Ադրբեջանն որպես ահաբեկիչ վարձկանների ջեննեթը

Ադրբեջանն որպես ահաբեկիչ վարձկանների ջեննեթը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ Ադրբեջանն անցել է ազգությամբ թուրքմեն, սիրիացի ահաբեկիչ վարձկանների օգտագործմանը: Համացանցում կա վկայություն, որ դրանց առաջին խմբաքանակը տեղափոխվել է Ադրբեջան սեպտեմբերի 27-ի խոշորամասշտաբ հարձակունից մոտ մեկ շաբաթ առաջ: Ընդհանրապես, վարձկանների վարձկանների օգտագործումը կիրառվել է հազարամյակներ առաջ, խիստ տարածվել է միջնադարյան Եվրոպայում, և ոչ միայն այնտեղ, իսկ 20-րդ դարում դրանց փոխարինել են բնակչությունից զորակոչված երիտասարդներով: Վարձկանների մասին մոռացած Արևմուտքը մի քանի տասնամյակ առաջ բախվեց դրանց ահաբեկիչ տարբերակին : 

Մենք մինչև այս պատերազմը խուսափել ենք այդ արհավիրքից: Բայց ուշադիր քննելու դեպքում կարելի է տեսնել, որ մեզ համար ոչ միայն վտանգ է ներկայացնում, այլև խոսում է մեր մի շարք առավելությունների մասին, և նույնիսկ կարող է օգտագործվել մեր կողմից (և արդեն օգտագործվել է): Առաջին, ճակատային գծում ահաբեկիչ  վարձկանների ներկայությունը վկայում է, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերին տեխնիկապես (համարյա բոլոր ուղղություններով) բազմակի անգամ գերազանցող Ադրբեջանի ԶՈՒ-ն ավելի քան 100 հազար թվակազմով բանակով ստիպված է կենդանի ուժ վարձակալել դրսից: Դա խոսում է այդ հսկայական բանակի անորակ լինելու մասին: Երկրորդ, վարձվող զինվորները հիմնականում պատկանում են մահմեդական կրոնի սուննի ուղությանը, որը թշնամաբար է տրամադրված շիաների նկատմամբ, և, բնականաբար, նրանց Ադրբեջան բերողն ընդամենը փողն է, իսկ եթե փողը ամրագրված չէ գաղափարականապես, ապա վարձկանն էլ չի դրսևորի եթե ոչ գերազանց, ապա գոնե բավարար ռազմական ոգի: Երրորդ, բախվելով ադրբեջանական թույլ ոգուն և կռվել չցանկանալուն, վարձկանն ինքն արդեն չի ցանկանում կռվել հանուն փողի (այդ դեպքում գաղափարի առկայությունն էլ չէր օգնի). դա դրսևորվեց 90-ականներին, երբ լեգենդար հրամանատար Բասաևի (եթե չեմ սխալվում) ղեկավարությամբ չեչենական զորախումբը, որը Արցախ էր «ժամանել» հանուն գաղափարի, հեռացել էր ռազմական թատերաբեմից: Չորրորդ, ահաբեկիչ վարձկանների ժամանումը հզոր բացասական արձագանք գտավ հյուսիսում և արևմուտքում՝ նպաստելով Իլհամ Ալիևի և Ռ. Թ. Էրդողանի հեղինակությունը գցելուն: 

Միջինը ամիսը 2000 ԱՄՆ դոլար ստացող (իսկ մահվան դեպքում ընտանիքին միանվագ 30.000 դոլար վճարով) վարձկանը, երբ, ինչպես ասվեց, առկա չէ գաղափարական մոտիվացիան, ո՛չ իր կյանքը կզոհի հանուն Ադրբեջանի տարածքային ամբողջության և ո՛չ էլ նույնիսկ հանուն ջեննեթում (մահմեդական դրախտում) հուրի փերիների հետ վայելքի: Մեր բանակի ղեկավարության կողմից հրապարակված տեսահոլովակներն արդեն վկայում են այդ փախուստի տրամադրությունների մասին: Ի դեպ, փաստեր են արձանագրվել, որ նրանց խաբել են՝ ասելով, թե գալիս են պաշտպանելու ադրբեջանական ռազմավարական ենթակառուցվածքներ, սակայն տեղ հասնելուց հետո նրանց ոչխարների հոտի նման քշել են ռազմաճակատ: Խաբված վարձկաններից ոմանք էլ նույնիսկ կապվել են հայրենիքում մնացածների հետ և խորհուրդ տվել հեռու մնալ Ադրբեջանից: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ