ԱՄՆ դեսպանատան զեկույցը…

ԱՄՆ դեսպանատան զեկույցը…

Զարմանալ կարելի է, թե հայերս ինչ անհամբեր ենք՝ գնահատականներ տալիս: «Խեղճ ու սքանչելի» Թրեյսին ի՞նչ է արել որ պիտակներ են կպցնում. Էլ crazy. Էլ… Անհարմար է, ի վերջո:
Որպեսզի պարզ լինի, որ նա չափազանց օբյեկտիվ է, ահա ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված «Մարդու իրավունքների զեկույց 20 թ. Հայաստան» զեկույցից հատվածներ:

«Քաղաքացիական իշխանությունները պահպանել են արդյունավետ վերահսկողություն անվտանգության ուժերի նկատմամբ: 

Դիմակայության ընթացքում Երևանում և երկրի այլ վայրերում տեղի ունեցան բազմաթիվ ցույցեր ու հանրահավաքներ ի պաշտպանություն …..: Իրավապահների կողմից եղան անօրինական ձերբակալումներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ և չափից ավելի ուժի կիրառման դրսևորումներ, բռնություններ լրագրողների նկատմամբ և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ, հատկապես ……-ի գիշերը, երբ ոստիկանությունը ցրեց….. քաղաքական պահանջները սատարող ցուցարարներին: Թեպետ ոստիկանությունը հեռացրել կամ կարգապահական միջոցներ է կիրառել ավելի քան մեկ տասնյակ ոստիկանների հանդեպ, այս քայլերը պատասխանատվության ենթարկելու համարժեք միջոցներ չէին լայնատարած չարաշահումների համար:

Տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներն էին` իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումն իշխող …..-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաև երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու համար և դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

Եղել են կամայական ձերբակալություններ ու նախնական կալանքի երկարատև կիրառում՝ կալանքի պատճառների վերաբերյալ թափանցիկության բացակայության պայմաններում, ցուցմունքների հավաստիության նկատմամբ անվստահություն, ազատ արձակման ոչ հստակ չափորոշիչներ և կալանքի տակ գտնվողների իրավունքների ոչ հավասար կիրառում, օրինակ՝ ընտանիքի անդամների տեսակցության մասով: Դատաքննությունները հաճախ երկար են տևել և դատարանները չեն կարողացել ապահովել արդար դատաքննության իրավունքն ապահովող օրենքների կիրառումը: Խնդրահարույց էր մնում օրենքի ոչ համարժեք կիրառումը կապված անձի մասնավոր կյանքի իրավունքի ոտնահարումների և անօրինական խուզարկությունների հետ:

Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձինք ենթարկվել են ոտնձգությունների և խտրականության պաշտոնական օղակների կողմից, ինչպես նաև եղել են բռնություններ ու խտրական վերաբերմունք հասարակության կողմից»: 

Միանգամայն օբյեկտիվ գնահատականներ: Ուղղակի մի փոքր անճշտություն կա վերոնշյալում: Բաց են թողնվել ամսաթվեր և որոշ այլ պահեր:

Հիմա, նորից զարմանալու մասին: Տեղի՞ն է, արդյոք, հայրենապաշտ քաղաքացիների զարմանալը, զայրանալը, տարակուսելը: Դա նրանց իրավունքն է: Մարդու իրավունքը: 

Որոշումը կայացված է. Հարավային Կովկասում հաստատվելու է Թուրքիայի գերիշխանությունը, ինչի համար պահանջվում են շատ բաներ, այդ թվում՝ հաղորդակցության հուսալի ուղիներ: Հետևաբար՝ ապաշրջափակումը «սարերի ետևում չի կարող լինել», քանի որ բացարձակ «փոխըմբռնում» է ձեռք բերվել:

Լավ կլինի, որպեսզի դպրոցներում և բուհերում թուրքերենի արագացված դասընթացներ կազմակերպվեն: Կարծեմ արդեն ասել են այդ մասին:

Գագիկ Վարդանյանը

Հ.Գ. Թերևս, հայերիս ողբերգական վիճակի առումով (արդեն 100 տարուց ավելի շարունակվող, եթե հաշվենք նաև 72 տարի սառեցված վիճակը), թուրքերի մեղավորությունը հազիվ մի 10 տոկոս կազմի: Այս ամենին նրանց պատրաստում են ոչ թուրքերը: Նույնիսկ Էրդողանի, երբեմն ըմբոստ թվացող հայտարարություններն այլ, Թուրքիայից բավական հեռու վայրերում են պատրաստվում, ենթադրաբար: