Հանրությունը սթրեսային վիճակում է եւ մշակույթին է վերապահված փրկօղակի դերը

Հանրությունը սթրեսային վիճակում է եւ մշակույթին է վերապահված փրկօղակի դերը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում իրականացրել է առցանց հեռարձակումներ՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ։ Թատրոնի տնօրեն՝ Լուսինե Սահակյանն ասում է, որ դիտումների թիվը գերազանցել է սպասելիքները՝ շուրջ 35 հազար հանդիսատես եւ առցանց ցուցադրված մեկ տասնյակի հասնող ներկայացումներ՝ «Ռուզան», «Չար ոգի», «Արյունոտ հարսանիք», «Լիր արքա», «Ես միայն զանգահարելու եմ եկել»։ 

«Առցանց տիրույթում մրցունակ լինելն, ինչ խոսք, կարեւոր է, բայց հաշվի առնելով, որ թատրոնը կենդանի արվեստ է, հնարավոր չէ ամեն բան կազմակերպել լիարժեքորեն եւ լիովին՝ առանց հանդիսատեսի հետ կենդանի շփման, կարծում ենք, որ արդեն իսկ անհրաժեշտ է վերսկսել աշխատանքը հանդիսատեսի համար՝ պահպանելով պարետատան կանոնները եւ անվտանգության բոլոր նորմերը համավարակի շրջանում։ Նախ որ հանրությունն իսկապես սթրեսային վիճակի մեջ է, որ մշակույթին է վերապահված փրկօղակի դերը, եւ երկրորդ, որ դերասանական, գեղարվեստական համակազմը կարիք ունի լավ մարզավիճակում լինելու»,-ընդգծում է թատրոնի տնօրենը։ 

Թատրոնների համար լուծում կլինի, եթե ձեռք բերեն ախտահանիչ սարքեր՝ 590 հազար դրամ արժողությամբ, որի շնորհիվ անվտանգությունը մեծ մասամբ ապահովված կլինի․ «Այս սարքերը խցիկներ են, որոնք տեղադրվում են տվյալ կազմակերպության մուտքի մոտ, եւ մուտք գործելիս մարդիկ ախտահանվում են։ Ախտահանումը տեղի է ունենում անհպում, 360 աստիճանով, 5 տեղից, նույնիսկ կոշիկներն են ախտահանվում։ Տարողունակությունը 10լ է, որը բավականացնում է 1000-1200 մարդու ախտահանման համար։ Սարքը շուկայում միակ էկոնոմային տարբերակն է, քանի որ մեկ մուտքանի է»։  

Վանաձորի թատրոնի բակն ունի նաեւ եզակի հնարավորություններ մասնավորապես բացօթյա ներկայացումներ խաղալու։ «Այս պահին ընթանում են երկու բացօթյա ներկայացման փորձեր։ Հաշվի առնելով, որ շատ դժվար է, երբ գոյություն ունեցող ներկայացումն է հարմարեցվելու բացօթյայի պահանջներին, որոշել ենք ներկայացում ստեղծել հենց բակի համար։ Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացում է պատրաստվում հանդիսատեսի դատին հանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ Ներկայացումը պլանավորվում է խաղալ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում։ Արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ»։ 

Թատրոնի դերասան, բեմադրական մասի վարիչ Արամ Մխիթարյանը ցերեկային ներկայացում է պատրաստում բակի համար։ Մանկական ներկայացումը բեմադրված է վեց հեքիաթների մոտիվներով՝ «Մատնաչափիկ», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Կոշկավոր կատուն» եւ «Բժիշկ Այբոլիտը»։ «Բեմադրված են հատվածներ հեքիաթներից՝ երաժշտական եւ պարային անցումներով։ Երկու ներկայացումներն էլ շուտով պատրաստ կլինեն, իսկ թե երբ կհանձնվեն հանդիսատեսի դատին, կախված կլինի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պարետի եւ ԿԳՄՍ նախարարության որոշումներից»։   

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջիկայում հանդես կգա նաեւ հեռուստաթատրոնի ադապտացիոն տարբերակով՝ թատերական խաղը զուգակցված ժամանակակից տաղավարային նկարահանմամբ: Ռեժիսորը թատրոնի երիտասարդներից Արեն Օսիպյանն է․ «Սպասվող ներկայացման միտքը ծնվել է հենց համավարակի ժամանակաշրջանում: Ստեղծել ենք նոր ձեւաչափ, նոր կապ, որը թատրոնից եւ տարբերվում է, եւ այնքան էլ չի տարբերվում։ Առաջիկա նախագիծը հեռուստաթատրոն կարելի է անվանել, քանի որ էկրանավորվելու է: Բոլոր գործողությունները կատարվելու են բեմից դուրս։ Ֆիլմի տարբերակով ներկայացում է, որը թե՛ հանդիսատեսի, թե՛ դերասանի համար նոր ձեւաչափ է։ Հեռուստաներկայացման հիմքում Ա. Չեխովի «Արջը» եւ «Առաջարկություն» ստեղծագործություններն են»։  

Ինչ վերաբերում է թատրոնի շենքի վերանորոգմանը, ապա նախագիծն այս պահին լրամշակման փուլում է․ «Հավելեմ միայն, որ օգտագործելով արտակարգ դրության ժամանակահատվածում առաջացած պարապուրդը, թատրոնի բեմը վերազինել ենք ինքնաշխատ սարքավորումներով, որը զգալիորեն կհեշտացնի հանդիսատեսի եւ ոչ միայն հանդիսատեսի համար անտեսանելի, բայց իրականում բավականին բարդ աշխատանքը»։ 

Ի դեպ, «Արմմոնո» փառատոնն օգոստոսի 8-ին կհյուրընկալվի Վանաձորի թատրոնում՝ բացօթյա-առցանց ձեւաչափով․ կներկայացվեն Գրիգոր Նարեկացու «Մատյանը»՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մատուցմամբ, եւ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ստեղծագործությունը՝ գրված «Վենետիկի վաճառականը» պիեսի հիման վրա, որտեղ Շեյլոկի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Արամայիս Սարգսյանն է։