Հնդկաստանում ներպետական ուղղություններով ավիաթռիչքները վերսկսվել են

Հնդկաստանում ներպետական ուղղություններով ավիաթռիչքները վերսկսվել են

Հնդկաստանում վերսկսվել են ներպետական ուղղություններով ավիաթռիչքները, որոնք սակայն բերել են քաոսային իրավիճակի, քանի որ առանց ուղեւորներին նախապես զգուշացնելու մի շարք թռիչքներ չեղարկվել են կամ հետաձգվել։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն, հիշեցնելով, որ ներքին թռիչքները Հնդկաստանում վերսկսվել են մայիսի 25-ից սկսած՝ երկամսյա դադարից հետո։

Ըստ Դելիի օդանավակայանի, չնայած որ որոշումը կայացված է եւ սկսել է գործել, սակայն 80 ավիաթռիչք չեղարկվել է։ Ավիափոխադրողների մի մասը վերջին պահին են միայն հրաժարվել թռիչքներ իրականացնել, քանի որ մի շարք նահանգներում տեղի իշխանությունները սահմանափակումներ են սահմանել, պատճառաբանելով, որ իրենց մոտ հակակորոնավիրուսային պայքարը դեռ շարունակվում է։ Այսպես Մահարաշտրա նահանգում նահանգային իշխանությունները Մումբայի օդանավակայանի համար սահմանել է օրական 25 թռիչքի եւ 25 վայրէջքի սահմանաչափ։ Այս քաոսային իրադրությունը պայմանավորված է նրանով, որ ամեն նահանգ սահմանում է իր կանոնները։ Կարնատակա նահանգում էլ հայտարարել են, որ բարձր ռիսկայնության շրջաններից ժամանածները պետք է կարանտին անցնեն առնվազն 7 օր։ Ընդ որում, կարանտինի ընթացքում ծախսերը ուղեւորների վրա է մնում։ Մահարաշտրայում հորդորում են կամ հյուրանոցներում կամ տանը ինքնամեկուսանալ, իսկ Դելիում կարանտինը պարտադիր չէ ասիմպտոմ վիրուսակիրների համար։