Քրքրել են Արթուր Վանեցյանի երեխաների դասագրքերն ու տետրերը

Քրքրել են Արթուր Վանեցյանի երեխաների դասագրքերն ու տետրերը

Արթուր Վանեցյանի, նրա ծնողների բնակարանների եւ «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությունը տեւել է մի քանի ժամ։ ԱԱԾ աշխատակիցները ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են խուզարկության ենթակա տարածքները։ Հիմնականում փնտրել են զենք եւ ենթադրվում է՝ զինված հեղաշրջման պլանը, քանի որ թերթել են Վանեցյանի երեխաների տետրերն ու գրքերը, մտել են ներքնաշորերի արկղերը, մահճակալների տակն ու զուգարանները։ Տքնաջան աշխատանքի արդյունքում իրենց հետ տարել են Վանեցյանի հոր երկու որսորդական հրացանները, որոնք օրինական են։ Մի քիչ փող են գտել տանը,ցանկացել են տանել, բայց կինն ասել է, որ դա իրենց առօրյա ծախսերի փողն է՝ ամուսնուն տանում են, փողն ինչի՞ են տանում։ Խուզարկողները զանգահարել են շեֆերին ճշտվել եւ հրաժարվել գումարը բռնագրավելու մտքից։ Տանը չի եղել միայն միջնեկ որդին, ավագ որդին ու դուստրը տանն են եղել՝ ներկա են գտնվել այդ ամբողջ գործընթացին։ Արդեն հաղորդել ենք, որ իշխանությունը նոր քրեական գործ է հարուցել՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն եւ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի նախապատրաստություն։

Կպչուն մտքերը փաստորեն ՀՀ վարչապետին հուշել են, որ Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո ազգայնական շրջանակներին ոչինչ չի մնում անել, քան իրեն բռնությամբ իշխանությունից հեռացնելը։ Ու քանի որ ինքն ամեն կերպ խոչընդոտելու է դրան եւ երբեք ինքնակամ հրաժարական չի տալու, ուստի մնում է մի ելք՝ իրեն սպանելը։

Հիշեցնենք, որ ձերբակալվել է Սիսական ջոկատի հրամանատար լեգեդար Աշոտ Երկաթը՝ Աշոտ Մինասյանը, ոստիկանության նախկին մամուլի պատասխանատու Սայաթ Շիրինյանը, Արթուր Վանեցյանը։

Բերման են ենթարկվել նաեւ ԱԺ ՀՀԿ  խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, ով նաեւ ԲՀԿ նախկին պատգամավոր էր։Ձերբակալվել է նաև ՀՅԴ անդամ, սիսիանցի նկարիչ Աշոտ Ավագյանը,որը օրերս մեր թերթին հարցազրույց էր տվել:Առգրավվել են նաեւ Իշխան Զաքարյանի օրինական զենքերը։ Ձերբակալությունները շարունակվում են։