Փողերը քամուն տվեցին, հիմա էլ պատրաստվում են վերադառնալ հնին

Փողերը քամուն տվեցին, հիմա էլ պատրաստվում են վերադառնալ հնին

Մի կողմից, իհարկե, լավ է, որ հանրային պահանջը դեր է խաղում եւ իշխանությունները սրբագրում են իրենց քայլերը։ Բայց սա նաեւ տարբեր վատ ազդակներ է պարունակում իր մեջ։

Օրինակ, այն, որ մեզանում անգամ ամենակարեւոր հարցերում իշխանությունը չունի սկզբունքներ, չունի ծրագիր, չունի հայեցակարգ։ Բավական է ֆեյսբուքում ինչ որ մարդիկ ուղղորդված քարոզ տանեն եւ վերջ՝ նահանջն ու սեփական նախանշած ուղենիշներից հրաժարվելը պատրաստ է։ Եւ դա շատ շատերն են արդեն հասկացել։ Ու դա է պատճառը, որ ինչ որ ուժեր ու մարդկանց խմբեր, հարստացնելով Ցուկերբերգին, ֆեյքերի բանակներ եւ վճարովի ստատուսագիր-քոմենթչիներ են պահում՝ արհեստական աղմուկ առաջացնելու համար, որը երբեմն ոչ մի կապ չի ունենում իրական կյանքի ու հանրային տրամադրությունների հետ։ Այդ աղմուկը տառացիորեն կառավարում է գործող իշխանություններին, որն իր իսկ ստեղծած մոնստրի՝ ֆեյսբուքյան իրականության ձեռը կրակն է ընկել։

Անգաղափար, անծրագիր, ցաքուցրիվ՝ հենց մեր իշխանությունների մասին է ասված։ Թվում է՝ հանրակրթությունն ամենակարեւոր ոլորտն է, նեղ մասնագիտական ոլորտ է եւ հանրակրթության չափորոշիչներ փոխելը պետք է հազար անգամ մտածված քայլ լիներ, բարձորակ մասնագետների կողմից իրականացվող, որոնք պետք է վստահ լինեին, որ անգամ եթե կտրուկ ու ցավոտ փոփոխություններ են արվում, դրանք մանրակրկիտ մտածված են, պատճառաբանված եւ կրթական բարձր նպատակներին ծառայող։ Մանավանդ, այդ չափորոշիչների մշակման վրա մեր պետությունն ահռելի վարկեր է վերցրել միջազգային կառույցներից եւ շատ բարձր տարիֆներով վարձատրել մասնագետներին։ Սակայն չափորոշիչների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ դրանք գրվել են նեղ մասնագետների խմբի կողմից՝ կրթության նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի գխավորությամբ, որն անհասկանալի պայմաններում՝ գործի կեսին ազատվեց պաշտոնից, իսկ աշխատանքի ավարտական փուլը ղեկավարել է մյուս փոխնախարարը՝ Ժաննա Անդրեասյանը։ Սրանք հիմնականում ուղղորդվել են սորոսական չափանիշներով։ Արդյունքում ինչ որ նեղ խումբ որոշել է մի մինի-հեղափոխություն էլ դպրոցում անել, մասնավորապես՝ հայ գրականության եւ պատմության դասավանդման սկզբունքները հիմնովին փոխել։ 
Բայց չափորոշիչների նախնական հրապարակումից ընդամենը 10 օր էլ չանցավ, իշխանությունը շուտափույթ հետքայլ արեց։ Մեկ տարուց ավելի մշակած չափորոշիչները, պարզվեց, բանի պիտանի չեն՝ պետք է նորը գրել։ Ըստ ամենայնի՝ այժմ կվերադառնան նախկին չափորոշիչներին եւ պետական ահռելի միջոցները քամուն կտան՝ ոչ մի նոր բան չստեղծելով։ Հիմա ԿԳՄՍ-ն պարզաբանում է․

«Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։ 

Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: 
Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։

Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները:
Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում արված լրամշակումներից հետո»։

Ահա այսպիսի անսկզբունք ու անծրագիր մասնագետներ եւ կառավարություն ունենք, որոնք պատրաստ են առաջին իսկ դժվարությունից ու աղմուկից հետո հետ կանգնել իրենց սկզբունքներից։