ժողովրդի ցավն ավելի զորեղ է, քան ձեր սիլլոգիզմը

ժողովրդի ցավն ավելի զորեղ է, քան ձեր սիլլոգիզմը

Լևոն Տեր-Պետրոսյանը «Պարզագույն սիլլոգիզմ» վերտառությամբ կարճ գրառում-հոդված է հրապարակել՝ երեք կետերով։

Երբ ամբողջ աշխարհն է պատերազմի մեջ ու կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին, և Առաջին նախագահը հայտարարում է, որ

a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, մի տեսակ կտրում է Հայաստանը  աշխարհից, որովհետև աշխարհին պատած ցավի մեջ միայն մերն է տեսնում ու մեկուսացնում, մեզ կտրում աշխարհից ու փորձում դա միայն մեր ցավը համարել։ Ամբողջ աշխարհը պատրաստ է մեզ ձեռք մեկնել ու մեկնում է։ Տարբերեք՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ պատրաստ է ձեռք մեկնել Հայաստանին,  հայ ժողովրդին, մինչդեռ դա նեղացվում է, հագուրդ տալով եսասիրական, անձնակենտրոն փառասիրությանը, մոռանալով, որ վտանգի ժամանակ ծնողը երեխային փրկելու համար անգամ իր վերջին շապիկն է վաճառում ու երբեք չի տատանվում՝ օգնություն խնդրել․․․ Իսկ հայ ժողովրդին օգնության մեկնած ձեռքերը մնում են օդում կամ անտեսվում։

Տեր- Պետրոսյանը երկրորդ կետով ասում է, որ

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, մինչդեռ ինքն ասում էր, որ Արցախյան պատերազմի հաղթանակը ոչ թե իշխանությանն էր, այլ ժողովրդինը ու ճիշտ էր ասում։  Ցանկացած պատերազմի հաղթանա՛կն է ժողովրդինը, իշխանությանը միայն քաղաքականություն վարելն է,  որ կարողանա միավորել հանրության բոլոր շերտերին, «ինչպես թուխսը իր թևերի տակ կհավաքի ճտերին»։

Առաջին նախագահի նշած երրորդ կետը վկայում է, որ իշխանությունը դա չի կատարել․  

c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»:

Եթե իշխանությունը չի կարողացել այնպես անել, որ միասնականության շաղախ լինի, մեղքը պետք է փնտրել իշխանության մեջ, հիշենք «սև ու սպիտակը», «հեղափոխականն ու հակահեղափոխականը», «դուրսպրծուկն ու դավաճանը», հիշեք իշխանությունը սրի քանի հարվածով է վերջին երկու տարում  պառակտել մեր ժողովրդին։ Միշտ հիացրել է ինձ Առաջին նախագահի սառը տրամաբանությունը, բայց այսօր սրտի ցավով եմ ասում․ ժողովրդի ցավն ավելի զորեղ է, քան ցանկացած տրամաբանություն։ Իշխանությունը տանուլ է տվել ոչ միայն կորոնավիրուսի դեմ պատերազմը, այլ մեր երկրի դեմ հայտարարված բոլոր պատերազմները։ Իշխանության պատերազմը Հայաստանի դեմ է՝ նրա միասնականության, հոգևոր արժեքների, ազգային ավանդույթների, հավատի, եկեղեցու, Արցախյան պատերազմի մասնակիցների դեմ։ Նրա պայքարը կորոնավիրուսի դեմ չէ։ Ու նա դա որպես պատերազմ չի ընդունել, այլապես պատերազմի այլ ճակատներ չէր բացի ու տանուլ տար բուն պատերազմը։