Այդ մեկ մարդը դո՛ւ ես, Նիկոլ

Այդ մեկ մարդը դո՛ւ ես, Նիկոլ

Հայաստանը խոր ճգնաժամի մեջ է բոլոր առումներով, մազից է կախված անդունդի վրա` ամեն վայրկյան գահավիժելու սպառնալիքով: Այդ սոսկալի իրականության մանրամասն կերտողը Նիկոլ Փաշինյանն է, իսկ ելքն ու պրկված, պայթյունավտանգ լարվածության թուլացումը նրա անհապաղ հեռանալն է ՀՀ վարչապետի պաշտոնից: Այդ են ամիսներ շարունակ պահանջել եւ պահանջում բոլորիս հայտնի անհատներ ու կառույցներ: Բոլորն են գիտակցում դրա անհրաժեշտությունը, անգամ Նիկոլի մերձավորներն ու թիմակիցները, գուցե լուռումունջ, երբեմն էլ իրենք իրենց չխոստովանելով, բայց գիտակցում են: Միայն Նիկոլը չի գիտակցում, որ պետք է հեռանա: Սա է այդ մարդու եւ մեր երկրի ողբերգությունը, որ չի գիտակցում ակնհայտ գիտակցելին: 

Այդ չգիտակցելը կամ գիտակցել չցանկանալը օր-օրի, ժամ-ժամի մեր երկիրը տանում է ցնցման ու բախման` բոլոր կործանարար հետեւանքներով, անկանխատեսելի ընթացքով ու փակուղով: Որեւէ մեկս չգիտի՝ այսօր եւ վաղը ինչ աղետալի անակնկալներ են սպասվում մեր ողջ երկրին ու ժողովրդին: Մի քիչ խոհեմություն ունեցող, մի փոքր իր երկիրը սիրող անհատը ոչ միայն թույլ չէր տա նման իրավիճակի սրումը, այլեւ վաղուց կանխած կլիներ, եթե անգամ արդար լիներ իր մնալը եւ անարդարացի հեռանալը: Ամեն գնով, իր անձն ու անձնականը զոհաբերելով՝ կփրկեր երկիրը կործանումից եւ թույլ չէր տա, որ երկրի միակ փրկությունն իր հեռանալու պահանջը դառնար: Բայց մենք տեսնում ենք, որ այս մարդը երկիրն ու ամեն ինչ է մոլեռանդորեն զոհաբերում հանուն իր անձի եւ անձնականի փրկության:   

Ընդդիմության հանրահավաքին զուգահեռ, հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում, ընդդիմության երթին զուգահեռ, երթ է անցկացնում մայրաքաղաքի փողոցներում` հակակշիռ ստեղծելով եւ փորձելով ընդգծել իշխանության առավելությունն ընդդիմության նկատմամբ: Մարտի 1-ի հանրահավաքը նոր բացահայտումների ու ոգեկոչման արարողություն չէր, ուժի ցուցադրում էր ընդդիմությանը, եւ դա արվում է սուգ օրով` հաշվի չնստելով որեւէ սրբության հետ: Այդպես է պատասխանում եւ փորձում ճնշել իր հրաժարականը պահանջողներին:

Հրաժարականը պահանջող ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու պահանջը նորից է ուղարկում հանրապետության նախագահին, որ վերադարձրել էլ հակասահմանադրական լինելու պատճառաբանությամբ: Բայց Օնիկ Գասպարյանի հետ մեկտեղ գրեթե ողջ գլխավոր շտաբն է պահանջել վարչապետի հրաժարականը: Այս մարդը որեւէ միջոցի առաջ կանգ չի առնում, եւ չկա որեւէ միջոց, որ զսպի, կանգնեցնի այս մարդուն: Սա կործանարար է ուղիղ իմաստով:

Կա մեկ մարդ, որ կարող է այս մթան ու մաղձի առաջ վերջակետ դնել, հնարավորություն տալ, որ այս վերջը դառնա ինչ-որ սկիզբ, եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես, Նիկոլ, քո գնալով: Եկար, լավ ու վատ հեղափոխություն արեցիր, բոլոր արժեքներն ու ազգապահպան հենասյուներն ավերեցիր կամ, ըստ քեզ, բարեփոխեցիր, պատերազմ պարտվեցիր կամ չպարտվեցիր, Արցախ կորցրինք կամ դեռ չենք կորցրել, արեցիր, ինչ կարող էիր, ինչ ձեռքիցդ եկավ: Վարչապետ էիր երազում` դարձար, էլ ի՞նչ ես ուզում, գնա, էլի, գը-նա: Ձկան փշի նման խրվել ես կոկորդներիս, մղձավանջի պես լցվել ես աչք ու ականջ, ցեխի պես քսվել ես հացին` ուտել չի լինում, տիղմի պես խառնվել ես ջրին` խմել չի լինում, անգամ անկողին մտնել չի լինում քո սեւ երազի սարսափից: Գնա՛, տղա, գնա՛, մի քիչ հանգստանանք, մի քիչ խաղաղվենք, քիթ ու բերան ես փակել, շնչել չի լինում, օդ չկա: Ի՞նչ ես ուզում, ո՞ր մեկիս արյունը, ա՛ռ, միայն թե գնա: 

Հուսիկ Արա