Փաշինյանի կիսատ-պռատ հեղափոխության հետևանքներն ու Ամուլսարի թնջուկը

Փաշինյանի կիսատ-պռատ հեղափոխության հետևանքներն ու Ամուլսարի թնջուկը
Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը դարձել է փորձաքար Փաշինյանի իշխանության համար եւ կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Ակնհայտ է վարչապետի հակվածությունը՝ հանքը շահագործելու ուղղությամբ, ինչը խիստ հակասում է երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին:
Այն, որ Հայաստանի հանքերը դարձել են մասնավոր անձանց սեփականությունը, դա արդեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի առաջին գլխի հոդված 10-ի երկրորդ կետում գրված է. «Ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են»: Այդ ինչպե՞ս եղավ, որ պետության բացառիկ սեփականությունները դարձան նախկին բարձրաստիճան պաշտոնյաների բացառիկ սեփականությունը: Պատահական մարդը Հայաստանում չէր կարող դառնալ հանքատեր, Հայաստանում դրանց սեփականատեր դարձել են նախկին համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպիսիք են՝ վարչապետը, նախարարները, պատգամավորները եւ այլն: Օրինակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ իր ընտանիքի անդամները: Նրա եղբորը պատկանող «Ավազահատիկ» ավազի հանքը գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում, իսկ ավազն արդյունահանվում է հենց Արաքս գետից՝ բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնելով գետի համար, քանի որ խախտում է գետի բնական հումքը: 2017-ին Աբրահամյաններն իրենց մի քանի այլ բիզնեսների հետ միասին վաճառեցին նաեւ հանքերի մի մասը: 

Հանքերի նկատմամբ հատուկ «թուլություն» ունի նաեւ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Նրա անունը նախարար եղած տարիներին կապվեց «Գլոբալ Գոլդ մայնինգ» ընկերության հետ: Նյու Յորքի Դաշնային դատարանը, հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի, Վարդան Այվազյանի դեմ 37.5 մլն դոլարի վճիռ կայացրեց: Հետագայում երկար դատավարությունների շարք եղավ, որոնք, ի վերջո, ավարտվեցին Այվազյանի հաղթանակով։ Համենայնդեպս, նման հրապարակումներ եղան մամուլում։ Ամեն դեպքում, հանրային գիտակցության մեջ մեխված է, որ հանքերի շահագործման լիցենզիաները համատարած տրամադրվել են մեծ կոռուպցիոն գործարքների արդյունքում, դա ակնհայտ դարձավ նաեւ որոշ քրեական գործերի ընթացքից։
Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում հանքերի սեփականատեր են նաեւ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, վերջինիս եւ «համայն աշխարհին» կաշառք տված Սիլվա Համբարձումյանը եւ այլ նախկին պաշտոնյաներ: Ժամանակին հանքերի համար իրար «միս էին ուտում» Սիլվա Համբարձումյանը եւ Սուրիկ Խաչատրյանը, կարծես թե հանքերն իրենց հոր ժառանգությունն էին, ու իրենք ժառանգության կռիվ էին անում: Փաստորեն, ՀՀ նախկին իշխանությունները Հայաստանի բնաշխարհը դարձրել են մի հսկայական խոռոչ, որի խորքերից սերմացու գողացող մկների նման ով ինչ կարողացել՝ գողացել է ու հարստացել, հարստացել պետության սեփականության հաշվին: 

Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության 100 օրվան նվիրված հանրահավաքի ելույթում մի աշխարհացունց խոստում տվեց հպարտ քաղաքացուն. «Ժողովրդից գողացվածը պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվի ժողովրդին»: Փաստորեն, ժողովրդից գողացվել են Հայաստանի պետական սեփականություն հանքերը, այն, ինչից պետք է շահեին պետությունը, հասարակությունը, գերշահույթ են ստացել նախկին համակարգի արտոնյալները, բնականաբար՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իմացությամբ: Ու եթե Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ խոստանալով, որ ժողովրդից գողացվածը պետք է վերադարձվի ժողովրդին, ապա առաջին հերթին պետք է սկսեր հանքերից եւ պարզեր, թե ովքեր, ում թույլտվությամբ եւ ինչպես դարձան պետական սեփականություն հանդիսացող հանքերի տեր եւ ինչ շահույթներ ստացան դրանցից: Պետք է պարզեր, թե որ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչ հիմունքներով, բնապահպանական ինչ հիմնավորումներով Ամուլսարը տվեցին «Լիդիան» ընկերությանը՝ հանք շահագործելու: Այդ ինչպե՞ս եղավ, որ ԽՍՀՄ տարիներին Ամուլսարն ուսումնասիրեցին եւ պարզեցին, որ այստեղ հանքի շահագործումը վտանգավոր է թե՛ հայաստանյան բնության, թե՛ մարդկանց առողջության համար, եւ Կարեն Դեմիրճյանը թույլ չտվեց դրա շահագործումը: Այսօր ի՞նչը փոխվեց, որ այն դարձավ անվտանգ: Այսօրվա իշխանությունը խոստանում է, թե Ամուլսարի բնապահպանական ռիսկերը կարող են վերահսկել: Կառավարման այդ ի՞նչ առավելություններ ունեն երիտասարդ իշխանավորները, որը չուներ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած Խորհրդային Հայաստանը: Ի դեպ, եթե չեն կարողանում  մայրաքաղաքի ու «Սանիտեքի» ռիսկերը վերահսկել, հսկայական հանքի ռիսկերն ինչպե՞ս են վերահսկելու: 

Իսկ եթե Փաշինյանն իր խոստումներին տեր չի կանգնում եւ ժողովրդից գողացածը չի վերադարձնում ժողովրդին (առայժմ այդ մասին ձեն-ձուն չկա), ապա միանշանակ կարելի է փաստել, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ սովորական իշխանափոխություն: Եվ եթե այսօր սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով թիրախավորված է միայն Ռոբերտ Քոչարյանը, ապա Սահմանադրության հոդված 10-ի երկրորդ կետը խախտելու համար պետք է պատասխանատվություն կրի նաեւ նախկին իշխանության մի ողջ «աստղաբույլ», որոնց բացահայտելն արդեն ժողովրդին տված մեծ-մեծ խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի գործն է: