Մարզպետը` համայնքապետի թեկնածու

Մարզպետը` համայնքապետի թեկնածու

Ջեբրայիլը գրաված Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արմավիրի այժմյան մարզպետ Արգիշտի Մեխակյանին ՔՊ-ն փորձելու է Էջմիածնի քաղաքապետ դարձնել։ Իշխանությունը մտադիր է երկրորդ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ։ Փաշինյանին հավատացրել են, որ 3 տարի Խոյ համայնքը ղեկավարած Մեխակյանը կկարողանա հաղթել Վաղարշապատի ընտրություններում․ մի կողմից՝ հոր հիշատակն իր դերը կխաղա, մյուս կողմից` Խոյի ընտրողների քվեն:

Ի դեպ, Խոյը մեծ համայնք է եւ գրեթե այնքան ընտրող ունի, որքան Էջմիածինը, եւ խոշորացնելով համայնքը՝ իշխանությունը հույս ունի աշնանը նախատեսված Վաղարշապատի ընտրություններում հաղթել: «2021-ին Վաղարշապատը խոշորացավ Ոսկեհատի հետ, եթե Խոյն էլ միացնելու կարիք կար, եւ եթե քաղաքական չէ այս ամենը, ու ՔՊ-ն իր աթոռի համար չի անում, այն ժամանակ ինչո՞ւ չարեցին, հիմա են որոշել։ Ես դեմ եմ Էջմիածնի խոշորացմանը, դեմ են նաեւ շատերը։ Սա բացառիկ քաղաք է՝ որպես հոգեւոր կենտրոն, եւ պետք է նայել այլ աչքով»,- ասաց ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո համայնքապետի ԺՊ-ն նրա տեղակալն է՝ Արսեն Պետրոսյանը, որը հանրակրթական դպրոցի վկայական ունի միայն` բարձրագույն կրթություն չունի, իսկ օրենքն արգելում է համայնքապետ առաջադրվել` առանց բարձրագույն կրթության։ Նա համայնքը կկառավարի մինչեւ ընտրություններ, ենթադրաբար՝ մինչեւ հոկտեմբեր։