Ինչու կրկնակի փորձաքննության ուղարկվեց 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը

Ինչու կրկնակի փորձաքննության ուղարկվեց 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը

Անցած տարվա 7-րդ դասարանի «Հայոց պատմության» աղմկահարույց դասագրքից հետո, այս տարի եւս ոչ պակաս աղմկահարույց զարգացումներ են ծավալվում 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ: Երկու դասագրքերն էլ ներկայացվել են «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի եւ հեղինակվել` Սմբատ Հովհաննիսյանի կողմից: Հենց ամենասկզբից, մենք գրեցինք, որ ԿԳՄՍՆ-ն դասագիրքն ուղարկել է լրացուցիչ փորձաքննության ԳԱԱ Պատմության ինստիտուտ, որտեղից մեզ տեղեկացրել էին, որ այս անգամ եւս փորձագետները հսկայական քանակի դիտողություններ են նշել, փաստելով, որ այդ վիճակով դասագիրքը չի կարող շրջանառության մեջ դրվել:

Վերջապես, ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է կրկնակի փորձաքննությունների արդյունքները եւ օրեր առաջ իր կայքէջում հրապարակել մրցութային հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստի արձանագրությունը, որտեղ մասնավորապես նշված է. 

««Հայոց պատմություն 8» առարկայի դասագրքի ստեղծման հայտ էր ներկայացրել մեկ կազմակերպություն՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը։ Նշված դասագրքի փորձաքննությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2002թ. հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգին» «Հանրակրթության պետական նոր չափորոշչով» պայմանավորված 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8- րդ, 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին ոչ համապատասխան իրականացնելու պատճառով դասագիրքը ուղարկվել էր կրկնակի փորձաքննության: Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը համապատասխանել էր չափորոշչի պահանջներին, սակայն գիտականության վերաբերյալ ներկայացվել էին դիտարկումներ, որոնք լրամշակելու նպատակով ներկայացվել էր հեղինակին: Որից հետո լրամշակված դասագիրքը կրկին ներկայացվել էր փորձաքննության, որի արդյունքում դասագիրքը հաղթահարել է գնահատման համար սահմանված անցողիկ շեմը: Նախարարություն է ներկայացվել դասագրքի լրամշակված տարբերակը»:

Ըստ այդմ, մրցութային հանձնաժողովը որոշել է. «Ընդունել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը հաղթահարած, սահմանված կարգով հեղինակի կողմից լրամշակված դասագիրքը»։ Համապատասխանաբար, հանձնաժողովը ձայների 5/հինգ/ կողմ Օ/զրո/ դեմ հարաբերակցությամբ որոշել է սահմանված կարգով լրամշակված դասագիրքը հանրակրթական ուսումնական հաստատությունում գործածության երաշխավորելու համար ներկայացնել նախարարի հաստատմանը: Իսկ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հետ կնքել 6 մլն. 300 հազար դրամի դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

Հետաքրքիր է, որ հունիսի 28-ին հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստի ընթացքում «Հայոց պատմություն 8» դասագրքի մասով, հանձնաժողովը որոշել էր դասագիրքը ուղարկել կրկնակի փորձաքննության: Ավելին` նշվել էր, որ «Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը չի հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը»։ Եւ ահա, մեկ ամիս անց` հուլիսի 31-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում եւս նշվում է, որ լրամշակված դասագիրքը կրկին ներկայացվել էր փորձաքննության: Ստացվում է` ոչ թե կրկնակի, այլ կրկնակիից ավելի անգամ է դասագիրքը ուղարկվել փորձաքննության, որից հետո այն ԿԳՄՍՆ-ի կողմից համարվել է հաղթող դասագիրք` արժանի տպագրության:  

Մենք փորձեցինք պարզել, թե կրկնակի փորձաքննություններից հետո, որքանով է դասագիրքը լրամշակվել, շտկվել, փորձագետների մտահոգությունները փարատվա՞ծ են, թե՞ ոչ, բայց պարզվում է` փորձագետների կարծիքները պետք է ներկայացվեին հատուկ ձեւաչափով, որը չի արվել ու դրա համար նախարարությունը փորձագետների բացասական կարծիքները հիմք չի ընդունել, պատճառաբանելով դա, ինչպես նշված է վերոնշյալ արձանագրությունում` փորձաքննությունը «հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին ոչ համապատասխան է իրականացվել», դրա համար դասագիրքն ուղարկվել է կրկնակի փորձաքննության: Իսկ իրականում, ակնհայտ է, որ բացասական եւ դասագրքի համար ոչ շահեական կարծիքով պայմանավորված է ուղարկվել կրկնակի փորձաքննության:

Պարզվում է` դասագիրքը փորձաքննած առաջին հանձնաժողովն ունի դժգոհություններ, քանի որ` մի կողմից նրանց կարծիքը հաշվի չի առնվել` գնահատման ոչ ճիշտ սանդղակով պայմանավորված, մյուս կողմից` փորձագետների եզրակացություններն ինչ-ինչ ճանապարհներով հասել են դասագրքի հեղինակին, ով օգտվել է դրանցից եւ փոփոխություններ արել ուսումնական նյութում:

Ինչպես տեղեկացանք, առաջիկայում դասագիրքը փորձաքննող մասնագետները պետք է հանդիպեն ԿԳՄՍ փոխնախարարի հետ: Վերջիններս վրդովված են, քանի որ արտաքուստ իրենց կարծիքը հաշվի չեն առել` մերժել են, բայց իրականում, իրենց դիտողությունները հիմք են ընդունել եւ փոփոխություններ արել դասագրքում` դրանով խախտելով այդ մասնագետների հեղինակային իրավունքը, ովքեր փորձաքննել են դասագիրքը: Այլ կերպ ասած, դասագրքի հեղինակին հիմա էլ կարող են մեղադրանքներ ներկայացնել գրագողության մասով, որ օգտվել է փորձագիտական եզրակացություններից, առանց հեղինակային իրավունքը պահպանելու: