Մեր արժանապատվության գործը

Մեր արժանապատվության գործը

Եթե ՔՊ-ականներն իրենց ապահով են զգում սահմանի վրա սարքված չափարի տեսքի շնորհիվ, ապա ո՞րն էր Ռուսաստանի ձեւավորած ՀԱՊԿ-ի դեմ պատերազմի իմաստը: ՀԱՊԿ-ն էլ էր, չէ՞, ասում, որ ձեր սահմանները ճշտեք, որպեսզի իմ զինվորները կանգնեն ճշտված սահմանի երկայնքով: Բայց «մեծարգո վարչապետը» դա չընդունեց, ու ՀԱՊԿ-ի հետ թշնամանալով՝ ընկավ Արեւմուտքի ոտքերը: Արեւմուտքն էլ 5 տարվա կտրվածքով 270 միլիոն եվրո եւ 65 միլիոն դոլար հատկացնելու խոստում տալով՝ իր պարտականությունը համարեց կատարված: Սակայն տնտեսական առումով «պարոն մեծարգոյի» ղեկավարած կառավարությունը մեծապես կախված է Ռուսաստանի Դաշնությունից: Որտեղից էլ նրան առաջարկել են կատարել ընտրություն՝ կա՛մ Եվրամիություն ես գնում եւ կա՛մ մնում ես ԵԱՏՄ-ում: Իսկ ինքը հա՛մ էն է ուզում, հա՛մ էլ մյուսը՝ իսկը երկու մոր կրծքից սնվող գառան նման: Բայց ոնց որ թե տվյալ դեպքում ժողովրդական ասացվածքն այնքան էլ չի գործում: Դրան գումարած, որ Եվրամիությունն էլ կարծես իրեն, ու իր միջոցով նաեւ մեզ, այնքան էլ չի ուզում: 

«Մերժված Սերժի» ժամանակ Հայաստանի արտաքին հարաբերությունների առումով գործում էր «եւ…եւ» բանաձեւը: Թե որքան էր այն արդյունավետ՝ պատմությունը կորոշի: Հայաստանի «երեք միլիոն վարչապետներից» առաջինը փորձում է գերազանցել ՀՀ երրորդ նախագահին՝ նրա որդեգրած բանաձեւը կյանքի կոչելու առումով: Բայց այդ առումով նրա խոփը ռուսական քարին է դեմ առել: Իսկ ռուսները հայտնի են երկար դիմանալու, իսկ այնուհետեւ բարկանալու ու իրենց չուզողի գլխին բամփելու հատկանիշով: Դա, օրինակ, ուկրաինացիներն են այսօր իրենց մաշկի վրա զգում: Այն մարդիկ, ովքեր 2022-2023 թվականներին կամավոր պատերազմ էին գնում, իսկ գնալ չկարողացողները եւ կամ չուզողները բանակի համար նվիրատվություն էին կատարում, 2024 թվականին կամավոր գնացող արդեն չկա. դրա վկայությունը բանակ տանելու նպատակով հասարակական վայրերից բռնի ուժով մարդկանց հավաքագրելն է: Փոխանցվող գումարների մասին էլ խոսք չկա. դրանց չափը նվազել է՝ հասնելով զրոյական մակարդակի: Հրաժարվում են գումար փոխանցել թե՛ երկրի ներսից եւ թե՛ արտերկրից. խոսքը պատերազմից դեպի Արեւմուտք փախածների մասին է: Ի դեպ, փախուստը մեծ տեմպերով շարունակվում է նաեւ այս օրերին: 

Վերադառնանք մեր ոչխարներին: Բացարձակ չհաշվարկված քայլերով Ռուսաստանի դեմ գնալն ու Արեւմուտքին միանալու հրավեր չստանալը մեր երկիրը գցում են անորոշությունների գիրկը: Հաշվի առնելով, որ մինչ այդ էլ մի բանի նման չէինք, իսկ հիմա ավելի ենք խեղճանում: Ու ստիպված ենք լինելու անընդհատ կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները: Ընդ որում, դա արդեն տանդեմ էլ չէ, եթե հաշվի  առնենք, այսպես կոչված, Շուշայում (նաեւ՝ ըստ Նիկոլի) ուզբեկների ղեկավարի խոսքը, թե Ղարաբաղը վերադարձնելն արդարության վերականգնում է: Փաստորեն, առնվազն երեք հազար տարվա պատմություն ունեցող հայոց Արցախի զավթումը թյուրքախոս երկրների համար նշանակում է արդարության վերականգնում: Ու դա իր ցանկությամբ եւ կամ ապաշնորհ կառավարման (կամ էլ երկուսը՝ մեկում) պատճառով թույլ տված անձին Հայաստանում ոմանք դիմում են «մեծարգո վարչապետ» պատվանունով, մյուսները պատիվ են բռնում, երրորդները՝ քծնում: Նախկինների դեմ ամենամեծ ատելության դեպքում նույնիսկ նման բան հնարավոր չէր պատկերացնել:

Ի դեպ, Արցախի կորուստը ոչ միայն մեր անպատվությունն էր, այլեւ՝ ռուսներինը: Եվ ոչ միայն այն առումով, որ նրանց խաղաղապահների ներկայությամբ թշնամին հայաթափեց Արցախը, այլեւ մեկ այլ հանգամանքով պայմանավորված: Օրեր առաջ դրա մասին արտահայտվել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ասելով, թե «44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությունը թույլ տվեց ոչ միայն ազատագրել Ադրբեջանի պատմական հողերը հայկական օկուպացիայից, այլեւ մեր երկրի խղճի վրայից ջնջեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը, երբ Անկարան խորհրդային իշխանություններին հանձնեց ադրբեջանցի եղբայրների խմբին, որոնք այդ ժամանակ անմիջապես գնդակահարվեցին»: Իսկ Ռուսաստանի Դաշնությունը, չմոռանանք, Խորհրդային Միության իրավահաջորդն է: Խոսքը 176 ադրբեջանցիների մասին է, ովքեր 1944-ին Նախիջեւանից փախել էին Թուրքիա: ԽՍՀՄ ղեկավարությունը Թուրքիայից պահանջել էր նրանց արտահանձնումը, ինչը եւ կատարվել էր:  

Կարծում եմ, որ պատիվ վերականգնելու հերթը Ռուսաստանինն է, եւ, ինչպես ասվում է, գնդակը նրանց դաշտում է: Մնում է, որ Հայաստանում էլ մինչ այդ չլինեն «մեծարգո վարչապետներ», իսկ դա արդեն մեր արժանապատվության գործն է: