Թոշակառու քույրերին ոստիկանները ծեծի են ենթարկել, մեկը թևի կոտրվածք է ստացել

Թոշակառու քույրերին ոստիկանները ծեծի են ենթարկել, մեկը թևի կոտրվածք է ստացել

Այսօր «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Վայոց ձորի Արտաբույնք գյուղի բնակիչ, մասնագիտությամբ ուսուցչուհի Աստղիկ Մարգարյանը և պատմում էր, որ գործող համայնքի ղեկավարը, որը կրկին առաջադրվել Է ՔՊ ցուցակներով և այս պահին համայնքապետի թեկնածու է, միայնակ ապրող, թոշակառու երկու քույրերի դեմ ոստիկաններ է ուղարկել, որոնք ծեծուջարդի են ենթարկել նրանց։ Այնպես, որ մեկի թեւը կոտրվել է։ Ըստ Աստղիկ Մարգարյանի, հիմնական պատճառն այն է, որ քույրերը Ռոբերտ Քոչարյանի աջակցի բարեկամն են, և նախորդ ընտրություններին ընտրել են Քոչարյանին։

«Այս ամենը նա արել է փիառվելու համար, որպեսզի ՔՊ-ների աչքին լավ երևա։ Անմիջապես դեպքից երկու օր հետո  ՔՊ-ականները նրան առաջադրեցին իրենց ցուցակով կայանալիք Եղեգիս համայնքի համայնքապետի  ընտրություններին։ Ձեզ ահազանգում եմ բարեկամուհիներիս անունից։ Ես ինքս Ռոբերտ Քոչարյանի աջակիցն եմ, և անկաշկանդ, առանց որևէ մեկից  վախենալու արտահայտում եմ իմ կարծիքը, իմ տեսակետը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, երկրի պատկան մարմինների գործելաոճի վերաբերյալ և նախագահ Ռոբերտ Քոչարյանի թողած ավանդի, նրա վարքագծի, նրա հայրենասիրության, նրա արած գործերի վերաբերյալ»,-ասաց Աստղիկ Մարգարյանը։
 
Ապա Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մարզպետարանը դեռևս մեկուկես տարի առաջ քույրերին մարզպետի կողմից գրություն է ուղարկել, որ վերջիններիս տան պատի տակով անցնող բետոնե մայթը պետք է քանդվի։

«Բարեկամուհիներիս դիմացի տունը պատկանում է ՔՊ-ների ընտրազանգվածից մեկին, ում ցանկապատը ընկել էր պլանի մեջ, պետք էր ցանկապատը հետ տային՝ ճանապարհը լայնացնելու համար։ Սակայն այդ մարդը չի ցանկանում իր ցանկապատը հետ տանել, ամեն կերպ խոչընդոտում է երթևեկությանը և պահանջում է, որ տուժողների տունը քանդեն՝ ճանապարհը լայնացնելու համար, բայց ոչ իր ցանկապատը։ Այնքան խոչընդոտեցին այդ աշխատանքներին, որ համայնքի ղեկավարը այդ բետոնե շերտը ապօրինի ձևով քանդել տվեց։ Քույրերը խոչընդոտում էին՝ թույլ չէին տալիս, որ իրենց տան պատի տակով անցնող բետոնե շերտը քանդվի, բայց համայնքի ղեկավարը ոստիկաններ էր բերել՝ ոստիկանապետի տեղակալի գլխավորությամբ։ Պետի տեղակալն էլ կարկառուն թուրքատենչ ՔՊ-ական՝ դրանց ստրուկներից մեկը, ծեծ ու ջարդի են ենթարկել քույրերին, որոնցից մեկը թևի կոտրվածք է ստացել միջադեպի ընթացքում։ Հունիսի 18-ին է եղել դեպքը, մենք դիմել ենք ոստիկանություն։ Իբրև ոստիկաններից մեկը նկարել է դեպքը և կա տեսանյութ, սակայն տեսանյութը մոնտաժել են, այլ պատկեր են ցույց տալիս, որովհետև հնարավոր չի, որ մարդը ինքն իր թևը խփի ու կոտրի։ Այնպես են որակել, որ այդ կինն ինքն է խփել իր թևը կոտրել»,-ասաց Աստղիկ Մարգարյանը։

Իսկ կոնկրետ ովքեր են եղել ծեծի ենթարկողները, Աստղիկ Մարգարյանն ասաց․ «Խփողը եղել է միլպետի տեղակալը՝ Անտոնյան Անտոնը և թաղայիններից մեկը Հանրապետյան Հայրապետը։ Ինչ է, թե դիմադրություն էր ցույց տալիս, չէր ուզում, որ ապօրինաբար քանդեն իր բնակարանի պատի տակ գտնվող մայթեզրը։ Սակայն դա դուր չի եկել համայնքի ղեկավարին՝ Արթուր Ստեփանյանին, ով Սասուն Միքայելյանի թիմակիցներից է, նրա շրջապատի մարդ է։ Այս պահին էլ տուժողի թևը դեռ այտուցված է, այտուցված է նաև ձեռքը, որը կապված վիճակում գիպսի մեջ է։ Այդ նույն օրը շտապօգնություն է եկել դեպքի վայր՝ քույրերից մյուսի ճնշումն էր բարձրացել»։

«Ես փորձել եմ զրուցել Անտոնյան Անտոնի հետ, և հասկացել եմ նրա բանսարկու գործելաոճը, բանսարկու՝ բառիս բուն իմաստով։ Վերջինս իմ ներկայությամբ հայհոյանքներ էր հնչեցնում «Դիմադրության շարժման» կազմակերպիչների հասցեին։ Ես այդ բառը հակադարձել եմ իրեն՝ ասելով, որ դա դու ես, դու քեզ ես բնութագրում, որովհետև եթե մարդը ներկա չի, մարդու հասցեին նման արտահայտություններ չեն անում, անում են այն ժամանակ, երբ մարդը ներկա է և կարող է քեզ՝ քո համարժեք պատասխանը տալ։ Անտոն Անտոնյանը աշխատել է Արտաշատում՝ կարգազանց աշխատակից լինելու համար այնտեղից հեռացրել են և բերել են Վայոց ձոր։ Ի՞նչ է՝  ուղղիչ վա՞յր է Վայոց Ձորը, որ Արտաշատից ամեն մի հեռացվածի բերում են մեզ մոտ պաշտոն տալիս։ Մարզպետի խորհրդական կար՝ Արտաշատից էր, ու էլի հեռացված է եղել աշխատանքից։ Արարատից բերել, դրել են Վայոց Ձորի մարզպետի խորհրդական՝ մի անվավեր դիպլոմով, ինչի համար անվավեր, որովհետև ավարտել է Արտաշատի մի համալսարան, որը գոյություն չունի՝ ոչ լիցենզավորված է, ոչ էլ, փակվեց՝ գնաց։ Լուծարված համալսարանի դիպլոմով եկել է մարզպետի խորհրդական է աշխատում, և նույնատիպ վարքագիծ էլ ինքն է ունեցել։ Ընդհանրապես առիթ եմ ունեցել առնչվելու նրանց հետ, բանսարկուներ են և ՔՊ-ի հովանավորության տակ թաքնված, ՔՊ-ի համար ձայներ ու հեղինակություն մուրացող, ինչպես նաև մարդկանց վրա ճնշում գործադրող։ Սա ապրելաձև չի, սա կյանք չի, որ ստեղծվել է մեր երկրում»,-ասաց Աստղիկ Մարգարյանը։

Մենք կապ հաստատեցինք Եղեգնաձորի ոստիկանապետ Հրազդան Կոստանյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց․ «Նախ Աստղիկ Մարգարյանը դիմում էր գրել, որ ինքն այդ դեպքի հետ ընդհանրապես գործ չունի։ Միջադեպը, որպես այդպիսին, տեղի է ունեցել ոստիկանության ծառայության հասարակության կարգը պահպանելու ժամանակ, երբ որ համայնքապետարանն իր գործառույթներն է իրականացրել, և քանդման աշխատանքներ էր կատարել, որին և փորձել են խոչընդոտել դեպքի մասնակից քույրերը։ Այդ ժամանակ քույրերից՝ Մամաշ Մարգարյանը թևով հարվածել է համայնքային ոստիկանի թևին, և հենց այդ պահին էլ գոռացել, որ թևը կոտրվեց։ Կա տեսանյութ, այո։ Ձեր հարցին, թե արդյոք մոնտաժված չէ՞ տեսանյութը, ասեմ, որ՝ ոչ։ Քննչականում նյութեր են նախապատրաստվել և առկա տեսանյութերն էլ ամբողջությամբ տրամադրվել է վարույթն իրականացնող մարմնին։ Իրենց նկարագրածը, որ Անտոնյանն ու համայնքային ոստիկանը ծեծի են ենթարկել քույրերին, չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, իրենք փայտերով, ձեռքերով ու ոտքերով հարվածել են ոստիկանին, և հենց  այդ հարվածների ժամանակ էլ կոտրվել է Մարգարյանի թևը»։

Իսկ այս միջադեպի եւ քույրերին ծեծի ենթարկելու հետ կապ չունե՞ն նրանց ընդդիմադիր հայացքները, որն, ըստ բարեկամուհու, դարձել  է կոնֆլիկտի հիմնական պատճառ, ոստիկանապետն ասաց․ «Քաղաքական աստառ այստեղ պետք չէ տալ։ Քանի որ այդ գյուղից վերև մի գյուղ էլ կա, և այդ գյուղ բարձրացող ճանապարհը, որը համարվում է տուրիստական ճանապարհ,  մեծ ավտոներով գալիս են և չեն կարողանում անցնել, երթևեկությունը անհնար էր դառնում, համայնքապետարանն էլ որոշել էր իրականացնել փողոցի լայնացման աշխատանքներ։ Ինչ վերաբերում է դիմացի մայթին գտնվող հարևանի, այսպես կոչված, իրենց բնութագրած ցանկապատին, այդ հատվածում տան բնակիչը, ով փայտեր էր դրել, թելեր էր կապել և տարաներ էր դրել, քարեր էր լցրել, այդ ամենը հանվել է։ Մարզպետի գրության հետ կապված այդ ուսումնասիրությունների մասով էլ համայնքի ղեկավարն է որոշում կայացրել՝ քանդելու։ Մինչև դա՝ վարչական վարույթ են հարուցել, վարչական պատասխանատվության են ենթարկել այդ մարդուն, ժամկետ են տվել, որ քանդի, հարկադիր են դիմել, դրանից հետո նոր որոշում են կայացրել քանդելու։ Քանդելու համար էլ ոստիկանությունից օժանդակություն են խնդրել՝ հասարակական կարգն ապահովելու համար։ Եվ վերջում ավելացնեմ, որ քննությամբ չի էլ հիմնավորվել, որ ոստիկանների կողմից նրանք ծեծի են ենթարկվել։ Այնտեղ գյուղացիներ են եղել, որոնք որ վկայություն են տվել»։