Մարուքյանին աջակցելն այն դեպքն է, երբ փորձը փորձանք չէ, եւ նույնիսկ ավելին

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կարգախոսը «Չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ, կան միայն շահեր» դատողությունն է: Ինչը հատկապես նախկինում ապացուցել էր իր կենսունակությունը՝ այդ երկիրը դարձնելով ողջ աշխարհում խնդիրներ ստեղծող ու նաև լուծող: Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, սակայն երբեմն այդ կարգախոսը գործում է նաև ներպետական փոխհարաբերություններում: Այսօր մեր երկրում առկա է այն մթնոլորտը, երբ այդ կարգախոսը կարող է կյանքի կոչվել: Ասեմ, որ դա առաջին անգամ չէ. առաջին փորձը տեղի ունեցավ 2014-2015 թվականների արանքում՝ երբ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը նախաձեռնեց բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը: Ինչը, դժբախտաբար, ձախողվեց: Այսօր ես այդ կարծիքին եմ, չնայած 10 տարի առաջ, որպես ընդդիմադիր ու որպես լևոնական, դա չընդունեցի: Բայց քանի որ ընդամենը անհատ էի, ով հարցեր չէր լուծում, դա մնաց միայն իմ խղճին: Ինչևէ, զարմանալիորեն այսօրվա իրադրությունը պահանջում է հենց այնպիսի քայլ, ինչպիսին արվեց 11-12 տարի առաջ: Ու նշանակություն չունի, որ այն հաջողությամբ չպսակվեց, այսօրվանը կարող է այլ արդյունք ունենալ: Որպես դրա օրինակ հիշենք 2008 թվականի մարտի 1-ն ու 2018-ի ապրիլ-մայիսը:
Տեսական առաջաբանից անցում կատարենք փաստական հանգամանքներին: Իսկ փաստականն այն է, որ Նիկոլի իմփիչմենթը նախաձեռնող Աղազարյան-Ասլանյան զույգն, ի տարբերություն Ղազարյան-Մալյան զույգի, ավելի ազատ է գտնվել նոր վարչապետի թեկնածուի ընտրության հարցում: Եվ ներկայացրել է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Ով որպես «Լուսավորի» առաջնորդ՝ նաև, իր բնորոշմամբ, «կլասիկ» պատգամավորի տեսակ է: Վերջինս նախորդ օրն անմիջապես անցել է գործի. դիմել է խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին հանդիպման առաջարկով: Ինչպես նաև այցելել է ՀՀ վիզաների ու անձնագրային վարչություն համապատասխան փաստատթղթեր ստանալու մտադրությամբ: Որպեսզի պարզ լինի վերջինիս նկատմամբ իմ վերաբերմունքը՝ ասեմ, որ ժամանակին անլուրջ անձին նույն ձևով վերաբերվելու պատճառով հանիրավի մեղադրվեցի իմ լավագույն ընկերներից մեկի կողմից: Իսկ այսօր ես զարմանում եմ, որ ԱԺ ընդդիմնադիր խմբակցությունների ղեկավարները դեռևս պատասխան չեն տվել նրա առաջարկին: Չմոռանանք, որ գոնե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած կուսակցության առաջնային խնդիրն ընդամենը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է:
Դա նշանակում է, որ հանուն իշխանափոխության ինքը («Պատիվ ունեմ» ասելով պետք է նկատի ունենալ հենց Սարգսյանին) պարտավոր է ընդունել այդ առաջարկը՝ եթե չունի վարչապետի այլ թեկնածու: Իսկ այդպիսի մեկը, ինչպես հայտնի է, առկա չէ: Եվ եթե «Պատիվ ունեմ»-ն ընդունի առաջարկը, ապա, ենթադրաբար, դրան ստիպված կգնա նաև «Հայաստան»-ը: Կարծում եմ, որ արդեն որոշակիորեն պարզ է, թե ինչու էր 2014-2015-ի արանքում ճիշտ ՀՀ առաջին նախագահը և սխալ ես ու ինձ նմանները: Որովհետև եթե հնարավոր չէ հեծելազորային գրոհով վերցնել որևէ ամրոց, իսկ դա դեպքերի 99,99 %-ով հնարավոր չէ, ապա հարձակվողը ստիպված է անցնել ամրոցը պաշարելուն: Ինչը ենթադրում է հարձակման տեմպի դանդաղեցում, բայց ստեղծում է ամրոցը գրավելու իրական հնարավորություն: Այսինքն դանդաղ ու աստիճանական քայլերով հասնում ես մի նպատակի, ինչին հնարավոր չէ հասնել անմիջապես: Եվ եթե ասվածը պրոյեկտենք մեր իրականության վրա, ապա Էդմոն Մարուքյանով հնարավոր է լուծել, նախ, իմփիչմենթի առաջնային հարցը՝ հավաքել 36 պատգամավորի ստորագրություն: Կասեի նույնիսկ 37 ստորագրություն՝ հաշվի առնելով «Հայաստան»-ից հեռացված Գեղամ Նազարյանի չեզոք վերաբերմունքը Մարուքյանի նկատմամբ: Հիշենք, որ անձնական ինչ-ինչ խնդիրների պատճառով վերջինս հրաժարվել է աջակցություն հայտնել Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը:
Դա՝ մեկ, և երկրորդ՝ Էդմոն Մարուքյանն այն անձն է, ով կարող է իր կողմը գրավել ՔՊ-ական այն պատգամավորներին, ում մեջ ամբողջությամբ չի մարել ադեկվատության զգացումը (եթե, իհարկե, այն զգացում համարենք): Որովհետև աշխատավարձից բացի այլ անձնական շահեր, ինչպես նաև օրենսդրության հետ կամ այլ խնդիրներ ունեցող կամ որ նույնն է՝ իրենց վարքով Նիկոլին «կոմպրոմատ» ընձեռած պատգամավորից բացի մնացած բոլորը տեսականորեն կարող են միանալ իրենց նախկին խմբակից ընկերների (Աղազարյան-Ասլանյան զույգի) նախաձեռնած գործողությանը: Ու այդ անձանց շրջանակից Փաշինյան Նիկոլից ազատվելուն ուղղված գործին հնարավոր է, որ միանալու խիզախություն դրսևորի գոնե 18 անձ: Իսկ ողջ այդ գործընթացը շատ ավելի ոչ իրատեսական է դառնում Ղազարյան-Մալյան զույգի նախաձեռնության դեպքում՝ որքան էլ ես անձամբ հարգեմ թե՛ մեկին և թե՛ մյուսին: Եվ, ի վերջո, կարևորն արդյունքն է, և ոչ թե Ղազարյան-Մալյան զույգի նկատմամբ իմ դրական և երկրորդի նկատմամբ՝ բացասական վերաբերմունքը:
Ի դեպ, որպեսզի լուրջ ընկալվի իմ այս առաջարկը հայտնեմ, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին այն եզակի ընդդիմադիրներից էի, ով առաջարկում էր կողմ քվեարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում շատ ավելի հեշտ կլինի ազատվել գործող, այսինքն՝ արդեն նախկինների, իշխանությունից: Ինչը և տեղի ունեցավ 2018-ի գարնանը: Ուրիշ հարց, որ ազգովի մենք չգտանք ուրիշ մեկին, ով մեզ չէր հասցնի այսօրվա վիճակին: Եվ երկրորդ, երբ իմ ողջ շրջապատը բացարձակ ցանկություն չուներ փոփոխությունների դրույթները քննարկելու, ես միակն էի, ով բարձրաձայնեց քվեարկությունից հետո դաշինք կազմելու հնարավորությունը փոփոխությունների նախագծում ներառելու անհրաժեշտության մասին: Եվ ում ջանքերի շնորհիվ դա պսակվեց հաջողությամբ: Ու դրա արդյունքում այսօր Գյումրիում ունենք քաղաքային՝ կոալիցիոն ոչ նիկոլական իշխանություն: Ինչևէ, դա այն դեպքն է, երբ փորձը փորձանք չէ: Իսկ Մարուքյանը հերթական Նիկոլ դառնալու շանսեր չունի, քանի որ, նախ, չունի նիկոլական խարիզման, ինչն առկա էր 2018-ի գարնանը: Եվ երկրորդ, իրավապահ համակարգն էր՝ արդեն փորձառություն ձեռք բերած, նրան դժվար թե պաշտպանի այնպես, ինչպես դա անում է հիմա:
Կարծիքներ