Աբոն ապակիներն է ջարդում

Աբոն ապակիներն է ջարդում

Օր ու մեջ իրար հաջորդող անգինաս առիթ եղավ,որ հայտնվեմ գյուղի հիվանդանոցում: Հիվանդանոց մտնելիս բժշկի՝ կոկորդ նայելու ու սրսկելու,  ասեղների նիկելապատ,բաց տուփի վախը հանկարծ իմ մոտից անէացավ,երբ շնչեցի նեղ միջանցքում մինչև պատերի ու հատակի լայն ճեղքերը սողոսկած ճաշի բույրը:Հիվանդասենյակում ինձնից ավագ զարմիկս էր՝Նաիրին:Երկար- բարակ ինձ չափչփելուց հետո ասաց.
-Էլի գլաննե՞րդ:
-Հա՛,-ասի:
-Վախենո՞ւմ ես,-հարցրեց:
-Ինչի՞ց,-հարցրի:
-Բժիշկներից,գործիքներից,հիվանդանոցից:
-Ինչի՞ պիտի վախենամ,-պատասխանեցի:
-Վախենալու բան չկա,կամաց-մաց կընտելանաս,բժիշկներին էլ կսիրես,երբ քեզ բուժեն էնպես,որ անգինայով էլ չհիվանդանաս ու ինչքան ուզես, պաղպաղակ ուտես:Աստեղ լավ ճաշեր են տալիս,մուրաբաներ,կոմպոտ,ինչ ասես,-երանելի դեմքով ասաց Նաիրին ու ընկղմվեց ցանցապատ մահճակալի՝ ձյունից էլ ճերմակ հավաքած անկողնուն և շարունակեց.
-Հեսա ճաշի ժամը կսկսվի,կտեսնես ինչ համով է խոհարար Նախշունի եփած ճաշը:

Մուտքի ձախ կողմում խոհանոցն էր՝առանձնացված միջանցքից մի խոշոր բաց պատուհանով:Պատուհանի դիմաց խոհարար Նախշունը,ով, իրոք, նախշուն գեղեցկություն և խոհարար կանանց վայել փարթամություն ուներ:Նա ճաշի լիքը ափսեները շարում էր պատուհանի պռնկին հարմարեցված փայտե պատվանդանին,որտեղից հիվանդները վերցնում էին իրենց բաժին ճաշը և գնում հիվանդանոցի ճաշարան՝ վայելելու:Ծանր հիվանդներին,իհարկե, Նախշունն էր մատուցում,թեև այդ հիվանդանոցն իր ստեղծման օրից երևի ծանր հիվանդի երես չէր տեսել:

Նաիրու հետ,երբ օգտվում էինք հիվանդանոցի բարիքներից,ասաց.
-Իսկական թուրք տեսած կա՞ս:
-Չէ՛,-ասացի,-որտե՞ղ պիտի տեսնեի:
-Ուզու՞մ ես տեսնել,-աչքերիս մեջ նայելով՝ հարցրեց Նաիրին:
-Ուզում եմ,-ասացի:
-Արի՛ իմ հետևից,-ճաշը կիսատ թողած՝ վեր կացավ Նաիրին,դուրս եկավ միջանցք;

Ես զարմացած հետևում էի նրան:Միջանցքի գրեթե կենտրունում մի պատուհան կար՝փոքրիկ բացվող ու փակվող դռնակով,պատի վերևում մեծ տառերով գրված էր՝Դեղատուն:Դեղատունը դրսից էլ մուտք ուներ,բայց ներսից այդ դռնակը արել էին,որպեսզի հիվանդներն իրենց պիտանի դեղերը դռնակից վերցնեին:Դռնակը փակ էր, կողքի ապակիներից մի մեծ սեղանի ետևում նստած էր լայնեզր գլխարկով մի մարդ. գլուխը կախ,փայտե հաշվիչի վրա թվեր էր գումարում- հանում:
-Թուրք Սուջային է,-փսփսաց Նաիրին:
Սուջային Ամասիայի թուրքերից էր:Դեղատան վարիչ Օսանը ֆիզարձակուրդ էր գնացել, ու տեղը նշանակել էին Սուջայուն:
-Հեռու գնացեք պատուհանից,-լիքը ճաշի ափսեն ձեռքին հրամայեց Նախշունը,հետո թխկացրեց ապակուն:Նստած տեղից վեր կացավ մի երկար ու բարակ մարդ,մոտեցավ պատուհանի դռնակին, ափսեն  ակնթարթորեն վերցրեց ու նորից գնաց, նստեց իր տեղը:Սեղանի եզրին մի կեղտոտ ափսե կար,մոտեցրեց իրեն, ճաշը դատարկեց կեղտոտ ափսեի մեջ,մի ձեռքին գդալ,մյուսին՝հաց,գլուխը գրեթե խոթեց ափսեի մեջ ու սկսեց ուտել:
-Միշտ այդպես է ուտում,միշտ էն մի ափսեն կեղտոտ է մնում ու դրա մեջ դատարկում է նոր բերած ճաշը:
-Ինչու՞,-հարցրի Նաիրուն:
-Չասի՝թուրք է,-առանց այլ բացատրությունների՝ ասաց Նաիրին:
Քիչ հետո մոտեցավ Նախշունը՝դատարկ ափսեն տանելու:
-Գնացե՛ք այստեղից,-շինծու ջղային ձայնով ասաց մեզ ու մոտեցավ դեղատան պատուհանին:Սուջային դռնակը երկար բաց թողեց,կարծես՝մտածված: Ներսից գարշահոտը կայծակի արագությամբ լցվեց հիվանդանոցի միջանցք:Նախշունը նույն արագությամբ վերցրեց ափսեն,պատուհանը շրխկացրեց ու առաջին քայլն անելիս  ափսեն ընկավ միջանցքի սալահատակին և հազար կտոր եղավ:Մենք քարացած նայեցինք Նախշունին,նա՝պատուհանին ու շպրտեց՝թուրք:

Երեկոյան կողքի սենյակում մի կնոջ ընդունեցին՝Շողիկին:Շողիկը մեր հարևան Աբոյի կինն էր:Աբոն բեռնատարի վարորդ էր: Ութ աղջիկ ունեին: Վերջինը զույգ էր ծնվել:Աբոն երջանիկ էր:Մի դժբախտություն ուներ, ու երբ ամեն երեկո տեղը տեղին փող աշխատելուց հետո  տեղը տեղին խմած  գալիս էր,հավաքում էր թաղի բոլոր տղաներին,փող էր տալիս բոլորին առանձին-առանձին,ով մոտիկ էր,  ճակատը համբուրում էր ու համբուրելուց հետո ամեն անգամ ասում՝ձեր ընկերը ճամփին է,ուր որ է կհասնի: Տղաների երևակայական ընկերը Աբոյի ծնվելիք տղան էր,իսկ արտահայտությունը՝ամենօրյա,որովհետև Շողիկը միշտ հղի էր,իսկ Աբոն միշտ հերթական արու զավակին էր սպասում:Այնպես որ այս անգամ էլ Շողիկի հայտնությունը հիվանդանոցում էլի բորբոքել էր Աբոյի պայծառ երազանքների զգայարանը: Աբոն կնոջը հիվանդանոց տեղաղափոխելուց հետո գնացել էր տուն՝ աչքալուսանքի կերուխումին պատրաստվելու: Շողիկի մոտալուտ ծննդաբերման լուրը անհայտ ու անծանոթ բերաններով մտել էր գյուղի բոլոր դռներից ու պատուհաններից, և մարդ,կին,ծեր ու երեխա իրարից անտեղյակ բերել ,շարել էր հիվանդանոցի պատուհանների տակ:

Այս դառն ու քաղցր աշխարհում դեռևս չէր ծնվել այն միակ տղամարդը, ով կհամարձակվեր հերթական աղջկա ծնվելու լուրը հայտնել Աբոյին:Բայց լինում էին:Լինում էին, ու ոչ ոք չէր իմանում,թե ով է այդ տղամարդը:Այս անգամ էլ այդ միակը չէր ուշացել ու դարձյալ խառնել էր Աբոյի հաշիվները:Կերուխումի,ուրախության սեղանը գցելու հետ Աբոն մեկումեջ մի բաժակ  գցել էր ու իր Աստծուն նախօրոք շնորհակալություն հայտնել՝  ապագա զավակին՝Անդրանիկին իրեն պարգևելու համար:

Հերթական աղջկա լույս աշխարհ գալու լուրն առնելուն պես Աբոն վերցրեց բեռնատարի՝ շուրթը ծռած բենզինի դույլը,այգու քարե ցանկապատից կարտոֆիլի մեծությամբ քարերով լցրել,երկու շիշ օղի դրեց  թևատակին ու շտապեց հիվանդանոց: Հիվանդանոցի բակում Անդոն քարերով լցված բենզինի դույլը դրեց մեքենայի նստելախցի ոտնատեղին,օղու շշերը՝ նույնպես,բեռնախցից հանեց օղու բաժակը,լցրեց,նայեց երկինք,խեղճացած հայացքով Աստծուն հերթական խնդրանքն արեց,որ հաջորդը տղա պարգևի,խմեց, բաժակը դրեց,նորից աստված կանչեց ու դույլից վերցրեց առաջին քարը:

-Քո թուրք մերը,-ասաց, ու… առաջին քարը ջարդուփշուր արեց դեղատան առաջին պատահած ապակին:Երբ պարպեց դույլի քարերը,օղու շշերը, ու երբ հիվանդանոցի պատուհաններին ոչ մի կենդանի ապակի չէր մնացել,Անդոն բացեց նստախցի դռները,պառկեց նստելատեղին և քնեց մինչև լուսաբաց:

Գիշերը Սուջային հավաքել էր իրերը և թաքուն հեռացել գյուղից:
Լուսաբացին Աբոն  մտավ հիվանդասենյակ,գրկեց բարուրում պինդ փաթաթած նորածնին,թևը գցեց Շողիկի ուսին և շշնջաց՝գնացինք տուն:

Ամեն առավոտ,երբ կիսաքնի մեջ հայտնված նույն մղձավանջային երազներին հաջորդում էր նորածին աղջկա երկար ու բարակ լացը,Անդոն բենզինի դույլը վերցնում,շտապում էր դեպի այգու քարաշեն ցանկապատը, կարտոֆիլի մեծությամբ մի քանի քար էր գցում դույլի մեջ: Դրան միշտ զարմանալիորեն զուգադիպում էր աղջնակի լացի դադարը,Անդոն փոշմանում էր,քարերը դատարկում պատին,մտնում ներս,ժպտալով նայում էր աղջնակին,նրա մորը՝Շողիկին,հետո դուրս էր գալիս ու շտապում գործի:

Այսպես,մինչև գյուղում տղամարդ ու կին,ծեր ու մանուկ թոթափել էին երկարատև վախի,աչքալուսանքի փոխարեն Աբոյին տխուր լուր հայտնելու բարդույթը,երբ Անդոն բախտ էր ունեցել մինչև վերջ փռել աչքալուսանքի սեղանը,որովհետև ոչ մի անհայտ ձայն իրեն չէր ասել,թե՝դարձյալ աղջիկ է ծնվել:
Ծնվել էր Անդրանիկը:

Արցախյան վերջին պատերազմում Անդրանիկն առանց ծնողներին տեղեկացնելու մեկնել էր առաջնագիծ:Իհարկե,Աբոն գիտեր,որ հնարավոր առաջին կրակոցի հետ Անդրանիկը անմիջապես կհայտնվի այնտեղ,նաև համոզված էր,որ կվերադառնա,ավելին,գիտեր,որ հաղթանակով է վերադառնալու,ու ամեն առավոտ իր բաժին Աստծուց մի բան էր խնդրում՝միայն շուտ:
Հերթական անգամ այս մտքերի վրա էր,հերթական անգամ Շողիկը նախաճաշի սեղան էր գցում,հերթական անգամ ափսեն լցրել էր Անդրանիկի սիրած ճաշով ու պիտի տեղադրեր սեղանի այն մասում,որտեղ Անդրանիկն էր սիրում նստել:Մտքերի հետ Շողիկն ակամա ձեռքերը հեռացրեց ափսեից ու խոհանոցի սալհատակին ափսեն հազար կտոր եղավ:Ոչ մի աղմուկ Աբոն չլսեց, չնկատեց,թե ինչպես է Շողիկը քարացած ու զարմացած կանգնել խոհանոցի կնտրոնում:

Չնկատեց,թե ինչպես են աչքները մեկ արած ութ աղջիկները նայում զարմացած ու քարացած մորը,թե ինչպես է ողջ գյուղը վազում դեպի հիվանդանոց,չլսեց,թե ինչպես է ողջ գյուղը միաբերան բղավում՝
-Աբոն նորից հիվանդանոցի պատուհանի ապակիներն է ջարդում:
  Նորայր Գրիգորյան