Փորձ է արվում Հայաստանից նոր տարածքներ պոկել․ սահմանագիծը պիտի շուտ ֆիքսվի ու հստակ

Փորձ է արվում Հայաստանից նոր տարածքներ պոկել․ սահմանագիծը պիտի շուտ ֆիքսվի ու հստակ

Այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։  ՀՀ 2022թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են։ Օրակարգում է արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներին վերաբերող հարցերը: Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԳ նախարար Աարարտ Միրզոյանը:

«Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա։ Հանձնառություն կա այդ աշխատանքներն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրին ընդառաջ։ Սրա շուրջ է, որ անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թե որ քարտեզով, նորից եմ ասում, պայմանավորվածություն չկա։ Որքանով ինձ է հայտնի, Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել ՍՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի՝ 1975 թվականի քարտեզի վերաբերյալ։ Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա՝ շարունակել աշխատանքները ողջ միջազգային հանրության և Հայաստանի կողմից»,- այս մասին քիչ առաջ իր ելույթում ասաց Արարատ Միրզոյանը։

«1975 թվականի քարտեզներով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն ու այդ հիմքով սահմանազատման աշխատանքներն իրականացնելը Հայաստանի համար ընդունելի է։ Իրականում սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր կամ քարտեզներ, որ ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ որ իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելին են։ Եթե դա 1975թվականի քարտեզն է, ուրեմն 1975 թվականի քարտեզն է։ Հակառակ պարագայում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումն իրենց ձեռնտու քարտեզների մասին, այդ թվում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայիս Ադրբեջանն իրեն համարում է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որ բոլորովին այլ պատկերացումներ ուներ իր սահմանների մասին»,- նշեց ԱԳ նախարարը։

«Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում Հայաստանի Հանրապետությունից նորանոր տարածքներ պոկել, մի դեպքում՝ փոքր, մի դեպքում՝ մեծ: Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»,- հավելեց նա։