Ընդդիմությունը չի կարողանում լիարժեք բացատրել, որ սրանց հեռացնելն արդեն ծրագիր է

Ընդդիմությունը չի կարողանում լիարժեք բացատրել, որ սրանց հեռացնելն արդեն ծրագիր է

Հարցազրույց գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանի հետ

- Պարոն Վարդանյան, հնարավո՞ր էր խուսափել այս աղետից` Արցախի լիակատար կապիտուլյացիայից:

- Եթե իրատեսորեն նայենք իրավիճակին, այս տեսակ հասարակությամբ ոչ միայն սա է հնարավոր, այլեւ` ավելի վատթարը: Մինչեւ հիմա աղետը աղետի հետեւից... եւ նույնիսկ անդունդի եզրին կամ հենց անդունդի մեջ մեր հանրությունը դեռ ընդհանուր հայտարարի չի եկել: Նույն իրարամերժ մտայնությունները, ինչպես 5 տարի առաջ: Ամեն մեկը յուրովի մեղավոր է փնտրում, եւ ստացվում են անհամար մեղավորներ: Առաջ մի այսպիսի հասկացություն կար` հայի հետին խելքը, երբ աղետն արդեն անցած-գնացած էր լինում, գոնե հավաքվում, խելք-խելքի էին տալիս ավագները եւ գտնում էին, թե որն էր պատճառը, բայց այս աղետի պատճառը հավերժ վիճարկվելու է, եւ ավելի վատթարը կարող է լինել...

- Այսինքն՝ չի բացառվում, որ առաջիկայում իրավիճակը կարող է ավելի վատթարանալ:

- Դե, արդեն վատթարանում է կարծես, ու եթե մի պահ հույս ունեինք կամ մտածում էինք, որ 3 տարի առաջ` նոյեմբերի 9-ի աղետին պատրաստ չէինք, մեզ միամտացրին ու խլեցին մեր հայրենիքը մեր ձեռքից, հիմա պարզվեց, որ դա ոչ միայն վերջը չէր, այլեւ ավելի վատն էլ կար, ու եթե դիտարկում ենք այդ տրամաբանության մեջ, ապա սա շարան է: Եթե գոնե ժամանակին սթափված լինեինք ու պատճառները գիտակցեինք, գուցե թե հնարավոր լիներ այս թափանիվը կանխել ու կանգնեցնել, բայց այդ անիվը դեռ անարգել շարժվում է, եւ այն կանգնեցնելու փորձ էլ չի արվում:

- Բայցեւայնպես, ինչպե՞ս կանգնեցնել այս կորուստների շղթան, հատկապես որ բոլորն են գիտակցում` վտանգված է արդեն Սյունիքը, թշնամին էլ չի թաքցնում Զանգեզուրի միջանցքը ստանալու իր մտադրությունը: Ի՞նչ կարող ենք անել, ընդդիմությունը նորից հաջող-անհաջող փորձեր է անում՝ մարդկանց համախմբելու համար: Այս իրավիճակից ելք տեսնո՞ւմ եք:  

- Միանշանակ է, որ պետք է այս իշխանությանը քշել որոշումներ կայացնողների այդ աթոռից: Ընդդիմությունը, իր տկար հալով, գոնե այդ մի բանը գիտակցում է, որ ժամ առաջ սրանց պետք է քշել, բայց ինչու չի ստացվում դա, ինչու այդ կրիտիկական զանգվածն այդպես էլ փողոց դուրս չի գալիս` հարց է, որի շուրջ ամեն մեկն իր պատճառաբանությունն ունի։ Այո, կա ուղեղը թափած մի խառնամբոխ, որ ամեն անգամ, երբ կոչ ես անում պայքարի, ասում է` գնացեք սահման, նույնպիսի մի ամբոխ, կամ գուցե դրանք նույնական են, ասում է` ռուսին քշեք այստեղից, ու ամեն ինչ լավ կլինի...

- Կամ՝ ուրախանում են Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ...

- Այո, այս հանրությունն ուղղակի մեզ կխորտակի ու այն չնչին տոկոս սթափ մարդկանց էլ իր հետ կտանի գերեզման: Անցած տարի արդեն այն վիճակին էի հասել, որ երանի էի տալիս` երկրաշարժերի այդ շարանը Թուրքիայում հավերժ տեւեր։ Սա ոչ թե չարությունից եմ ասում, այլ որ Էրդողանի պես ճիվաղն իր գծած ծրագրից գոնե մի քիչ հետ կկանգներ` մեկ ամիս թե մեկ տարի, բայց գոնե մենք մի քիչ սթափվելու ժամանակ ունենայինք, բայց այդ նույն անդեմ զանգվածը ոչ միայն ցավակցում էր, դեռ մեզ էլ սաստում էր...: Այսօր արդեն այդ նույն զանգվածը ոնց է ցնծում, հրճվում, որ հայ մարդ է ձերբակալվել, այն էլ՝ քիչ թե շատ այնպիսի հնարավորություններ ունեցող մարդ, որը քիչ բան չէր արել ու դեռ պատրաստվում էր անել այդ հանրության համար: Մեր մեծագույն ցավն այս անասնագույն հրճվանքն է, մենք մի հայկական դիմագիծ ունեինք, բայց վաղուց արդեն դա էլ կորցրել ենք: Ինչի՞ վրա են հրճվում այդ մարդիկ` չեմ հասկանում: Հիմա տեսեք, մի մեծ հատված էլ կասկածի տակ է դնում այդ կոչերն ու հավաքները, եւ դա հիմնականում մտավորական դաշտից է հնչում, թե բա՝ հստակ ծրագիր ներկայացրեք, որ իմանանք՝ ինչից հետո ինչ է լինելու: Ու ընդդիմությունն էլ չի կարողանում լիարժեք բացատրել, որ սրանց քշելը, հեռացնելն արդեն ծրագիր է, դա թիվ մեկ առաջնային, ազգափրկիչ ծրագիրն է: Այդ ի՞նչ հարց է` ծրագիր, սրանց պիտի քշես, որ ազգային ուժերն իրենց միջից գտնեն մեկին, որ սկսեն մտածել` ինչպես եղածը պահեն: Այս օրհասական ժամին էլ ուրիշ ծրագիր կարո՞ղ է լինել, թե՞ ծրագիր պահանջելով՝ արդարացնում ես քո անտարբերությունը:

- Շատերն էլ ասում են, որ այս անկայուն վիճակում պետք չէ պահանջել իշխանությունների հրաժարականը եւ էլ ավելի սասանել երկրի հիմքերը, այլ պետք է համախմբվել նրանց շուրջ:

- Համաձայն կլինեի, եթե մեզ մոտ լիներ մտահոգ կառավարություն, ոչ թե մեզ մոլորեցրած ու իշխանությունը զավթած կառավարություն, ինչի վրա այլեւս չենք կասկածում: Այդ դեպքում, բնականաբար, ոչ թե այսպիսի շարժումներ չպետք է լինեին, այլ բոլորը համախմբվեին այդ տկար իշխանության շուրջը, բայց սա մերը չէ..., ավելին` սա դիվերսիա է: Հիշում եք` 90-ականներից հետո որոշ բաներ պարզվեցին, մասնավորապես՝ հետախուզական դիվերսիոն խմբերն ինչ ահռելի նպաստ էին բերել արցախյան 1-ին պատերազմի հաղթական ընթացքի համար, պարզվեց՝ մենք ունեինք պատրաստված խմբեր, որոնք կարողանում էին թշնամու թիկունք թափանցել, Բաքվում ինչ-որ ռազմավարական օբյեկտներ պայթեցնել։ Այս փորձը, որ պատերազմի ընթացքում կուտակվեց, եւ տղաներն էլ պրոֆեսիոնալ դարձան, չգիտես ինչու, դրանից հետո մեկի սեւ ձեռքով այս խմբերն ավելորդ դարձան, իսկ թշնամին սա կատարելագործեց, եւ նրանց դիվերսիան այսօր ի՞նչ աստիճանի հասավ, երբ ուզեցել՝ ազատ ելումուտ են արել Հայաստանում, ընդհուպ` Երեւանում, եւ խնդիր դրեցին ոչ թե ինչ-որ բան պայթեցնելու, այլ՝ իշխանությունը զավթելու: Ես սրանում կասկած չունեմ, ու սա ադրբեջանաթուրքական դիվերսիա էր, որ կարողացան իշխանությունը զավթել, իրենց դրածոներին հաստատել բոլոր ուժային կառույցներում, այսինքն՝ մեզ հավաքեցին իրենց ճիրանների մեջ ու հիմա կոչեր են անում, թե սրանց հանգիստ թողեք, է... թուրքն էլ է նույն կոչերն անում, ու քանի մեր կոկորդն իրենց ձեռքերում է, մինչեւ վերջ պիտի վերցնեն: Ես ոչ մի լավատեսական բան չեմ կարող ասել, սա շղթա է, որն օղակից օղակ մեզ տանում է գերեզման:

- Հույս կա՞, որ եթե իշխանափոխություն լինի, մոտ ապագայում արցախահայությունը կկարողանա վերադառնալ իր բնօրրան, թե՞ անվերադարձ շրջեցինք Արցախի պատմության վերջին էջը, հատկապես որ Արցախի նախագահն էլ ստորագրեց Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին որոշումը:

- Ես ինչպե՞ս հույսեր փայփայեմ, որ երբեւէ Տարոնը կամ Վասպուրականը մենք կվերադարձնենք, իհարկե՝ դա իմ երազանքն էր ու շարունակում է մնալ երազանք, բայց հիմա նույն բանն Արցախի հետ է կատարվում, երբ մենք այնտեղ արդեն ունեինք հայություն, այն էլ ինչպիսի՜ հայություն` մարտնչող, իր հողին կառչած, թշնամին հազար տարի էլ մնար, չէր կարող միայնակ իր ծրագիրն իրագործել, սա մի ընդհանուր դաշինքով արեցին` նրանք ու իրենց ներկայացուցիչները մեր ներսում: Ես էլ ինչպե՞ս հույսեր փայփայեմ, դա մնաց ապագայի աղոտ մի երազանք, այն էլ՝ մեր սերունդների համար, ու մինչեւ այսօր մեզ մոլորեցնում են, այդ թշվառ զանգվածի հետ թալանից են խոսում, ու մենք դեռ շվարած ենք, մոլորված, հոգեկան ջղաձգումների մեջ, ու այնքան բան կա վերլուծելու, հասկանալու, հենց միայն այն, որ այդքան ահռելի արտաքին պարտքը մնաց մեր սերունդների` թոռների ու ծոռների վզին: Հապա տեսեք միայն Ստեփանակերտի շենք-շինությունները, դղյակները, տները..., եթե սրանց տրամաբանությամբ հաշվարկես, մեր արտաքին պարտքից հարյուրապատիկ ավել գումար կստացվի, էլ չասեմ՝ միլիարդների զենք-զինամթերքը, որ թողեցին... եղբայր, եթե դու այս ամենը հանձնեցիր թշնամուն, ապա եթե անգամ քո ասած նախկինները չթալանեին, ու դրա եռապատիկ ավելն ունենայինք, միեւնույն է, եթե դու եկել էիր հանձնելու, այդ եռապատիկ ավել զենքն էլ էիր հանձնելու: Բայց ի՜նչ զրկանքներով էր ստեղծվել այդ զինապահեստը, մեր զինուժը, Արցախի պաշտպանության բանակը, այդ ամենը հանձնեցիր ու դրանով նաեւ սերունդների ոտքն էլ կապեցիր: Եթե մենք այսպես մեր ձեռքերը պետք է լվանանք ու մեր թոռների հետ կապենք այն հույսը, որ երբեւէ այդ կորուստները հետ են բերելու, պետք է հաշվի առնենք նաեւ մի փաստ, որ այսօր արդեն մենք մեր թոռների, ծոռների վրա, սրանց «շնորհիվ», ահռելի պարտք ենք դրել: Մի լուսավոր բան չկա, որից կառչես ու մի տեսություն կամ միտք զարգացնես:

- Մայր Աթոռը հոկտեմբերի 1-ն Արցախի համար համազգային աղոթքի օր է հռչակել, ինչի առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ եւ սրբազան մասունքներ։ Սա կփրկի՞ առաջին քրիստոնյա ազգին, որն իր սրբությունների մեծ մասը տվեց թշնամուն ոտնակոխ:

- Չգիտեմ, միայն կարող եմ ասել, որ չեմ նախանձում մեր կրոնավորներին, հատկապես՝ Վեհափառին, որովհետեւ այս սատանաներն ամենավերջին ստորությանն էլ ընդունակ են, որովհետեւ, եթե սա լիներ 100 տարի առաջվա աղետը, երբ էլի ոչնչացման եզրին էինք, երբ ներսի թշնամիներին ես չէի կոչի դավաճան, այլ պարզապես՝ անճար արկածախնդիրներ, որ էլի մեզ տարան կործանման, բայց սրանք հատուկ ծրագիր ունեն, եթե լիներ բնական վիճակ, որը բխում էր մեր տկարությունից, ռազմական պարտությունից, եկեղեցին պարզապես պիտի հրապարակավ նզովեր սրանց, բայց երեւի ինչ-որ բան կաշկանդում է նաեւ եկեղեցուն, եթե սրանք կարողացան պատերազմն անցած այդ անպարտելի գեներալներին դարձնել ճնճղուկներ, հլու-հնազանդ կամակատարներ, եկեղեցուն երեւի թե մնում է միայն իր հոգեւոր տիրույթներն ամուր պաշտպանելը, մինչեւ գան լավ օրեր: Բայց կգա՞ն, թե՞ չեն գա` դա է հարցը, որովհետեւ սա նաեւ ու առաջին հերթին մեր եկեղեցու կորուստն է, այդ թվում՝ գույքային առումով, հապա տեսեք՝ ինչքան հոգեւոր հուշարձաններ, հնադարյան վանքեր, եկեղեցիներ մենք թողեցինք, ու դեռ չգիտեմ՝ էլի՞ պիտի թողնենք, թե՞ չէ։ Համատարած աղետ է, վերջն էլ՝ ոչ մի լուսավոր բան, իսկ ամենամեծ ողբերգությունն ապականված, դիմազրկված հասարակությունն է: