Իմ տունն այնպիսի զենքերով է ավերվել, որ աննկարագրելի է, ոչ մի տեղ նման զենք չեն կիրառում

Իմ տունն այնպիսի զենքերով է ավերվել, որ աննկարագրելի է, ոչ մի տեղ նման զենք չեն կիրառում

Գրել էինք, որ Արցախցի կանայք, որոնք այս օրերին ժամանակավորապես ապաստանել են Երեւանում, բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։
Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպեն, որպեսզի լսելի դարձնեն  Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մասին։

«Իմ տունն այնպիսի զենքերով է ավերվել, որ աննկարագրելի է, ոչ մի տեղ նման զենք չեն կիրառում, բայց ես էլի գնում եմ Ստեփանակերտ, սակայն  մինչեւ դուրս չգան, չեմ գնա էստեղից։ Հերիք է, ինչքա՞ն կարելի է կույր լինել, ինչ-որ շինծու բաների հետեւից են ընկնում»,- լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց արցախցի կանանցից մեկը։

Արցախցի մեկ այլ կին դուրս գալով ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպումից, հայտարարեց, որ գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղում չէ։

«Մենք պահանջեցինք շտապ հանդիպում, բայց մեզ բացատրեցին, որ նա հանդիպման է։ Մենք պայմանավորվել ենք, որ ժամը 17։00-ին մեր պահանջով կրկին ներկայանալու ենք։ Այսինքն՝ մենք չենք ցրվում, պետք լինի 15 օր կսպասենք, որովհետեւ գնալու տեղ չունենք»,- ասաց նա։

Նշենք, որ այս պահին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց հերթական բողոքի ակցիան է կազմակերպվել,  վերջին օրերին այստեղ տեղի ունեցած ակցիաներից ամենամարդաշատը։ Այն առաջնորդում են մի շարք հայտնի դերասաններ։