Անհեթեթությունների երկիր

Անհեթեթությունների երկիր

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի եւ հետպատերազմական իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումները։ Անշուշտ, պիտի ողջունել, որ ԱԳՆ-ն ինքնուրույն քայլ է ձեռնարկել եւ համարձակվել է ՀՀ վարչապետից խլել վերջինիս մենաշնորհ համարվող «թեման», չնայած, դատելով բովանդակությունից, նամակում ոչ մի նոր բան չի ասվել։ Միակ «նորն» այն է, որ նամակը փաստում է, թե ՀՀ արտաքին քաղաքականության երկու գլխավոր կոնստրուկտորները՝ վարչապետը եւ ԱԳ նախարարը,  իրենց առաքելության մեջ ոչ միայն չեն ներդաշնակվում, այլեւ հակասում են միմյանց։ Ամսաթվից՝ հունվարի 12, պիտի ենթադրվեր, որ նախարարի նամակը ՄԱԿ գլխավոր քարտուղարին հղվել է Մոսկվայում տեղի ունեցած Ալիեւ-Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքների «լույսի ներքո», բայց արի ու տես՝ ամենեւին այդպես չէ, ինչն էլ հիմք է տալիս մտածելու, որ մեր երկու գործիչները խաղում են խորապես աններդաշնակ, ավելին՝ միմյանց հակասելով։ Է՛լ ավելին․ ԱԳ նախարարն իր նամակի տոնայնությամբ եւ Ադրբեջանը որպես ագրեսոր, բարբարոս պետություն ներկայացնելու դիրքորոշմամբ սրում է այն հակասությունը, որն առկա է հարեւան պետության հետ բարիդրացիական ինչ-ինչ ծրագրեր կազմելու եւ դրանց իրականացմանը լծվելու հայկական կողմի հրճվալից պատրաստակամության միջեւ։

ԱԳ նախարարն անխնա քննադատում է հարեւան պետությանը, իսկ վարչապետը՝ իր թիմով, երախտապարտ է նրան «տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման համար» եւ տեղի ունեցածը «դիվանագիտական կարեւոր հաղթանակ» է համարում։ Նախարարը նամակում նշել է նաեւ, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ տեւած զինադադարի խախտմամբ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների,  ավերածությունների, հայկական հուշարձանների պղծման ու վանդալիզմի: 

Եղբայր, եթե այդպես է, ապա ձեր վարչապետն ինչպե՞ս է ստորագրել մի նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ առանց ռազմագերիների, պատանդների եւ զոհվածների դիակների փոխանակում ենթադրող՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջների կատարման ուղղակի պնդման։ Չէ՞ որ այս հարցը կարող է ծագել նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլխում․ դուք ի՞նչ պատասխան ունեք սրան։ Վերջին հաշվով՝  ի՞նչ եք ակնկալում ՄԱԿ գլխավոր քարտուղարից։ Հո նա չի գալու՝ արժանապատիվ բանակցություններ վարելու դասընթացներ անցկացնի ձեր կառավարության համար։ Նաեւ՝ հոգեբանական խորհրդատվություններ։ Նաեւ՝ քաղաքագիտության տարրական հիմունքների դասընթացներ, ըստ որոնց՝ երկրի արտաքին քաղաքականության 2 գլխավոր դերակատարների տեսակետներն ու տեսլականները գոնե կարեւոր հարցերում պետք է լինեն հնարավորինս ներդաշնակ, ոչ թե միմյանց հակասող։ Ինչպես որ է անհեթեթությունների մեր երկրում։