Բավական է կեղծ հերքումներ տարածեք եւ ակնհայտ իրողությունները հերքեք

Բավական է կեղծ հերքումներ տարածեք եւ ակնհայտ իրողությունները հերքեք

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 4 կետից կազմված հերքում-պահանջ է հղել բոլոր լրատվամիջոցներին, որտեղ մեր հոդվածի ծավալը 4 անգամ գերազանցող տեքստ է շարադրել, թե hraparak.am-ում «Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետի ազգականներն են եղել» վերնագրով հրապարակման մեջ ապատեղեկատվություն կա։ Ինչ է գրել մարզպետը։

1. Կոտայքի մարզպետը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ և խնդրում ենք հերթական անգամ չշահարկել վերջինիս անունը նմանատիպ վերնագրերում և «օդում կախված լուրերի ու բամբասանքների հիմամբ», ինչպես նաև հարկ ենք համարում նշել, որ մարզպետն առհասարակ ՋՕԸ-ի պետ նշանակելու գործընթացներին որևէ կերպ միջամտելու գործիքակազմ չունի, քանի որ վերջիններս նշանակվում կամ ազատվում են բացառապես ՋՕԸ-երի վարչական խորհուրդների կողմից։

Խմբ․ Այո, մարզպետը ֆորմալ առումով կապ չունի ՋՕԸ պետերի նշանակման հետ եւ դա օրենքով է այդպես։ Այնպես, ինչպես, օրինակ՝ ՀՀ վարչապետը հայտարարի, որ կապ չունի կառավարությանը ենթակա որեւէ հիմնադրամի կամ ՊՈԱԿ-ի ղեկավարի նշանակման հետ, որոնք ունեն հոգաբարձուների խորհուրդներ։ Կամ՝ կրթության նախարարը հայտարարի, որ ինքը դպրոցի տնօրեն չի կարող փոխել՝ կառավարման խորհուրդ կա։ Բայց փաստըմյում է փաստ, որ ՋՕԸ պետ է նշանակվել է մարզպետի մարդը և ողջ Աբովյանը գիտի, որ նա մարզպետի բարեկամն է։ Հասարակ բան՝ մտեք նրա ֆեյսբուքյան էջը և կտեսնեք սերտ կապ մարզպետի հետ: 

2. Հրապարակման մեջ ներկայացված քաղաքացի Գուրգեն Օսիպյանը ոչ թե Կոտայք ՋՕԸ-ի նոր պետն է, այլ Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասի պետն է և որևէ ազգակցական-բարեկամական կապ չունի մարզպետի հետ: Այդ պաշտոնում վերջինս նշանակվել է դեռևս մեկ տարի առաջ Կոտայք ՋՕԸ-ի գործող տնօրենի կողմից:

Խմբ․ Մենք չենք էլ գրել, որ Գուրգեն Օսիպյանը Կոտայքի ՋՕԸ պետն է, նա իսկապես Նաիրիի տեղամասի պետի տեղակալն է, որին մարզպետը հիմա ուզում է նշանակել Կոտայքի ՋՕԸ պետ եւ ժողովուրդը հենց դրա դեմ է ընդվզել։ 

3. Միջադեպը, որի մասին նշվում է կայքի հրապարակման մեջ, գրանցվել է Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասում (Նոր Գեղիի համայնք) 12.11.2019թ, և կապ չունի Կոտայք ՋՕԸ-ի պետի ընտրության հետ: Միջադեպը գրանցվել է Նոր Գեղիի մի քանի բնակիչների և ՋՕԸ-ի տեղամասի իրավասու ներկայացուցիչների միջև՝ կապված վերջիններիս մասնագիտական գործունեության հետ: Այս առիթով արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում և ոստիկանության կողմից տարածվել է նաև համապատասխան հաղորդագրություն:

Խմբ․ Մեր հոդվածում հենց այդպես էլ գրված է, որ միջադեպը տեղի է ունեցել Նոր Գեղիում, ինչն արձանագրված է նաեւ ոստիկանության հաղորդագրության մեջ։ Ավելին, ըստ բնակիչների՝ իրենք խաղաղ մտել են պետացուի մոտ, ինքն է սկսել կոպտել, հրահրել, եւ արդյունքում ծեծ է կերել։ 

4. Լուսանկարները, որոնք հրապարակվել են հոդվածում՝ իբրև միջադեպի հետ կապված մարզպետի հրավիրած խորհրդակցությունից կադրեր, հերթական աշխատանքային հանդիպումն էր ՔՊ կուսակցության Աբովյանի գրասենյակում, իսկ նման աշխատանքային հանդիպումներ լինում են շաբաթվա մեջ մի քանի անգամ:

Խմբ․ Լուսանկարում Պաշ-ն է, հնարավոր է, որ ժողովը, որի ժամանակ մարզպետը հորդորել է իր անունը չշրջանառել եւ իր ազգայցական կապը հերքել հենց ՔՊ գրասենյակում է հրավիրվել։

Մի հավելում էլ․ մեր լրագրողը փորձել է ստանալ միջադեպի բոլոր մասնակիցների մեկնաբանությունները, սակայն ոչ մարզպետը, ոչ նրա շրջապատը, ոչ Նոր Գեղիի համայնքապետը չեն պատասխանել հեռախոսազանգերին։ Իսկ տեղեկատվությունը ստացել ենք բնակիչներից եւ միջադեպի անմիջական մասնակիցներից։ Այնպես որ մամուլի հրապարակումները հերքելու փոխարեն ձեզ մի քիչ զուսպ պահեք եւ մի չարաշահեք ձեր պաշտոնը՝ ձեր մտերիմներին տարբեր պաշտոններ բաշխելով։

Լուսանկարներում՝ Գուրգեն Օսիպյան