Փորձառու դիվանագետները շարունակում են ազատվել՝ «ռոտացիոն կարգի» հիմքով

Փորձառու դիվանագետները շարունակում են ազատվել՝ «ռոտացիոն կարգի» հիմքով

Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետ է կանչվել Ճապոնիայում և Հարավային Կորեայում դեսպան Հրանտ Պողոսյանը, իսկ մեկ այլ հրամանագրով Ճապոնիայում դեսպան էր նշանակվել Արեգ Հովհաննիսյանը։

Պողոսյանը  Ճապոնիայում դեսպան էր նշանակվել 2012 թվականի մայիսի 12-ին։ Նա մեծ ներդրում է ունեցել հայ-ճապոնական հարաբերությունների մեջ։ 

1987-2012 թվականներին դասախոսել է Տոկիոյի քրիստոնեական միջազգային համալսարանում (International Christian University)։ Արտակարգ և լիազոր դեսպանը համալսարանում զբաղեցրել է նաև վարչական պաշտոններ։ 1995-2007թթ․ եղել է ինտերնետային և ցանցային ծրագրերի կոմիտեի ղեկավարը, 1994-95, 1997-99 թվականներին՝ մաթեմատիկայի և կոմպյուտերային գիտությունների ամբիոնի վարիչը, 2001-05-ին՝ բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն դպրոցի դեկանը, 2005-08-ին  բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, 2008-12-ին բարձրագույն դպրոցի ղեկավարը։ Տոկիոյի համալսարանում 1996 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 

Հրանտ Պողոսյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ 1975-ին ստանալով Մաթեմատիկական գիտությունների մագիստրոսի աստիճան, իսկ 1982-ին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում՝  Տեսական կոմպյուտերային գիտությունների թեկնածուի աստիճան։ 1975-76-ին Մոսկվայի պետհամալսարանում եղել է Դիսկրետ մաթեմատիկայի դասախոս, 1976-91-ին դասավանդել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Երևանի պոլիտեխնիկական ամբիոնում։

2011-12-ին եղել է «Համաշխարհային առաջնորդության ուսումնասիրություններ» (“Global Leadership Studies“) ծրագրի հիմնադիր ղեկավարը։ 

1992թ ․ հիմնադրել և ակտիվորեն մասնակցել է Ճապոնիա-Հայաստան ասոցիացիայի աշխատանքներին: 2004-10թթ. եղել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի՝ Ճապոնիայի գծով խորհրդատու՝ Վարդան Օսկանյանի (1998-2008) և Էդվարդ Նալբանդյանի (2008-18) օրոք։ 2010-ին նշանակվել է Ճապոնիայում ՀՀ դեսպանության խորհրդատու: Իսկ 2012-21-ին եղել է Ճապոնիայում և Հարավային Կորեայում ՀՀ դեսպան (նստավայրը` Տոկիո)։

Չնայած Պողոսյանը 9 տարի զբաղեցրել է հիշյալ ասիական երկրներում դեսպանի պաշտոնը, սակայն հարցեր են առաջանում, թե ինչու է նա հետ կանչվել։

Այս թեմայով «Հրապարակի» թերթը հարցեր է ուղղել Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին։ 

«Հրապարակը» հետաքրքրվել էր, թե ինչով էր պայմանավորված արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի հետկանչումը, ինչպես նաև «հաշվի առնելով Պողոսյանի ներդրումը հայ-ճապոնական հարաբերություններում՝ ի՞նչ է նախատեսված նրա համար (պարգևատրում, մեկ այլ պաշտոնի նշանակում և այլն)։

ԱԳ նախարարությունը տվել է ստանդարտ պատասխան։ «Ի պատասխան ուղարկած Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ դեսպանների նշանակման և հետկանչման կարգը տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության հիման վրա և «Դիվանագիտական ծառայության» մասին օրենքի շրջանակներում. այն է՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Հավելենք նաև, որ արտաքին գործերի նախարարությունում գործում է ռոտացիոն կարգ»:

ԱԳՆ-ն նշել է «ռոտացիոն կարգը», ինչպես նախկին դեպքերում, երբ հետ են կանչվել այնպիսի դեսպաններ, որոնք 9 տարուց էլ քիչ են պաշտոնավարել որևէ երկրում։