Տպավորություն է, որ իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում»

Տպավորություն է, որ իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում»

Երկրի ներսում լարվածություն հրահրելը, արժեքները ոտնահարելը, քաղաքական բանավեճը քինախնդիր էությանն ու իմաստազուրկ ամբիցիաներին ծառայեցնելը, էժանագին pr-ը, տարաբնույթ անբովանդակ սելֆիներն ու live-երը դադարեցնելու և սեփական թիմի չեղած ու եղած ներուժը, երկրի ներուժը (սեփական բարդույթներից գոնե ժամանակավորապես ազատվելով)` պետության ու հասարակության առաջ ծառացած լրջագույն մարտահրավերների անհապաղ և հաշվարկված դիմագրավմանն ուղղելու ժամանակն է (իրականում` արդեն իսկ էապես ուշացած): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։

«Ալիևը պատրաստվում է պատերազմի: Արդեն շաբաթներ տևող քարոզչական, ապատեղեկատվական, հոգեբանական տոտալ գրոհն ու հարակից գործողություններն ուղղակիորեն դրա վկայությունն են: Բավական է նայել, թե ինչ չափով են հաճախակիացել Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Նախագահի աշխատակազմի և հարակից այլ կառույցների հայտարարությունները, ուշադրություն դարձնել դրանց բովանդակային տրանսֆորմացիաներին, փչվող և միջազգային հանրությանը մատուցվող Հայաստանին և Արցախին վերաբերող ահասարսուռ լեգենդներին, հակահայկական հիստերիայի նոր ալիքի հրահրման փորձերին միջազգային կառույցներում, արտերկրում տպվող կամ ցուցադրվող պատվիրված նյութերի քանակին և բովանդակությանը` լիարժեք պատկերացնելու համար, թե մեկ կենտրոնից ղեկավարվող այս գործողություններն ինչ նպատակ են հետապնդում: Այս ամենին գումարեք նաև Թուրքիայի կողմից սեփական հակահայկական շտրիխերի ավելացմամբ` ողջ այս աղբի տիրաժավորումը, և լայն իմաստով` իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում:

Ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանի իշխանությունը: Տպավորություն է, որ ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում», չէ, կներեք` ինքնաթիռ...

յս ամենի ներքո, մի կողմ դնելով բանակի գործառույթը, քանի որ վստահ եմ, որ հարկ եղած դեպքում բանակն իր խնդիրը լուծելու է արժանապատվորեն և լավագույնս, անդրադառնամ մի քանի գործողությունների, որոնք իշխանությունների կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտություն ունեն.

1. վարչապետի վաղվա ուղերձը պետք է պարունակի ծանրակշիռ և մանրակրկիտ հաշվարկված պատասխան Ալիևի կեցվածքին և նկրտումներին, ինչպես նաև` հստակ մեսիջներ Մինսկի խմբի համանախագահներին: ԱԳՆ-ն պետք է սովորականից էապես ավելի մեծ ջանքերով ապահովի ուղերձի կարևորագույն թեզերի հասանելիությունը գործընկեր երկրների համապատասխան մարմիններին և հանրությանը,

2. ժամ առաջ պետք է ապահովել քաղաքական լրջագույն կոնսուլտացիաներ (լրջագույն` և՛ բովանդակության, և՛ ձևաչափի իմաստով) մի քանի ուղղություններով.
ա/ Ռուսաստանի Դաշնություն,
բ/ Իրան,
գ/ Վրաստան,
դ/ ՀԱՊԿ,
ե/ Մինսկի խմբի համանախագահներ,
զ/ ԱՄՆ, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բարեկամ երկրներ,
է/ համաշխարհային և տարածաշրջանային այլ դերակատարներ,
է/ միջազգային կառույցներ և հեղինակավոր կազմակերպություններ:

3. հատուկ մշակված բովանդակությամբ, ԱԳՆ, պետական համապատասխան մարմինների, Սփյուռքի կառույցների ներգրավմամբ և խողովակներով, ապահովել միջազգային տեղեկատվական դաշտում Ադրբեջանի գործողությունների համարժեք պատասխան, ապահովելով նաև` նշված ուղղության անխափան և շարունակական աշխատանքը,

4. գործողությունների ամբողջական ծրագրով էապես ակտիվացնել խորհրդարանական դիվանագիտության ինստիտուտների աշխատանքը,

5. սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է անցնի աշխատանքի արտակարգ ռեժիմի (հանձնակատարին գոնե առժամանակ արգելել զբաղվել ազգերի սինթեզով կամ այլ վտանգավոր գործունեությամբ)` սփյուռքի կառույցների հետ աշխատանքն օպերատիվ համակարգելու նպատակով,

6. զարգացումների տրամաբանությունից և արագությունից ելնելով` կազմակերպել արտգործնախարարի և (կամ) վարչապետի հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ,

7. չստել սեփական հանրությանը (որքան էլ, որ դա դժվար է և անսովոր գործող իշխանությունների համար), զերծ մնալ որևէ կերպ հասարակության սոցիալական բեռն ավելացնելուց, դատարկաբանությունից և հայհոյախոսությունից»,- գրել է Բեքարյանը։

Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ կարծում է, որ դրանք իրականում դադարել են:

«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ՝ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- ասել է Ալիեւը:

Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը խախտել է բանակցային գործընթացի պայմանները։