Պետք չէր Միմինո դառնալ՝ պետք էր գնալու դիմաց գին դնել

«Հարկավոր է նշել եւ հարգել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը եւ ինչու ոչ` պարծենալ հաղթանակով»,- ասում է Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Փաշինյանի` Մոսկվա մեկնելուն: «Այս դաժան, ահռելի զոհեր պահանջած պատերազմում հայերը եղել են հաղթողների հետ, մենք հաղթել ենք եւ, ուրեմն, ինչո՞ւ մենք չպիտի նշենք, հպարտանանք, հիշենք մեր հարազատներին, մեր կորուստները, հարգենք նրանց հիշատակը: Համաշխարհային նշանակության միջոցառում է, մենք աշխարհի մի մասն ենք, աշխարհի մի մասի հետ մասնակցում ենք այդ կամպանիային: Ես կարծում եմ, որ դա Հայաստանում պետք էր նշել: Եվ եթե մեզ հրավիրում են ազդեցիկ հաղթողները եւ պարտվողը, օրինակ` Գերմանիան, եթե հրավիրի, մենք այնտեղ էլ պիտի գնանք, բայց արդեն՝ մեծահոգաբար, ընդունենք նրանց պարտության ճանաչումը: Ես կարծում եմ, որ մասնակցել, հիշել անհրաժեշտ էր»,- ասում է Արշակյանը: Ինչ վերաբերում է Փաշինյանի կարգավիճակին, ապա դա պետք է գին ունենար, այսինքն՝ Հայաստանի շահն ի՞նչ էր պահանջում, որտե՞ղ նշել ու ի՞նչ կարգավիճակով նշել՝ հարցնում է Արշակյանը: Այդպիսի գին կլիներ, օրինակ, եթե «Նիկոլ Վովաեւիչը» Մոսկվայից իր հետ բերեր Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիներին ազատ արձակելու մասին փաստաթուղթը:
«Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ բերեց, Հայաստանն ի՞նչ շահեց: Ինչի՞ համար էր գնացել, եթե գերիներին պիտի ազատեր, մեր կարգավիճակը բարձրացներ` մի բան պիտի գին ունենա: Սրանից առաջ նման միջոցառումներին մենք մասնակցել ենք որպես հաղթող, ավանդաբար գնացել ենք, բայց հիմա վիճակը փոխվել է»,- նկատում է Արշակյանը: Ինչ վերաբերում է Մոսկվայում շքերթին մասնակցած Ադրբեջանի զորախմբի առկայությանն ու հայկական զորքի բացակայությանը, Փաշինյանը «կոմպակտ բնակավայրն անեքսիայի ենթարկած», նկատի ունի` Արցախը զավթած զորքի առաջ պատի՞վ է բռնում: «Դա նվաստացում էր, կրկնակի նվաստացում էր: Մեզ հաղթող բանակի առաջ մենք կանգնեցինք: Որպես ի՞նչ մասնակցեցինք, որպես նվաստացո՞ղ, այն դեպքում, երբ մենք հաղթող ենք: Հաղթեցինք գերմանական նացիզմին: Մեր մասնակցությունը նշանակում էր, որ հաստատում ենք իրենց այն միտքը, որ հաղթեցին հայկական սեպարատիզմը` իրենց խոսքերով, հայերին արտաքսեցին իրենց երկրից, հայերի ղեկավարներին գերի վերցրին ու հիմա պատժում են: Հիմա այդ երկրի զորքի առաջ կանգնելով Փաշինյանն ընդունում է, որ նրանք ճի՞շտ են»,- ասում է մեր զրուցակիցը: Իսկ Փաշինյանին որպես Ադրբեջանի ղեկավար ներկայացնելու լեզվի սայթաքումն Արշակյանը մեր հանդեպ վերաբերմունքի ցուցիչ է համարում. «Դա խոսում է մեր հանդեպ իրենց անփույթ, անկարեւոր վերաբերմունքի մասին: Իրենց համար կարեւոր չէ՝ մենք ով ենք, դրանով մեր կարեւորությունն է արձանագրվում: Իհարկե, կարող էր նաեւ հանձնարարություն լինել նվաստացման՝ խորհրդանշաններ են դրանք: Օրինակ, այդ գլխարկն անճաշակության խորհրդանշան է: Ինձ հետաքրքիր էր նրա ներկայանալը, ոչ թե այնտեղ դառնար Միմինո»:
Կարծիքներ