Ով է առաջնորդելու Եվրոպան Մերկելից հետո եւ ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանի համար

Ով է առաջնորդելու Եվրոպան Մերկելից հետո եւ ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանի համար

Ինչպես հայտնի է, այս տարվա սեպտեմբերի 26-ին Գերմանիայում տեղի կունենան համապետական խորհրդարանական՝ Բունդեսթագի ընտրություններ։ Այս ընտրությունները ուշագրավ են նրանով հատկապես, որ 16 տարի Գերմանիան ղեկավարելուց հետո, կանցլեր Անգելա Մերկելն այլեւս չի առաջադրվի եւ կանցնի վաստակած հանգստի։ Գերմանիայում, իհարկե, հիմա ներքաղաքական հիմնական հարցը այն է, թե ով է հաջորդելու Գերմանիային։ Եվրոպան, սակայն, գերմանական դաշնային պառլամենտական ընտրությունների հետ առնչված օրակարգային այլ հարց ունի․ անկախ այն հանգամանքից, թե ով կընտրվի Գերմանիայի նոր կանցլեր, կամ որ ուժը կամ որ ուժի շուրջ համախմբված կոալիցիան կդառնա քաղաքական մեծամասնություն դաշնային Բունդեսթագում, պարզ է, որ առաջնային պլան է գալիս այն հարցը, թե ով է լինելու Եվրոպայի այսպես կոչված «չթագադրված ղեկավարը»՝ Անգելա Մերկելից հետո։

Ընդ որում, խոսքը չի վերաբերում Գերմանիայում առաջիկա սեպտեմբերի վերջին ընտրվելիք նոր կանցլերին։ Խոսքը ներկայումս արդեն գործող եվրոպական լիդերների մասին է, որոնցից մեկն ըստ ամենայնի կդառնա համաեվրոպական մակարդակում Մերկելի «քաղաքական ժառանգորդը»։ Եթե ուշադիր ուսումնասիրենք համաեվրոպական քաղաքական ներկապնակը, ապա, կարող ենք ասել, որ Անգելա Մերկելից հետո Եվրոպայի առաջնորդությունը կստանձնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Չմոռանանք, որ շուտով Ֆրանսիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը, որը պաշտոնական Փարիզը վարելու է վեց ամիս շարունակ՝ սկսած 2022 թվականի հունվարի 1-ից, ինչը կարող է լուրջ ազդակ լինել հօգուտ այն բանի, որ Մակրոնը ստանձնի համաեվրոպական առաջնորդողի դերը։ Իհարկե, ոչ մեկը չի վերցնի Գերմանիայից համաեվրոպական տնտեսական լոկոմոտիվի դերը, սակայն Անգելա Մերկելի նման հեղինակավոր գործչի՝ ասպարեզից դուրս գալուց հետո, թերեւս միայն ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից Ֆրանսիան կարողանա նման պատասխանատվություն ստանձնել։

Սա բավական կարեւոր կարող է լինել Հայաստանի համար։ Ֆրանսիան այն երկիրն է, որի հետ Հայաստանն ունի առանձնահատուկ լավ հարաբերություններ։ Այս հանգամանքը առաջիկայում կարեւոր է առանձնակի կարեւորություն ձեռք բերել, հաշվի առնելով վերոգրյալը։ Մինչդեռ, Հայաստանի գործող կառավարության ծրագրում Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին հատկացված տեղը բավական լրացման կարիք ունի։

Ֆրանսիան, այժմ ձգտում է ակտիվացնել իր արտաքին քաղաքականությունը եւ ընդլայնել ազդեցության տարածքները։ Այս հարցում մեր ռեգիոնում Հայաստանը կարող է արժեքավոր գործընկեր դառնալ։ Իհարկե, հաջորդ տարվա ապրիլի 10-ին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են լինելու, եւ միայն ֆրանսիացի ընտրողը գիտի՝ մանդատ կտա արդյոք գործող նախագահ Էմանուել Մակրոնին եւս մեկ պաշտոնաշրջան երկիրը ներկայումս եղած գծով առաջ տանելու թե ոչ, սակայն ամեն պարագայում, Հայաստանի համար կարող են Եվրոպայում սպասվող այս փոփոխությունները կարեւոր հեռանկարներ բացել, եւ ճիշտ դիվանագիտական աշխատանք տանելու դեպքում, լուրջ օգուտներ բերել սկսած Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությունից, մինչեւ քաղաքական երկխոսությունն ու առեւտրատնտեսական հարաբերությունները։

Կարեն Ենգիբարյան