Դպրոցներն արցախցի երեխաներին չեն կարողանում ընդունել՝ լիցենզիայով պայմանավորված

Դպրոցներն արցախցի երեխաներին չեն կարողանում ընդունել՝ լիցենզիայով պայմանավորված

Թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո ՀՀ հանրակրթական դպրոցներին հրահանգվեց՝ ընդունել Արցախից եկած բոլոր երեխաներին, անկախ նրանից՝ լիցենզիա ունի՞ դպրոցը, թե՞ ոչ, ինչը, սակայն, ներկա փուլում անորոշ վիճակի առաջ է կանգնեցրել դպրոցներին, որոնք չեն կարող աշակերտ ընդունել, որովհետեւ լիցենզիայով անհրաժեշտ տեղեր չունեն։

«Հիմա, երբ իրենք մեկ ամսից ավել հարմարվել են դպրոցին եւ Արցախից իրենց փաստաթղթերն են բերում, որ համարվեն տվյալ դպրոցի աշակերտ, քննություններին մասնակցեն, դպրոցն ավարտելուց հետո էլ ստանան ավարտական փաստաթուղթ, ստացվում է, որ դպրոցը չի կարող այդ երեխաներին ընդունել, որովհետեւ լիցենզիայով տեղեր չունեն, իսկ ծնողներն ուրիշ դպրոց չեն ուզում տանել երեխաներին, քանի որ սոցիալական վատ վիճակում են եւ անգամ տրանսպորտի այդ գումարը չունեն՝ այլ դպրոց տանելու համար»,- ասում է խմբագրություն ահազանգած դպրոցի տնօրեններից մեկը ու նշում, որ շատ դպրոցներ չեն կարող նաեւ լիցենզիայով այդ տեղն ավելացնել, որովհետեւ չունեն այդ տեղը եւ ֆիզիկապես չեն էլ կարող այդքան ավել աշակերտ ընդունել։ Օրենքն էլ այնքանով է դա թույլ տալիս, որքանով շենքային պայմաններդ են ներում, բայց գրեթե բոլոր դպրոցներում տարրական օղակն արդեն ծանրաբեռնված է, ուստի չեն էլ կարող դիմել լիցենզիայի համար եւ ասել՝ տեղ ավելացրեք։

Բացի այդ, մի ամբողջ փաստաթղթային փաթեթ է կազմվում լիցենզավորման համար, ինչի ժամանակն այս պահին չունեն դպրոցները, քանի որ, ըստ նրանց, դա երբեմն ամիսներ է տեւում։ Իսկ որպեսզի Արցախից եկած երեխաները կրթական գործընթացից դուրս չմնան, դպրոցներն ուզում են, որ որեւէ պարզաբանող հրահանգ լինի բոլոր դպրոցների համար, թե ինչպես են փակելու կիսամյակը, որտեղ է դա մուտքագրվելու եւ արտացոլվելու, եթե, օրինակ, դպրոցը լիցենզիայով տեղ չունի, եւ ԿՏԱԿ համակարգում նրանք չեն երեւում։ Ըստ նրանց, ժամանակավոր լուծում կլինի նաեւ այն, երբ նույն ԿՏԱԿ համակարգում առանձին որեւէ պատուհան ստեղծվի, որտեղ այդ երեխաները գրանցվեն, համակարգում էլ կերեւան եւ կկարողանան քննությունների մասնակցել՝ առանց քաշքշուկների, եւ կիսամյակ փակել։

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ էլեկտրոնային կառավարման համակարգում ստեղծվել է հատուկ էջ՝ Արցախից եկած երեխաների համար, որտեղ մուտքագրվում են այդ երեխաների տվյալները, եւ համակարգը հաշվի չի առնում ո՛չ լիցենզիան, ո՛չ լիցենզիոն սահմանափակումները, ինչպես նաեւ շատ այլ փաստաթղթեր, որոնք պարտադիր են մյուս երեխաների համար, օրինակ՝ սոցիալական քարտը։ «Քանի որ այդ երեխաներն այստեղ ժամանակավոր էին, մենք չէինք կարող լիցենզիոն պահանջներ ներկայացնել այդ երեխաների համար, որովհետեւ այդ դեպքում, այո, կառաջանար հենց նման խնդիր, որ երեխաներին չէին կարողանա գրանցել, որովհետեւ տվյալ դպրոցը լիցենզիոն տեղեր չունի, բայց քանի որ նախարարությունն ուներ հստակ հանձնարարական, որ Արցախից եկած երեխաներին պետք է ընդունել իրենց բնակության վայրի ամենամոտ դպրոցը, մենք այդ լուծումն այդպես տվեցինք։ Այսինքն՝ չսահմանափակեցինք որեւէ լիցենզիայով կամ պայմանով։ Երեխաների տվյալները դպրոցները մուտքագրել են, Արցախից եկած մոտ 10 հազար երեխա է մուտքագրվել համակարգ»։

Ինչ վերաբերում է քննությունների կազմակերպմանը եւ մյուս հարցերին, ապա դա իրենց հետ կապ չունի՝ իր խոսքում նշում է Պողոսյանը․ «Եթե խոսքը վերաբերում է հիմնական ուսուցմանը եւ ոչ թե ժամանակավորին, երբ, օրինակ, երեխայի ծնողները, որոնք հիմնական պետք է ապրեն Երեւան քաղաքում, այդ դեպքում նրանք պետք է իրենց փաստաթղթերը ներկայացնեն, մուտքագրեն, ու այս պարագայում դա վերաբերում է արդեն բոլորին, ոչ միայն Արցախից եկած երեխաներին։ Եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղ չունի եւ դպրոցը միակը չէ տվյալ բնակավայրում, այդ դեպքում ծնողներն իրենց երեխաներին պետք է տանեն այն դպրոցը, որտեղ լիցենզիայով սահմանված տեղ կա»։ Նա նշում է, որ լիցենզիոն այդ սահմանափակումներն իրենք չեն դնում, այլ՝ նախարարությունը։

Իսկ եթե դպրոցը բնակավայրում միակն է, ապա դպրոցը դիմում է նախարարություն, արդյունքում կա՛մ լիցենզիան են ավելացնում, կա՛մ գործընթանցն են սկսում՝ հատուկ հրահանգով թույլատրել երեխային մուտքագրել, մինչեւ լիցենզավորման պրոցեսն ավարտվի։ «Այսինքն՝ երեխայի լավագույն շահը գերակա է մնում, նույնիսկ մենք ենք երեխային մուտքագրում ԿՏԱԿ-ում, որ երեխան կրթությունից դուրս չմնա, մինչեւ որ լիցենզավորման գործընթացն ավարտվի»,-ասում է ԿՏԱԿ-ի տնօրենն ու հավելում, որ եթե դպրոցի թղթերը նորմալ են, ապա այդ գործընթացը տեւում է կարճ՝ 10-15 օր։

Պողոսյանը վստահեցնում է՝ բոլոր այն աշակերտները, որոնք ժամանակավոր են Երեւանում, կիսամյակները փակելու որեւէ խնդիր չեն ունենա․ «Էլեկտրոնային մատյաններում, բնականաբար, իրենք չեն երեւում, որովհետեւ չունեն հանրային ծառայությունների համարանիշ եւ այլն, բայց ես գիտեմ, որ նախարարությունից հանձնարարված են կիսամյակային տեղեկանքները, եթե երեխան կորոշի կիսամյակից հետո վերադառնալ Արցախ, թղթային տարբերակով տրամադրել ծնողներին»։