Ինչու չի ձեւավորվում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը

Ինչու չի ձեւավորվում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը

Դեռեւս անցած տարվանից ՀՀ իշխանությունները խոստանում են 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով ստեղծելու մասին: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը օգոստոսին էր խոստանում՝ մինչև նոր խորհրդարանի քառօրյա նիստերի մեկնարկը հանձնաժողովը կձեւավորվի։ Պատերազմի տարելիցն էլ լրացավ, բայց հանձնաժողովը ձեւավորված չէ։ Այս թեմայով այլեւս քննարկումներ էլ չեն լինում: Ինչու են հապաղում եւ որ փուլում է հանձնաժողովի ձեւավորման հարցը, իշխանությունից մինչ օրս հստակ պատասխաններ չեն տալիս:

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին  Ազգային ժողովում հայտարարեց նաեւ վարչապետ Փաշինյանը՝ կարևորելով, որ հանձնաժողովը լինի ընդլայնված կազմով, ներգրավվեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատերազմի զոհերի ու անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները։

Որպեսզի Փաշինյանի նկարագրած ընդլայնված կազմը լինի, պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել միայն Պաշտպանության հանձնաժողովի հիման վրա և կարող են մասնակցել միայն ԱԺ խմբակցությունների պատգամավորները։

Արտախորհրդարանական ուժերին ներգրավելու հնարավորություն չկա: Սակայն ոչ փոփոխությունների մասին խոսք կա, ոչ նեղ կազմով հանձնաժողով ձեւավորելու:

Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը գիտի, թե ինչու է իշխանությունը հապաղում. «Ըստ էության, իշխանությունը Պպաշտպանության հանձնաժողովում չի տիրապետում իրավիճակին, ավելի ճիշտ՝ չեն վերահսկում ընդդիմադիր անդամների գործունեությունը, հետեւաբար այս պայմաններում ձեւավորել նման հանձնաժողով, մտնել նման գործընթացի մեջ, իշխանության համար վտանգավոր սպառնալիք է»:

Ղազինյանի խոսքով՝ եթե իշխանությունը ընդդիմության հետ  լիակատար կոնսենսուս ուներ 2016 թվականի ապրիլյան քննիչ հանձնաժողովի  գործունեության ընթացքում, ապա այս խորհրդարանում զրկված է այդ կոնսենսուսից. «Այն ժամանակ հարցերը պետք է տրվեր ըստ իրենց նախասիրության, ընդդիմությունը չպետք է խնդիրներ ստեղծեր, հանձնաժողովի գործունեության մասին հանրային տեղեկատվությունը պետք է տրամադրեր հանձնաժողովի նախագահը միայն, հանձնաժողովի անդամները նման իրավունք չունեին: Այս մասին իրենց հետ զրույցի ընթացքում մենք քննարկել ենք, կարելի է ասել՝ քարը քարին չենք թողել, ասել ենք, որ մեզ չի հետաքրքրում, թե ինչ եք որոշել, պայմանավորվել նախկին ընդդիմադիրների հետ, հիմա իրավիճակն այլ է եւ դուք պարտավոր եք հաշվի նստելու: Հասկացան, որ հնարավոր չի լինելու եւ հավանաբար ընտրեցին այս ճանապարհը, որ հանձնաժողովը չստեղծվի»: 

ԱԺ կանոնակարգ օրենքը հանձնաժողովի ¼-րդին՝ ընդդիմությանը որոշակի հնարավորություններ է ընձեռում, ըստ Ղազինյանի՝ դա եւս արգելակել է գործընթացը. «Հնարավորություն ունեինք, որ մեզ համար ցանկալի անձին հրավիրեինք հանձնաժողով, իշխանությունը պետք է երաշխավորեր միայն, որ այդ անձը ներկայանա, այսինքն՝ մեր առաջարկին կողմ քվեարկեր: Պետք է ներկայացվեին մեզ համար կարեւոր փաստաթղթերը, մի խոսքով՝ հստակ երաշխիքներ, որ նախապես հարցաշարեր չէին գրվի, մենք հարցեր տալու իրավունք պետք է ունենանք եւ որպես արդյունք պարտադիր հրապարակային զեկույց պետք է լիներ եւ դատախազին ուղարկված փաստական տվյալներ՝ պետական դավաճանության մասին: Այդքանից հետո ո՞ր մի իշխանությունը կհամաձայներ հանձնաժողով ստեղծեր»: