն է, ցավոք, Իջեւանից, որին սպասում էր թարս կանգնած ավանակը` բերված իջեւանցու կողմից: Բայց տղամարդը չհասցրեց իր առաքելությունն իրականացնել ամբողջովին. նրան տարան ոստիկանները, իսկ ավանակին թողեցին փողոցում` ծառից կապված: 

Սա մի կողմն է մեր իրականության: Իսկ մյուս կողմը ժամանակի հետհաշվարկ է սկսել` ամեն օր ջնջելով մեկը, մինչեւ հունիսի 20-ը: Ժամացույցի սլաքները ետ են պտտվում, մինչեւ կհասնեն զրոյական կետի եւ կսկսեն նորից առաջ պտտվել, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթի կամ առավել ձայներ հավաքի մյուս կողմը: Այդ ժամացույցը միայն հայկական ժամանակն է ցույց տալիս, որ դուրս է աշխարհի ժամանակից: Մյուս կողմը խոստանում է սայթաքած, դուրս ընկած հայկական ժամանակը վերադարձնել աշխարհի ժամանակի մեջ, որ մեր ժամացույցի սլաքները համաչափ պտտվեն աշխարհի ժամացույցի սլաքների հետ եւ ցույց տան երկրային ժամանակ` անդրաշխարհի ժամանակի փոխարեն:

Իսկ ժամանակի հետհաշվարկը իրականում սկսվել է նոյեմբերի 9-ից: Մեր ժամացույցի սլաքները թարս են պտտվում արդեն վեց ամիս` ցույց տալով թշնամուն զիջելու, թշնամուն նվիրելու, թշնամու ուզածը կատարելու ժամանակ: Հայաստանի ժամացույցը աշխատում է հօգուտ Ադրբեջանի ժամանակի: Հայաստանում Ադրբեջանի ժամանակն է: Իսկ մեր ժամացույցը լարում են Ալիեւը եւ Էրդողանը: Մեր ժամացույցի սլաքներից մեկը ցույց է տալիս Ադրբեջան, մյուսը` Թուրքիա: Եվ որեւէ պտույտի մեջ ցույց չեն տալիս Հայաստան:

Իսկ Նիկոլը, որպես մյուս կողմ կամ երկրի հակառակ երեսը, ասում է, որ սա նախկինների ժամացույցն է: Ասում է`դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք, Արցախը ծախողն էլ եք դուք: «Դուք» ասելով՝ նկատի ունի նախկիններին: Ասում է, որ պատերազմի ժամանակ ինքը մոդերատոր է եղել: Իսկ այս տրամաբանությամբ գլխավոր հրամանատարը նախկիններն են եղել: Ասել է, որ Արցախի կարգավորման բանակցությունները սկսում է զրոյից, իր կետից եւ ինչ ուզում, այն էլ բանակցում է: Կարգավորման ամեն գործընթաց ոչնչացրել ու փոշիացրել է, բայց բանակցությունները տապալել են նախկինները: Հավանաբար, ընտրարշավի ժամանակ էլ կասի, որ նախկիններն են եղել վարչապետը վերջին երեք տարում: Հիմա իրեն ընտրենք վարչապետ, որ իշխանությունը նախկիններից վերադարձնի ժողովրդին:  

Կա ժամանակի երկու հետհաշվարկ: Մեկը սկսվել է նոյեմբերի 9-ին, մյուսը` մայիսի 9-ին: Կա՛մ մայիսի 9-ի հետհաշվարկը զրոյացնելու է նոյեմբերի 9-ի հետհաշվարկը, կա՛մ նոյեմբերի 9-ի հետհաշվարկն է զրոյացնելու Հայաստանը:

Հուսիկ Արա