Կառավարությունում ԺՊ-ներն են թագավորում

Կառավարությունում ԺՊ-ներն են թագավորում

ՀՀ կառավարությունն աշխարհի թերեւս ամենադժվար համալրվող կառավարություններից է։ Ամիսներով բարձր պաշտոնները թափուր են մնում, կամ հսկայական ոլորտներ ու հիմնարկներ աշխատում են ժամանակավոր պաշտոնակատարների կառավարման ներքո։ Թվում է՝ առանձնապես տարբերություն չկա, եւ ԺՊ-ն գրեթե նույն լիազորություններով է օժտված, ինչ հիմնական նշանակված պաշտոնյան, բայց հոգեբանական շատ հարցեր կան եւ ժամանակավորի տրամադրվածություն, որը հաստատապես խանգարում է աշխատանքին։

Միայն այն, որ երկու տարվա ընթացքում Հայաստանում կարող է երեք ոստիկանապետ ու ԱԱԾ երեք տնօրեն փոխվել, եւ կես տարի ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ԺՊ աշխատած անձը նշանակվելուց հետո ընդամենը մեկ ամսվա ընթացքում աշխատանքից ազատվել, արդեն լուրջ խնդիրների մասին է վկայում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում բարդ է աշխատելը՝ շատերը չեն ուզում, որովհետեւ գիտեն, որ նա անհավասարակշիռ է եւ ոչ արդարացի։ Ոմանք մի կերպ են յոլա գնում Փաշինյանի հետ, բայց աշխատանքի ընթացքում էլ բազմաթիվ անգամներ դիմումներ են գրում, որոնք մնում են վարչապետի սեղանին, եւ որով տարբեր առանցքային պաշտոնյաներ խնդրում են ազատել իրենց պաշտոնից, սակայն Փաշինյանը հրաժարվում է ստորագրել դրանք։ Մի մասն էլ իրոք դիմումը գրում եւ գլուխն ազատում է բազմաթիվ գլխացավանքներից՝ անգամ չգայթակղվելով բարձր պաշտոնով, կարգավիճակով ու պատկառելի վարձատրությամբ։

Այս երկու տարում այդպիսի տասնյակ դիմումներ են եղել։ Վերջիններից մեկը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն է, դրանից մի կարճ ժամանակ առաջ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ավելի վաղ՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ այլք։ Նրանք հեռացան՝ առանց որեւէ հստակ բացատրության, եւ հանրությանն այդպես էլ անհայտ մնաց նրանց՝ դիմում գրել-հեռանալու բուն շարժառիթը։ Սակայն այս մարդիկ կամ նրանցից ոմանք այսօր արդեն տարբեր միջավայրերում անկեղծանում են, որ վերջապես ազատվեցին այս սոդոմ-գոմորից, որն առաջացել էր Փաշինյանի կառավարությունում եւ Փաշինյանի ձեռամբ։ Իհարկե, նրանց համարձակությունը չի ներում բացահայտ հայտարարել, թե ինչու դիմում գրեցին հեռացան, բայց մտերիմների շրջանում, «պատերի տակ» սրտները թեթեւացնում են։ Գիտեն՝ հենց սկսեն խոսել, բարձրաձայնել ներսում առկա խնդիրների մասին, վաղն ԱԱԾ-ն ու մյուս ուժայիններն իրենց հետեւից էլ կընկնեն։

Այդ է պատճառը նաեւ, որ ամեն ազատվող պաշտոնյայից հետո Նիկոլ Փաշինյանին շատ մեծ դժվարությամբ է հաջողվում փոխարինող գտնել։ Դրա համար էլ պաշտոններ կան, որոնք ամիսներով մինչ այս պահը թափուր են՝ մնացել են ԺՊ-ների հույսին, որոնք ուղղակի յոլա են տանում՝ առանց լուրջ պատասխանատվության զգացումի, առանց հավելյալ ջանք թափելու։ Մենք դիմեցինք կառավարության լրատվական վարչությանը՝ տրամադրելու այն պաշտոնները, որոնցում նշանակված ղեկավարներ չկան՝ ժամանակավոր պաշտոնակատարներ են։ Եվ դրանց թիվը, պարզվեց, քիչ չէ։

Ըստ կառավարության տրամադրած տեղեկատվության՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված շրջակա միջավայրի նախարարությունում, որտեղ Էրիկ Գրիգորյանին քանի ամիս է՝ փոխարինող չեն գտնում։ Այդ նախարարությանը ենթակա Անտառային կոմիտեում նույնպես պետը ԺՊ-ի կարգավիճակ ունի։ Նույնը Քաղաքաշինության կոմիտում է, բնապահպանական տեսչական մարմնում, Պետական վերահսկողական ծառայությունում, որն առանց ղեկավար է մնացել Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո։ Քաղավիացիայի կոմիտեում եւս ժամանակավոր պաշտոնակատարն է յոլա տանում, չնայած որ կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը չի ազատվել աշխատանքից, այլ երեխայի ծննդյան կապակցությամբ գտնվում է ֆիզարձակուրդում։ Թեպետ ասում են՝  դժվար թե վերադառնա արձակուրդից։

Սրանցից զատ՝ նույն բարձիթողի, անկազմակերպ, ԺՊ-ներով հարուստ վիճակն է հատկապես բուհական համակարգում։ Այստեղ էլ տարբեր բուհերում ամիսներով ռեկտորներ չեն կարողանում ընտրել, օրինակ՝ ԵՊՀ-ում, Տնտեսագիտական համալսարանում։ Որոշ բուհերում, օրինակ՝ Բժշկական համալսարանում, ԵՊՀ-ում, հոգաբարձուների խորհուրդ չեն կարողանում ձեւավորել՝ խախտելով սահմանված ժամկետները։