Հրանտ Ալեքսանյան. Հայկական մարմին

Հրանտ Ալեքսանյան. Հայկական մարմին

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ - 1

Անքուն քամիներն աշխարհատարած
Հայոց աշխարհում փոխվում են արեւային մրրկահողմերի՝
խախտելով օրգանական վարքուկանոն,
չքարտեզագրվելով օդերեւութաբանական ոչ մի կայանում. -
նրանք մաշկի տակ, արյան մեջ են խուժում
դառը կրակով, լուսնախոսությամբ՝ 
էափոխության խթանիչներ ինչպես:

Լուսավոր է, բայց ձեռքը տրվում է խավարին: 
Կանգուն են որմերը, իսկ Քաղաքը ներսից բորբոսնում է:
Ջերմագին է, սակայն խոսքը թափվում է սառցակտորներով:
Վերձիգ սավառնում, եւ այնուհանդերձ՝ նահանջ-անկումն է կնքահայրը օրվա:
Խաղաղ ամսեշար, բայց ամեն վայրկյանը՝ հղի պատերազմով:
Ինքնահաճ ամբոխ՝ մատնության գաղտնի երկրպագությամբ:

Կուսական է բունը արմատի հետ, իսկ սաղարթից վեր 
այլասերումի մուժն է խտանում:
Հայացքը անբիծ կտավի նման իրեն է ձգում նոր տեսարաններ,
եւ սեւ մարմաջը ճգնում է կանխել գեղեցիկ ոգուն -

նրա տարիքի հետ տուֆն ամրանում է ու վարդագունում,
նրա անունը քառակի զիլ է հնչում բիբլիական լեռան բացվածքում:
Հողի մեջ մակարդված շիտակ շատ ավյուն կա:
Պատանիները երամ-երամ են բարձրանում երկինք -
այնտեղից հեշտ է հիանալ Երկրի սիրառատությամբ     
ու հսկել նաեւ նրա թրթռուն շնչառությունը:
Հայրերի թախծից շառագունում են ու... զարդանախշվում խամրող տները,
բայց եւ՝ դատարկվում, ինքնահրկիզվում հուսաբեկորեն:
Թե կանչես որդուդ, նա կարձագանքի բոլոր ծագերից,
բայց եւ կարող է մեղսավոր լռել կորուսյալի պես:

Ականջների մեջ՝ ծովահար հառաչ ու քարի շշուկ:
Պրկված երակներ՝ չորրորդ բացասական խմբի մուգ արյամբ,
որ դժվարագյուտ թալիսմանի պես կապված է բախտին:
Անդամահատված մարմնի նվոցը չի մերվում ոչ մի ժխորի հետ:
Ինքն իրեն ստեպ-ստեպ հետապնդում է սուրսայր կասկածով,
իսկ առավելս հետամուտ է նրան գերված եզերքի տեսիլքն իրական: 
Մի խոր ընկճախտ է նրան պատանքել:
Մրսկան է թախծի սիբիրների մեջ:
Մեջքի ցավ ունի, ասես մի փոքր կորացել է նա:
Բայց սիրտը զարկում է համառ ու անխախտ,
աչքերը լի են տաք հմայությամբ,    
եւ Հոգին կարմիրն իր փռում է արարատյան անրջանքի վրա -

ավետյաց դարեր դեռ պիտի երկնել,    
դեռ պիտի վկայել Հողին ու Աստծուն:

12.03.2021  


ԿՏԱԿԻ ՆՄԱՆ ՈՒ ԱՂԱՂԱԿԻ

Մայրամուտին  նայիր՝ կբացվեն աչքերդ,
կբացվի հոգիդ մունջ ու ինքնասույզ,
դու տուն կճամփես ուղեկիցներիդ
եւ մենությանը կասես՝ սիրելի՜ս.-
գիշերվա խաղում կշահես ոսկիդ՝
հազար տաղանդի միակ ջեք-փոթով,
կտեսնես վաղվա դեմքը անխնամ՝    
բայց եւ քո թեթեւ հուզավառությամբ,-
եւ ձայնդ բոսոր մի բարիտոնով    
կհնչի խախտված երամի ետքից՝
ասես մոռացված կտակի խորհուրդ,
ինչպես ետ դարձող որդու աղաղակ:

փետրվար, 2021

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍԸ

Երբ զոհվում-գերվում են զինվորները, 
երբ պարտված լքում են մարտադաշտը,
առավելս մեղավոր են թվում հայրերը…

Երբ զինվորները կենդանի են մնում,
երբ տուն են դառնում հաղթական,
փառքը առավելս մայրերինն է…

11.04.2021

 

ԱՄԵՆԱՅՆ ՍԻՐԵԼԻՆ

Կապույտի մեջ կանաչը սիրեցի,
օվկիանում լուծված լեռնապարը վերձիգ
          եւ անտառի փռվածքը շնչակտուր.-
ես կավի միջի այն շշունջը եղա,
որ պատմեց երկնքում խշշացող մայրու
եւ ժայռի մեջ լռված ջրահարսի մասին:
Սիրեցի անցյալում հրկիզվող ներկան
          եւ նրա աչքերը թարթուն-խելացի,
հողմերը սիրեցի խաղաղասեր,
գիշերվա սրտից հնչող զանգերը
եւ մարդկայնությունը անջնջելի շավղի,
բայց առավել ուժգին, չուրանալով ոչինչ՝
ինքնամփոփ-ազատ հոգու ատյանում
ողջ ցեղի խորալը սիրեցի:

05.03.2021

 

ՊԱԿԱՍՈՒՐԴ

1. Տիեզերքին պակասում է կյանքը:
Կյանքին պակասում է Աստված:
Աստծուն պակասում է մարդը:
Մարդուն պակասում է ոգին:
Ոգուն պակասում է Երկիրը:
Երկրին պակասում է անդորրը -

մի կարճ ժամանակով թեկուզ՝
առանց անկման ու աճյունների:

2. Լույսին պակասում է շունչը:
Գիշերվան պակասում է խիղճը:
Հոգուն պակասում է աստղը:
Մարմնին պակասում է երազը:
Լեզվին պակասում է կամքը:
Հողին պակասում է անդորրը -

մի կարճ ժամանակով թեկուզ՝
առանց արյան ու աճյունների:
  
20.02.2021


ԻՄ ՍՈՒՐԲ ԱՆԱՍՏՎԱԾ

Եվ ոչ մի պատկեր չունի հավաստում -
իրենց ձեռքերն են մաքրում մտասույզ
նաղաշներն անքուն՝ հին-տերունական.
Բանը ցրվում է ոսկրափոշու պես՝
հույլ ու անհասցե ու անպատվիրան,
Աչքն էլ անթաքույց հրապուրված է
ունայնի ծափ ու պարահանդեսով,-

եւ ոչ ոք, ոչ ոք դեռ չի տեսանում՝
ինչպես է քամին հավաքվում կոկիկ
բռերի մեջ ու զարկերակներում,
իսկ Ոգին՝ ելած կարմիր բազալտից,    
ջանում է Տիրոջ խոսքը կռահել,
եւ ջո՜ւր է հոսում պրկումից նրա. –    

դե, հպվիր հոգուս, իմ սուրբ անաստված:
 
30.12.2020

 

ԴԱՏԱՐԿ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՊԵՍ

Քո սիրտը պեղեցի երկար՝ զգուշորեն, գերագույն խնամքով,-
այդպես երեւի հմուտ հնագետն է զննում անսովոր մի տեղանք,-
մի մեռած սիրո ոսկորներ գտա սրտիդ պարապում՝
մի անհայտ սիրո մասունքներ,
եւ ոչ մի անուն ու հիշատակություն, 
ոչ մի այլ նշան:

07.03.2021
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ