Փաշինյանի՝ Արագածոտնի մարզում հնչեցրած մտքերից հետո ես ավելի շատ հակված եմ, որ պետք է մասնակցել ընտրություններին

Փաշինյանի՝ Արագածոտնի մարզում հնչեցրած մտքերից հետո ես ավելի շատ հակված եմ, որ պետք է մասնակցել ընտրություններին

Մանդատը վերցնելուց ի վեր «Իմ քայլից» անկախացած պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը սխալ է համարում հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած օրակարգով արտահերթ ընտրությունների գնալը, քանի որ կարծում է՝ դա հղի է մի շարք վտանգներով։

«Չեմ բացառում, որ կլինեն բախումներ, և վստահ եմ, որ վարչական ռեսուրսը մեծ ծավալով օգտագործվելու է, հետևաբար դա նաև հետընտրական ցնցումների է բերելու։ Այսինքն, եթե մենք մտածում ենք, որ քաղաքական ճգնաժամն ենք փորձում հաղթահարել ընտրություններով, ըստ էության ստացվում է, որ քաղաքական ճգնաշամը հաղթահարված չէ։ Եվ, առհասարակ, ամենաճիշտ տարբերակն այն կլիներ, որ բոլոր ուժերը այն կամքն ունենային, որպեսզի ժամանակավոր կառավարություն ձևավորեին, որը կկայունացներ երկրում իրավիճակը, նոր տաներ ընտրությունների»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Աննա Գրիգորյանը։

-Բոլոր ուժեր ասելով նկատի ունեք «Հայրենիքի փրկության շարժումն» ու «Լուսավոր Հայաստանի՞ն», որը չէր միացել այդ շարժմանը։

-Պարտադիր չէր, որ միանար, «Լուսավոր Հայաստանն» իր օրակարգն է առաջարկել, որն ըստ էության նույնն էր, այսինքն՝ միջանկյալ կառավարություն։ Բայց պետք է կառավարող ուժը նախևառաջ ինքն ունենար այդ քաղաքական կամքը՝ ձևավորելու միջանկյալ, տեխնոկրատ կառավարություն, ու նոր մեկ տարի հետո գնային արտահերթ ընտրությունների։

-Բայց մենք տեսնում ենք, որ այդպես չեղավ․ Փաշինյանը կարողացավ պարտադրել իր օրակարգը։

-Այո, Փաշինյանը կարողացավ պարտադրել իր օրակարգը, ինքը պատերազմից հետո վեցամսյա ճանապարհային քարտեզ էր հրապարակել, և մենք վեց ամիս հետո, ըստ էության, հունիսին գնում ենք ընտրության։

-Իսկ Դուք՝ որպես անկախ պատգամավոր, որևէ ուժի հետ կմասնակցե՞ք ընտրական պորցեսներին։

-Անկեղծ ասած՝ մինչև վերջերս մտածում էի, որ ճիշտ կլինի ընտրություններին չմասնակցելը, բայց Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած էս վերջին այցից և այնտեղ հնչեցրած մտքերից հետո ես ավելի շատ հակված եմ, որ պետք է մասնակցել ընտրություններին։

-Հատկապես ո՞ր մտքերն են Ձեզ դրդել այդ որոշմանը։ 

-Էնտեղ տարատեսակ մտքեր էին հնչում առ այն, որ եթե մենք նրանք թշնամի ենք համարում, նրանք են մեզ թշնամի, այսինքն՝ կեղծ և քողարկված խաղաղասիրություն կար, որում կեղծ մեսիջներ կան, և էնտեղ նաև բազմաթիվ ստեր և մանիպուլյացիաներ կային, և ապագայում մենք քաղաքականությունը պետք է ձևավորենք այնպես, որ կեղծիքին և մանիպույացիային տեղ չթողնենք։

-Իսկ ո՞ր ուժի հետ եք մտադիր մասնակցել ընտրություններին, կարո՞ղ է դա լինել սյունեցի համայքնապետերի և Վահե Հակոբյանի ձևավորած «Վերածնվող Հայաստանը»։

-Ես դեռ որոշում չեմ կայացրել, բայց նորից եմ ասում՝ հակված եմ ավելի շատ նրան, որ, ամեն դեպքում, պետք է մասնակցել ընտրություններին։

-Իսկ առաջարկներ ունե՞ք։

-Առաջարկներ ունեմ տարբեր թևերից, բայց այս պահին նախ պետք է ինքս ինձ համար որոշեմ՝ մասնակցելու եմ թե չէ, նոր արդեն կընտրեմ, թե որ կուսակցությունը կլինի։