«Տարվա ապահարզան» կատեգորիայում հաղթող է ճանաչվել
Մինչ դուք քաղցրավենիքի սեղան եք գցում և չարազի, մրգերի մեկ տարվա բաժինը տեղավորում հյուրերի ափսեներում,«Հրապարակի» կազմը աշխատում է և փորձում է տոնական տրամադրություն ստեղծել: Ինչ Նոր տարի, եթե չկա տարվա ամփոփում, քանի որ 21 թվականին դրական ձեռքբերումները այնքան քիչ ու աննշան են եղել, որ դրանք թվարկելը անգամ ամոթ կլինի, որոշեցինք տարվա հակահերոսներին հիշատակել:
Եվ այսպես, «տարվա ապահարզան» կատեգորիայում մրցանակը տրվում է Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայկ Մարությանի ապահարզանը մի քանի ամիս տևած ոդիսական էր, որին շունչը պահած հետևում էր ողջ հանրությունը, մինչև վերջին պահը հույս ունենալով, որ կլինեն էական նշանակության գործընթացներ: Սակայն կյանքը ավելի պրոզայիկ դուրս եկավ և ամեն ինչ ավարտվեց Հայկ Մարությանի «դուռը շրխկացնելով»: Ստորև ներկայացնում ենք մի փոքրիկ հատված նախկին քաղաքապետի վերջին ուղերձից:
«Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ: Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում: Եվ կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի... Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է. ինչպես նախաձեռնող խումբն է ասում` քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը... Նրանք վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, որ «ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը», «ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա նույնպես անընդունելի է և վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն։»
Դե ինչ, այս բաժանումն, իհարկե, աղմկահարույց էր, բայց թերևս զարմանալի չէր, վերջին 3 տարիները հստակ բաժանեցին մեզ «սևերի և սպիտակների», իսկ այդ բաժանման նախահայրը հենց Հայկ Մարությանն էր, այնպես որ «ուրիշին փոս մի փորի` ինքդ մեջը կընկնես» ավելի քան երբեւէ ակտուալ է:
Կարծիքներ