Իրանա-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ փոխվել է, բացի մեկ կարևոր հարցի շուրջ Թեհրանի անհանգստությունից

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ փոխվել է, բացի մեկ կարևոր հարցի շուրջ Թեհրանի անհանգստությունից

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանա-իրանական սահմանին՝ Բոյուք Բահմանլի գյուղի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, կա վիրավոր։ Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե սահմանախախտները եղել են իրանական կողմից։ Իրականում, սա ադրբեջանա-իրականան երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Մյուս միջադեպը մայիսի 15-ին էր՝ «Հեյեթեփե» սահմանային ուղեկալի մոտ՝ գրեթե նույն սցենարով․ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ իրանցիները չեն արձագանքել ադրբեջանցիների «կանգնիր»-ին, կրակ են բացել նրանց ուղղությամբ, գցել բեռը և փորձել հեռանալ։

Իրանը, որպես Հայաստանի ու Ադրբեջանի ամենամոտ հարևան, որը 44-օրյա ողջ պատերազմի ընթացքում ուշի ուշով հետևում էր իրավիճակի հանգուցալուծմանը, (քանի որ ռազմական գործողությունները ծավալվում էին ոչ միայն նրա հյուսիսային սահմանի մոտ, այլև իրենց ներգրավվածությունն էին գտել նրա որոշ շրջաններում, որտեղ ընկնում էին հրթիռներ), ինչպես հայտնի է՝ Ադրբեջանի հետ ունի բազմաշերտ, ու, կարելի է ասել՝ բարդ հարաբերություններ։ Թեհրանի հիմնական անհանգստությունը ոչ այնքան այդ հրթիռներն էին, այլ Բաքվի ռազմական ու տնտեսական հզորությունների ավելացումն այն պարագայում, երբ 82 միլիոնանոց Իրանում ապրում է ավելի շատ՝ շուրջ 15 միլիոն անջատողական տրամադրություններ ունեցող ադրբեջանցի, քան բուն Ադրբեջանում։

Մինչև 19-րդ դարը ժամանակակից Ադրբեջանի տարածքների մի մասը պատկանում էր Պարսկական կայսրությանը, իսկ 1828-ին այս շրջանները դարձան Ռուսաստանի կայսրության մաս։ 1991-ին ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրեջանը ստացավ անկախություն։ Սակայն Իրանի Արևմտյան ու Արևելյան Ադրբեջան կոչվող տարածքներում մնաց անջատողական տրամադրություններ ունեցող ադրբեջանական 15 միլիոն բնակչություն։ Նաև Կասպյան ավազանի երկրներ Իրանն ու Ադրբեջանը մրցակցային բարդ հարաբերություններ ունենին նավթի արդյունահանման ոլորտում։

Ադրբեջանամետ այս բնակչությունը ոչ միայն Արևմտյան և Արևելյան Ադրբեջան կոչվող իրանական տարածքներում է, այլև ձևավորվել ու գործում է որպես իրանական ամեաազդեցիկ ազգային փոքրամասնություն․ ադրբեջանցի թուրքերը (ադրբեջանցի իրանցիներին այսպես են կոչում) ոչ միայն վերահսկում են երկրի ամենակարևոր առևտրային կետի՝ Թեհրանի շուկայի հիմնական մասը, ունեն տնտեսական լծակներ, այլև ունեն իրանական քաղաքական վերնախավում պրոադրբեջանական ռազմական ու հասարակական քաղաքական գործիչներ, հասարակություն, որը 44-օրյա պատերազմի օրերին հանրահավաքներ էր կազմակերպում և հրապարակային ելույթներում բացեիբաց խոսում էր «մահմեդական եղբայրներին» աջակցելու մասին։ 

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նույնպես հայրական կողմից ունի ադրբեջանական արմատներ։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի հետ մշտական մրցակցության մեջ գտնվող Իրանում Խամենեիների տոհմի 4 ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ Ղարաբաղն, «անկասկած», պատկանում է Ադրբեջանին։ 

Այնուամենայնիվ, իրանագետ Արմեն Վարդանյանը բացառում է առավել մասշտաբային իրանա-ադրբեջանական միջադեպեր, պատերազմական գործողություն։

«Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ տնտեսական, քաղաքական, իրենց բոլոր խորքային տարաձայնություններով հանդերձ բավականին լավացել են վերջին 6-7 տարիներին։ Տնտեսական առումով նույնիսկ՝ Իրանի օգնությամբ Ադրբեջանի տարածքում համատեղ ավտոմեքենաների հավաքման գործարան է կառուցվել, Ադրբեջանը 550 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Իրանին, Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցմանը, որով Ադրբեջանի ու Իրանի երկաթուղիները կմիավորվեն։ Տնտեսական երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն բարելավվել են։ Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերություններին, քանի որ 2013-ից ի վեր Իլհամ Ալիևը հետևողականորեն ձգտում էր և կարողացավ հասնել նրան, որ Հայաստանի հիմնական դաշնակիցների հետ (մինչև վերջին տարիները՝ Իրան, ՌԴ ) ինքն էլ հարաբերություններ զարգացնի, որպեսզի գոնե չեզոքացնի այդ երկրներին»,-ասում է իրանագետը։ 

Միակ խնդիրը, որում Իրանը շարունակում է նախկինի պես տարաձայնություններ ունենալ Ադրբեջանի հետ, Ալիևի կողմից անընդհատ կրկնվող «Զանգեզուրի միջանցքն է», որի կապակցությամբ էր, որ պատերազմից հետո Հայաստան եկած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այս տարվա հունվարին հայտարարեց, որ Թեհրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։

Խոսքը, բնականաբար, Ալիևի հայտարարած «միջանցքի» մասին է, որում Թեհրանը շահագրգռված չէ իսպառ։ Սա փաստացի էականորեն երկարաձգելու է Իրան-Ադրբեջան սահմանը և կրճատելու է Հայաստանի ու Իրանի հաղորդակցությունը։ Իրանագետի խոսքով՝ իրանական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի այդ՝ «Զանգեզուրի միջանցքի» կայացումը կամ բացումը տեղի չունենա։