Բոլոր հեղափոխություններն ու շարժումները մեռնում են պալատներում

Բոլոր հեղափոխություններն ու շարժումները մեռնում են պալատներում

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի այս համարի հերոսը արձակագիր Լեւոն Ջավախյանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։

Հոգեվոր Հայաստանն այն միջավայրն է, որտեղ ապրում ենք
Հոգեւոր Հայաստանը սահման չունի եւ չի էլ կարող ունենալ, որովհետեւ հոգին անսահման է։ Հոգեւոր Հայաստանն այսօր այն միջավայրն է, որտեղ մենք ապրում ենք, այն անցյալը, որ մենք ժառանգել ենք, այն ծիլը, որ մեր մեջ է եւ վաղը ապագա է դառնալու։ Հոգեւոր Հայաստանը ես եմ, դու ես, նա է, ում մեջ հոգի կա, գեղարվեստ, արվեստ, մնայուն մի բան, որ պտուղ է տալիս։ Հոգեւոր Հայաստանը, այնուամենայնիվ, Մակունցը չէ, դա մնայուն գոյություն է։ Հայաստանն առանց հոգու նման է կավի, առանց հոգու հայրենիք չկա։ Հոգեւոր Հայաստանն այն կարեւորն է, որն այսօր այնքան էլ չեն կարեւորում մեզանում։ Ես դրա համար խիստ պաշտամունք ունեմ առ Վռամշապուհ թագավորը, որովհետեւ ինձ համար հոգեւոր Հայաստանի որմնասյուները, հիմքերը դրեց հենց նա։ Մենք շատ ենք գովում Տիգրան Մեծին, Արտաշեսյան դինաստիան, բայց ո՞ւր է այդ ծովից ծով Հայաստանը՝ չկա, բայց փոխարենը կա հոգեւոր Հայաստանը, որը հող չի, առու չի, գետ չի, քար չի, դա մնայուն է, որի հիմքերը դրեց Վռամշապուհ թագավորը, եւ որին հիմա այնքան էլ չեն կարեւորում՝ այն աստիճան, որ նույնիսկ փողոց չկա նրա անունով։ Մինչդեռ նրա օրոք ստեղծվեցին մեր գրերը, եղավ ոսկե դարը, ստեղծվեց իսկական մտավորականություն, որոնք արարեցին Հայաստանը։ Իսկ մտքի, հոգու արարումը շատ կարեւոր է․ Սոլժենիցինի մոտ մի տող կա, ասում է՝ 38-39 թթ․ ավելի շատ մարդ սպանվեց, քան 37 թ․, բայց քանի որ 37թ․ բռնապետը կպավ մտքին, հիշողությանը, հոգեւոր երկրին, դրա համար պատմության մեջ մտավ հենց 37 թիվը։ Հայաստանում այդ հոգեւորի հիմքերը դրվեց հենց Վռամշապուհ թագավորի օրոք, հակառակ դեպքում մեր Հայաստանը եւ մեր ժողովուրդը կնմանվեին Մարկեսի հերոսներին, որոնք նստած՝ անընդհատ հող են որոճում։  

Հանկարծ չկարծեն, թե ամեն ինչ են
Հիմա մշակույթում ոնց որ լճացման մեջ լինենք, քայլ չկա։ Քաղաքական առումով քայլ արվեց՝ հիմա սուտ քայլ էր, թե առաջագնա քայլ, բայցեւայնպես, քայլ արվեց։ Եվ դրա մեջ ես ամենաշատը գնահատեցի այն, որ նրանք, ովքեր ամեն ինչ էին, պարզվեց, որ ոչինչ են։ Նրանք, որ կարծում էին փողով ամեն ինչ կարող են, այսօր ոչինչ են դառել։ Դա մեծ դաս է մեր քաղաքական գործիչներին եւ հենց ներկայիս իշխանավորներին, որ հանկարծ չկարծեն, թե իրենք ամեն ինչ են։ Վաղը-մյուս օրը կգա մի Նիկոլ ու հենց Նիկոլին ոչինչ կդարձնի։ Իսկ հոգեւոր առումով մի տեսակ լճացման մեջ ենք, որովհետեւ կյանքը 7 մղոնանոց քայլերով առաջ է գնում, իսկ մենք քարշ ենք գալիս այդ կյանքի հետեւից եւ չենք հասնում կյանքին։ Լրագրությունն ինչ-որ տեղ առաջագնա քայլ արեց, որովհետեւ կյանքն առաջ էր գնում, եւ նա արձանագրում էր այդ կյանքը, իսկ արվեստը մնաց տեղում։

Հեղափոխական ու ժողովրդական շարժումներից արդեն զզվում եմ
Ուզում եմ մի պատմվածք գրել, բայց երեւի այդպես էլ չգրեմ կամ էլ գուցե ինչ-որ կերպ կարտահայտվեմ․ ես այս հեղափոխական, ժողովրդական շարժումներից արդեն զզվում եմ, տանել չեմ կարողանում, երբ կարող-չկարող ձեռքը բռունցք է անում կամ մատներով «V» է ցուցանում ու անընդհատ նույն բանը՝ բողոք, փողոց, հրապարակ։ Հիշում եմ իմ օղորմածիկ ընկերոջը՝ չաղ Ֆելոյին, երբ ՀՀՇ-ի համագումարում ասաց՝ այս շարժումն էլ, ինչպես մյուս շարժումները, սկսվեցին փողոցներից, հրապարակներից եւ ավարտվեցին պալատում։ Բոլոր հեղափոխությունները, շարժումները մեռնում են պալատներում։ Ես զզվում եմ այդ հեղափոխություններից եւ նրա կրող ժողովրդից, որովհետեւ զարգացումն այդպես չի լինում։ Մարդը, բույսը ո՞նց են աճում, պարտադի՞ր է հեղափոխություն լինի, որ այդ զարգացումը լինի։ Ես ուզում եմ ոչ թե բեկումնային բաներ տեսնել, այլ իսկապես թավշյա ճանապարհով գնացող զարգացում։ Այդ առումով իմ իմացած զարգացումը խիստ տարբերվում է այդ հեղափոխական զարգացումից։  

Պոեզիայի ժամանակներն ավարտվել են
Կարծես հիմա պոեզիայի ժամանակներն ավարտվել են։ Եվ ո՞րն է դրա պատճառը։ Կային պոետներ, որոնք եղանակ էին ստեղծում եւ դարակազմիկ էին, որոնք նոր եւ հոգեւոր Հայաստան էին բերում՝ Տերյանը, Թումանյանը, Չարենցը, Շիրազը, Սեւակը։ Հիմա կան մեկը մյուսից լավ պոետներ, բայց դարակազմիկ չեն, այսինքն՝ ապրում են դարի մեջ, բայց դարակազմիկ չեն։ Մի կողմից՝ չեն կարողանում դարի, ժամանակի շունչը բռնել, մյուս կողմից՝ հինը մոռացել են, չգիտեն՝ որն է նորը, մի կողմից՝ այդ պոռթկումը չեմ տեսնում, մյուս կողմից էլ՝ գուցե դրա ժամանակներն անցել են, եւ հիմա ուրիշ բան է պետք։ Արվեստն անսահման է, եւ այդ անսահմանի փնտրտուքի մեջ մտավորականն այդ ուրիշը պետք է գտնի։ Էն, որ Սասունցի Դավիթն ասում է՝ մի հատ քեզ թափ տուր․ հիմա թող մի հատ իրենց թափ տան, տեսնենք իրանցից ինչ կմնա, կարող է եւ ջաղացաքարի տակ մարդ չմնա։

Լեզուն միայն թղթի վրա չի արարվում
Վերջերս զգացել եմ, որ հին ժողովրդական բարբառների մեջ ապրում է մի լեզու, որը հաղթել է մեր այս գրական լեզվին։ Աշխարհաբարի հիման վրա ստեղծված գրական լեզուն սինթետիկ լեզու է։ Ես գրելիս երբեմն մտածում եմ հասնել իմ բանավոր խոսքի ուժին։ Ում էլ նայես, մարդիկ անսխալ խոսում են, եւ բանավոր խոսքը միշտ էլ ավելի կենդանի է ու գեղարվեստական, բայց երբ իջնում է թղթի մակարդակի վրա, գեղարվեստն արդեն վերանում է։ Վերջերս ընկերներիցս մեկը մի գիրք տվեց՝ մեր գյուղացի պատմաբան Եղիշ Սահակյանը, որ դոցենտ է եղել, կյանքի վերջում գրի է առել Շնողնա պատմություններն ու դա արել է մաքուր մեր Շնողնա բարբառով՝ անխաթար պահելով այդ լեզուն ու դրանով պատմվածքներ հյուսել։ Ակամայից մրցակցության մեջ մտա այդ լեզվի հետ, մեկ էլ տեսա «կրվում» եմ, ու պատճառը լեզվի մեջ է, որովհետեւ լեզուն միայն թղթի վրա չի արարվում, ու ինչքան ձգտում ես բանավոր խոսքի վարպետությանը հասնես, տեսնում ես, որ սինթետիկ քո լեզվով «կրվում» ես դարերով ձեւավորված այդ լեզվին։

Ժողովրդին պաշտպանել պետությունից, հայրենիքը՝ ժողովրդից
Քիչ առաջ Ֆեյսբուքով իմ ընկերներից մեկի՝ Կարեն Աթայանի գիրն աչքովս ընկավ։ Ասում է՝ ժողովրդին պետք է պաշտպանել պետությունից, իսկ հայրենիքը՝ ժողովրդից։ Շատ խորը իմաստ կա, մոտավորապես այդպես էլ պետք է լինի մշակույթ-պետություն հարաբերությունը։ Ամեն դեպքում, մշակույթը պետությունը չի արարում, մշակույթն արարում է անհատը, եւ պետության դերը կայանում է նրանում, որ օժանդակի նրան, թե չէ պետությունն առանձին վերցրած՝ չի կարող մշակույթ ստեղծել։ Պետությունն ինչպես հին հուշարձաններն ու մշակութային ժառանգությունն է պահպանում, այդպես էլ պետք է պահպանի ու խրախուսի մշակութային գործունեությունը, ինչում թերանում է։ Անհամեստ գտնվեմ․ ես՝ Լեւոն Ջավախյանս, Խորենացու մեդալակիրս, պետական մրցանակի դափնեկիրս, մի պատմվածք չունեմ թարգմանված։ Այսինքն՝ անգամ մի պատմվածք մշակույթի նախարարությունը չի թարգմանել, մինչդեռ պետության դերը կայանում է հենց նրանում, որ փնտրի, գտնի եւ ներկայացնի այդ մարդկանց։